
Բաքուն արդեն Քննիչ հանձնաժողովների փաստն է օգտագործում ընդդեմ Հայաստանի

Մինչ գործող իշխանությունը փորձում է համոզել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավոր է հասնել խաղաղության և բարեկամություն անել, և, որ նրանք սպառնալիք չեն Հայաստանի Հանրապետությանն ու նման մի շարք «որ»-եր, Բաքուն շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ իրավաքաղաքական արշավը՝ փորձելով «ցուցմունքներ» կորզել Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից, ընդ որում՝ քննության են առնվում Արցախյան առաջին, 2016 թվականի Ապրիլյան, 2020 թվականի 44-օրյա պատերազմների և հուլիսյան մարտերի մարտական դրվագներն ու ռազմական օպերացիաները: Ավելին, հերթը հասել է Արցախում վերաբնակեցման ծրագրին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, և ոչ միայն:
Այս թեմաներն են շոշափվել Բաքվի դատարանում հունիսի 19-ի, հունիսի 20-ի և հունիսի 21-ի (հոդվածը գրելու պահին այսօրվա նիստը դեռ ընթանում էր) նիստերին, իսկ հարցաքննվողները եղել են ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: Հիմա հերթով՝ կարևորի մասին:
2025, հունիսի 19, Բաքվի դատարան
Հունիսի 19-ին ադրբեջանական մեղադրողը հարցեր է ուղղել գեներալ Մանուկյանին, որոնք հիմնականում վերաբերել են օկուպացված Արցախի տարածքների ականապատմանը:
Այնուհետև անցում է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմին, և Դավիթ Մանուկյանը նշել է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «սադրանքների» իրականացման մասին չի լսել, չի եղել նման տեղեկություն:
Եվ այստեղ Բաքվի դատարանում հիշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ 2019 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ ունեցած հանդիպումը և այնտեղ ունեցած ելույթը, ցուցադրել դրա տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափի մասին։
«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- եզրափակել էր նա:
Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը եղել է «օֆ դը ռեկորդ», բայց ելույթի այս հատվածը «Ամերիկայի ձայնի» միջոցով հանրայնացվել է: Իսկ Բաքվի դատարանում չեն հիշել, որ նմանօրինակ միտք Տոնոյանն ասել էր 2015 թվականին՝ Ապրիլյան պատերազմից առաջ, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցները երբեմն հիշում են նաև սա:
Ավելի ուշ «դատավարության» ժամանակ ուսումնասիրվել է Արցախի ՊԲ շտաբի նախկին պետ (2020թ. մարտի 19-ից 2021թ. սեպտեմբերի 11), ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի ստորագրությամբ մի «գաղտնի փաստաթուղթ»։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, խոսքը սեպտեմբերի 25-ի N 0671 հրամանի մասին է, որի համաձայն՝ իբր պիտի մինչև սեպտեմբերի 28-ը կրակային դիրքեր նախատեսվեին և «ոչնչացվեին հակառակորդի մոտ 70 բնակավայր»:
ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն արձագանքել է, որ նշված հրամանի մասին առաջին անգամ տեղեկացել է նախաքննության փուլում:
Իրականում Բաքուն այս «գաղտնի փաստաթուղթը» քննարկման առարկա դարձնելով՝ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ այդ օրերին հայկական կողմն իրենց կողմից պատերազմ սկսելու մասին տեղեկություններ է ստացել, և ինչպես մի առիթով Նիկոլ Փաշինյանն է ասել՝ հենց 2020 թվականի սեպտեմբերի 25-ին են նման տեղեկություն ստացել, որը շատ հավաստի է թվացել:
Եվ այս դեպքում հայկական կողմը պետք է համապատասխան հետևություններ աներ, պաշտպանական որոշ քայլեր ձեռնարկեր, ռազմական ղեկավարության կողմից տրվեին կարգադրություններ, հրամաններ, ինչը տեղի է ունեցել, և որոնց ռազմական տարբեր գործերի շրջանակում անդրադարձել են, քանի որ դրանք բաց փաստեր են:
Բնականաբար, խոսք չի եղել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերի ոչնչացման մասին: Ավելին, մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրը կարևոր հատվածներում ՊԲ-ն պատշաճ պատրաստ չի եղել, այսինքն՝ զորքը չի բերվել լրիվ մարտական պատրաստության աստիճանի, ուր մնաց՝ ադրբեջանական բնակավայրեր ոչնչացվեին:
2025, հունիսի 20, Բաքվի դատարան
Հունիսին հիմնական հարցաքննվողը եղել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, որին նախ հարցեր են ուղղվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և որոշումներ կայացրած «գլխավոր դերակատարների» մասին՝ ՀՀ զինված ուժերի և ՊԲ այդ ժամանակվա ղեկավարության՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Լևոն Մնացականյան:
Այնուհետև ադրբեջանական պետական մեղադրողը Բակո Սահակյանին հարց է տվել ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին, այն է՝ «ինչո՞ւ է այդ քննիչ հանձնաժողովը ստեղծել Հայաստանը, երբ մարտական գործողությունները տեղի են ունեցել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Մ.Պ.-ի)»:
Այս հարցադրմանն ի պատասխան՝ Բակո Սահակյանը, ըստ ադրբեջանական կողմի, իբր նշել է, որ «միանգամայն նորմալ է, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծել է ՀՀ ԱԺ-ն, քանի օպերացիաները ղեկավարել և վարել է ՀՀ զինված ուժերը», և, որ ինքը ժամանակին ևս հրավեր է ստացել մասնակցության դրա աշխատանքներին:
Սա այն է, ինչի մասին բազմիցս նշել էինք, որ քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ չի կարելի քաղաքական հանձնաժողով ստեղծել և որպես արդյունք՝ ոչինչ չասող զեկույց հրամցնել, որտեղ, ինչպես մի անգամ գրել ենք, անգամ խոսք չկա Ապրիլյան պատերազմի արդյունքների մասին: Այսինքն, այս գործը պետք է վերապահվեր մասնագիտական կառույցին և չդարձվեր քաղաքական շահարկման և վրեժխնդրության առարկա, ինչն արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդդեմ նախկին ղեկավարության:
Նույն խնդրին վաղը-մյուս օր բախվելու են 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի դեպքում՝ ինչո՞ւ է այն ձևավորել ՀՀ խորհրդարանը, երբ պատերազմը Հայաստանի դեմ չէր, կամ՝ Ադրբեջանն այս փաստը ևս որպես ապացույց օգտագործելու է Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ:
Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հերթական անգամ հարցեր են տրվել «Իսկանդեր-Մ»-ի, «Տոչկա-Ու»-ի և «Սմերչ»-ի և «Էլբրուս»-ի կիրառման վերաբերյալ, և լսել պատասխան, որ ՊԲ զինանոցում դրանք չեն եղել: Սակայն, ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, իբր Բակո Սահակյանն ասել է, որ «Շուշիում տեղակայված է եղել Ս-300 զենիթահրթիռային համակարգը»: Սա ևս «ցուցմունք» է՝ ընդդեմ Հայաստանի:
Իսկ այսօր՝ հունիսի 21-ին, Բաքվի դատարանում դարձյալ հարցաքննվել է Բակո Սահակյանը, իսկ հարցաքննությունը եղել է Արցախում վերաբնակեցման ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության շուրջ, և ոչ միայն:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի նախկին նախագահն ընդունել է, որ Արցախում վերաբնակեցվել են Սիրիայից և Լիբանանից եկածներ, իսկ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել է Արցախում, մյուս մասը՝ Հայաստանում, և այլն: