CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափին վերադառնալու ԱՄՆ-ի առաջարկին, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ըստ նրա, Կիևը պատրաստ է անել ամեն հնարավորը, որպեսզի նման հանդիպումները կայանան, սակայն այժմ պետք է պարզել՝ արդյոք Մոսկվան կհամաձայնի դրանց։
«Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի եռակողմ հանդիպումները կայանան, կամ անցկացվեն ընդլայնված ձևաչափով՝ մեր եվրոպացի գործընկերների մասնակցությամբ։ Կտեսնենք, թե ինչին կհամաձայնի Ռուսաստանը», — հայտարարել է Զելենսկին Կիևում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո։
Եռակողմ ձևաչափին վերադառնալու գաղափարն առաջարկել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Քուշների կարծիքով, նման ձևաչափը կլինի ամենաարդյունավետը, քանի որ այն թույլ կտա երեք երկրների ներկայացուցիչներին անմիջականորեն քննարկել վիճելի հարցերը՝ չստիպելով ԱՄՆ-ին միջնորդի դեր կատարել Մոսկվայի և Կիևի միջև։
«Այն բաներից մեկը, որը ես և Սթիվ Ուիթքոֆը իսկապես արդյունավետ համարեցինք, մոտ վեց ամիս առաջ կիրառած եռակողմ ձևաչափին վերադառնալն է», — ասել է Քուշները։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն քննարկել է այս գաղափարը երկու կողմերի հետ և հույս ունի մոտ ապագայում հասնել առաջընթացի։
Իր հերթին Ուիթքոֆը ուկրաինական կողմի հետ բանակցությունները բնութագրել է որպես «լավ, բովանդակալից զրույց» և հայտարարել, որ վստահ է դրական արդյունքի հնարավորության մեջ։ Ըստ նրա, Կիև այցից կարճ ժամանակ առաջ ամերիկյան պատվիրակությունը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցել է «լավ, առարկայական զրույց»։
Ուիթքոֆի և Քուշների ժամանումը Կիև դարձավ նրանց առաջին այցը հակամարտության սկզբից ի վեր։ Ամերիկացի ներկայացուցիչները Ուկրաինայի մայրաքաղաք էին ժամանել Կրեմլում Պուտինի հետ երեքժամյա հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել շաբաթ օրը։ Ռուսաստանյան կողմը բանակցություններն օգտակար է անվանել և հայտնել, որ ամերիկացիները ներկայացրել են կարգավորման մի շարք հնարավոր ուղիներ։
Կիևում բանակցություններն անցել են երեք փուլով․ սկզբում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները անցկացրել են հանդիպումների երկու փուլ, որից հետո քննարկմանը միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։
Կողմերը քննարկել են Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքները, տնտեսական հարցերը, երկրի վերականգնումը, ինչպես նաև ուկրաինական հակաօդային պաշտպանության և էներգետիկ ենթակառուցվածքի աջակցությունը։ Զելենսկին առանձին նշել է հակաօդային պաշտպանության միջոցների շարունակվող պակասի մասին՝ այն անվանելով Ուկրաինայի ամենախոցելի կողմերից մեկը։

