Բաքվում գեներալ Մանուկյանն ասում է այն, ինչ Երևանում Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում

Մարտի 13-ին հրապարակված թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է. ««Արևմտյան Հայաստանը» Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր»:

Նույն օրը Բաքվում շինծու մեղադրանքներով հերթական «դատական նիստին» Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն Ադրբեջանին հասկացրել է, թե որն է իրական «Արևմտյան Հայաստանը»:

Մասնավորապես, տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական պետական մեղադրողի հարցին ի պատասխան՝ գեներալ Մանուկյանը նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանը եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը, այնուհետև իրեն ուղղված լրացուցիչ հարցին պատասխանել՝ տեղեկություն չունի, որ Ժիրայր Սէֆիլյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

«Նա «Արևմտյան Հայաստանից» է, բայց հանդիսացել է ՀՀ քաղաքացի»,- շեշտել է Դավիթ Մանուկյանը:

Կարդացեք նաև

Կարո՞ղ ենք ենթադրել, որ գեներալը, ըստ էության, ակնարկել է, թե Լիբանանում հայկական համայնքն ինչի հետևանքով է ստեղծվել:

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, Դավիթ Մանուկյանը նաև ասել է, որ Առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ին, կամավորական ջոկատների գործունեությունը կարգավորվել է «մարդկային օրենքներով»:

Ավելի ուշ հարցեր են ուղղվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին:

Նա նշել է, որ իր կառավարման օրոք մարդկանց աջակցություն է տրամադրվել Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում բնակվելու համար, և, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, շարունակել, որ Արցախը Հայաստանի Հանրապետության բյուջեից անտոկոս վարկ է ստացել:

Սա, ըստ էության, գաղտնիք չէ, այլապես նախքան Արցախի հայաթափումն Ադրբեջանը պայման չէր դնի ՀՀ իշխանությունների առաջ՝ դադարեցնել ՀՀ բյուջեից Արցախին տրվող ֆինանսական աջակցությունը:

Ադրբեջանական կայքերն Արցախի նախկին նախագահին են վերագրել այն, որ Արցախի նախագահի և ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակումը համաձայնեցվել է ՀՀ-ի հետ, իսկ գեներալ-մայորից բարձր զինվորական կոչումը ՀՀ ղեկավարության կողմից է շնորհվել, համենայնդեպս, Արցախը ղեկավարելու իր տարիներին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի ուսադիրներ հանձնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելին, հրապարակավ հայտարարվել է, որ պատերազմի օրերին ՊԲ պաշտոնից նրա ազատման հրամանագիրը ստորագրել է դարձյալ Արայիկ Հարությունյանը: Գուցե որոշողը ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն է եղել, և ՀՀ ղեկավարությունը, ինչպես Բաքվում իր հարցաքննությունների ժամանակ պնդել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, թե ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, և ինքը ռազմական հրամաններ տալու իրավունք չի ունեցել:

Մարտի 14-ին Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը», որի ժամանակ հարցեր են ուղղվել արդեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին, ով, ադրբեջանական կայքերի հաղորդմամբ, հայտարարել է, թե Արցախը զենք-զինամթերք ստացել է ՀՀ-ից, և, որ Արցախի ռազմական ծախսերը ևս ՀՀ օգնությամբ են կատարվել:

Բացի այս, ըստ ադրբեջանական կայքերի, Բակո Սահակյանը հաստատել է այն պնդումները, որ ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, ուստի ՊԲ հրամանատարի նշանակումը ՀՀ զինված ուժերի ղեկավարության առաջարկով է կատարվել, ինչը հաստատել է ՀՀ ղեկավարությունը:

Չմոռանանք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության հարցաքննություններն ադրբեջանական քարոզչամեքենան հրապարակում է անձայն, այսինքն՝ նրանց ձայնը խլացված է:

Մարտի 14-ի «դատավարության» մյուս մանրամասների մասին կհաղորդենք ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս