Աճը՝ միայն թղթերով. Ի՞նչ է թաքնված հայկական տնտեսության բարձր ցուցանիշների հետևում
Վերջերս տնտեսության մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը, գիտակցաբար թե ոչ, բայց դիպուկ բնորոշում տվեց տնտեսական իրավիճակին. Հայտարարեց, թե տնտեսական ցուցանիշները «բավական լավն» են։ Իսկապես էլ՝ տնտեսական ցուցանիշները «բավական լավն» են, բայց միայն ցուցանիշները։ Այնինչ՝ տնտեսության մեջ զարգացումներ չկան։ Նիկոլ Փաշինյանի ասած՝ տնտեսության «բավական լավ» ցուցանիշներն էլ հիմնված են հիմնականում 2 ոլորտի՝ շինարարության ու ծառայությունների վրա։ Շինարարությունը շարունակում է բարձր տեմպերով աճել, բարձր տեմպերով աճում են նաև ծառայությունները։ Մեկը կապված է բնակարանային շինարարության, մյուսը՝ էլի բնակարանային շինարարության ու ծառայությունների 1-2 այլ ճյուղերի հետ։
Բնակարանային շինարարությունն աճում է այն բանի հաշվին, որ պետական բյուջեից տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների հասնող սուբսիդավորում են տրամադրում, որպեսզի որոշ կառույցներ, նաև քաղաքացիներ պետության հաշվին հարստանան, բիզնես նպատակներով բնակարաններ ձեռք բերեն ու բարձր գներով վարձով տան։ Դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, երբ պետությունը սուբսիդավորում է այն քաղաքացիներին, ովքեր իրենց անձնական բնակարանով ապահովելու խնդիր են լուծում։ Իսկ ինչո՞ւ պիտի պետությունը սուբսիդավորի այն քաղաքացիներին, ովքեր բնակարաններ են ձեռք բերում բիզնես նպատակներով։
Քիչ է՝ պետական բյուջեի ու մյուս քաղաքացիների հաշվին սուբսիդավորում են այդ մարդկանց, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, թե Հայաստանում բնակարան ձեռք բերելն ու վարձով տալը թրենդային է դարձել։
Շինարարության աճերը հիմնականում սրա շնորհիվ են։ Ծառայությունների դեպքում իրավիճակը գուցե մի փոքր այլ է, բայց ծառայության ոլորտի աճերն էլ տնտեսության իրական զարգացումների հետ քիչ կապ ունեն։ Ավելին՝ ծառայությունների ոլորտի աճերն էլ ինչ-որ տեղ կապված են նույն բնակարանային շինարարության հետ՝ ծառայությունների մատուցման միջոցով։
Փոխարենը՝ իրական տնտեսության մեջ իրավիճակը շատ ավելի վատ է, քան երևում է անգամ ցուցանիշների մակարդակում։
Տարեսկզբին տպավորություն էր, թե անցած տարվա անկումից հետո, արագացված տեմպերով տեղի է ունենում արդյունաբերության վերականգնում։ Առանձին ամիսներին արդյունաբերության տարեկան աճը հասնում էր 20-25 տոկոսի։ Բայց գնալով աճի տեմպերն էապես նվազեցին ու արդեն վերջին ամիսներին տատանվում են ընդամենը 3-4 տոկոսի սահմաններում։ Եթե հունիսին, նախորդ տարվա համեմատ, արդյունաբերության աճը 4 տոկոս էր, հուլիսին աճի տեմպը շարունակեց նվազել և կազմեց հազիվ 3.1 տոկոս։ Այս տեմպերով շուտով արդյունաբերությունը կմտնի անկման փուլ։
Դեռ չենք խոսում աճի կառուցվածքի մասին, որը քիչ է նույնիսկ մտահոգիչ լինելուց։
Ինչպես տարեսկզբին, այնպես էլ վերջին ամիսներին արդյունաբերության աճն առավելապես հանքարդյունաբերությունն է ապահովել։ Այնինչ՝ մշակող արդյունաբերության վիճակը տխուր է։ Չի բացառվում, որ հուլիսի ցուցանիշների բացվածքը հրապարակելուց հետո հանկարծ պարզվի, որ մշակող արդյունաբերությունն այլևս անկումային է։
Տնտեսության իրական զարգացումները երևում են առաջին հերթին մշակող արդյունաբերության մեջ, բայց մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում սարսափելի ցածր մակարդակի է հասել. Հազիվ 8 տոկոսի սահմաններում է։ Սա վերջին առնվազն տասնամյակի վատագույն ցուցանիշներից մեկն է, եթե ոչ՝ վատագույնը։ 7-8 տարի առաջ մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ 11-12 տոկոսի սահմաններում էր։
Հիմնականում տարեսկզբի ու առաջին հերթին՝ հանքարդյունաբերության բարձր աճերի արդյունքում, արդյունաբերության 7 ամիսների կուտակային աճը, թվում է՝ վատ չէ, 9.5 տոկոսի է հասել: Բայց չմոռանանք, որ անցած տարվա անկումը գրեթե 10 տոկոս էր։ Այդ անկումից հետո է, որ արդյունաբերությունն աճել է։ Տարօրինակ չէ, որ անգամ այդ աճի պայմաններում կորցրել է կշիռը տնտեսության մեջ։
Նույնը տեղի է ունեցել նաև իրական տնտեսության մյուս հատվածում՝ գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսությունն, առաջին կիսամյակի արդյունքներով, ինչպես հայտնի է, երկնիշ անկման մեջ էր։ Ու դրա, ինչպես նաև վերջին տարիների անկումների հետևանքով, գյուղատնտեսության կշիռն էլ տնտեսության մեջ իջել է պատմական մինիմումի։
Կիսամյակի արդյունքներով, գյուղատնտեսությունը գրեթե 12 տոկոսով նվազել է։ Առաջիկայում նվազման տեմպերը կարող են շատ ավելի մեծ լինել։
Այն խնդիրներից, որոնց առաջ կանգնեցրել են գյուղատնտեսությունն ու ընդհանրապես գյուղմթերք արտադրողներին, այլ բան դժվար է ակնկալել։ Գյուղատնտեսական բազմաթիվ ապրանքներ զրկվել են իրացման հիմնական շուկայից, իսկ այլընտրանքային հնարավորություններ գրեթե չեն ստեղծվել։ Դրա հետևանքով վերջին ամիսներին բուսական ու կենդանական ծագման ապրանքների արտահանումն անգամներով կրճատվել է։ Այդքանից հետո էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ հուշագիր է ստորագրել ԱՄԷ շաբաթական մինչև 40 տոննա պտուղ-բանջարեղեն արտահանելու վերաբերյալ։
Փրկվեց գյուղատնտեսությունը։ Պատկերացնո՞ւմ եք, շաբաթական մինչև 40 տոննա։ Եթե բաժանեք օրերի, կստացվի օրական 5.7 տոննա, այն էլ՝ լավագույն դեպքում։
Թե դա ի՞նչ է նշանակում գյուղատնտեսության համար, իմաստ էլ չունի ասել։ Սա նույնիսկ կաթիլ չէ մեկ բաժակ ջրում, բայց էկոնոմիկայի նախարարն անգամ այդ առիթը բաց չի թողնում՝ իշխանությունների արտահանման «արձանագրած աննախադեպ ձեռքբերումներն» ի ցույց դնելու համար։
Ու մինչ այսպիսի անհեթեթ միջոցներով փորձում են տպավորություն ստեղծել, թե ռուսական շուկայի փակումից հետո հայկական ապրանքներն արագորեն այլ շուկաներ են մտնում, արտահանումը Հայաստանից շարունակում է կրճատվել։ Անկումը 7 ամսում հասնում է գրեթե 8 տոկոսի։ Դա էլ՝ անցած տարվա ավելի քան 48 տոկոս անկումից հետո։
Արդեն երկրորդ ամիսն է, անկման մեջ է նաև ներքին առևտուրը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

