ՄՈՌԱՑԿՈՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԵՄԵՆՑԻԱ․ ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԱՂ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՐԶԵԼ ՈՒՂԵՂԸ
Միայն հիշողության կորուստ ունենալը չի նշանակում, որ անձն ունի դեմենցիա, թեև դա հաճախ հիվանդության վաղ նշաններից մեկն է: Հիվանդության զարգացման պատճառների մասին զրուցել ենք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանի հետ։
– Մարդիկ կարծում են, որ մեծ տարիքում բնորոշ է հիշողության վատացումը։ Երբեմն այն շփոթում են դեմենցիայի հետ։ Ո՞րն է սովորական հիշողության վատացման և դեմենցիայի միջև առկա սահմանը։
– Դեմենցիան թուլամտությունն է, ինչի արդյունքում առաջանում է կոնգնիտիվ ֆունկցիաների անկում։ Դրանք ճանաչողական ֆունկցիաներն են, որի արդյունքում տուժում է ինտելեկտը։ Դրանից հետո տեղի է ունենում ուշադրության վատթարացում և հիշողության անկում։
Երբեմն ծանոթների, հարազատների մոտ կարող են տեսնել այնպիսի մի վիճակ, որ հարցնում են՝ այն, որ գրում էր, ի՞նչ էր դրա անունը, պատասխանում են՝ գրիչ, ասում են՝ այո՛, դա էր։ Հետո սկսում են մոռանալ երեխաների, բարեկամների անունները, և աստիճանաբար գնում են դեպի ֆիքսացիոն ամնեզիա, այսինքն՝ կարճատև հիշողության անկում։ Իրը դնում են ինչ-որ տեղ, մոռանում ու սկսում են ամբողջ օրը փնտրել։ Հիշողության ոլորտներն աստիճանաբար սկսում են նվազել՝ ընդհուպ մինչև մանկություն։
Ընկալման ոլորտում ունենում են պատրանքներ, տեսողական խաբկանքներ, ինչի արդյունքում դրանք վերածվում են ցնորքների՝ մեծամասամբ տեսողական, և տեսնում ենք, որ նրանք զրուցում են իրենց մահացած հարազատների հետ։
Ունենում են նաև մտածողության խանգարումներ, երբ բուժառուն ուզում է ինչ-որ բան ասել ու միտքը կանգնում է։ Երբեմն ունենում են մտածողության կրկնություն, այսինքն՝ նույնը բանը մի քանի անգամ կարող են կրկնել։ Այսինքն, մի բանը կարող է մի քանի անգամ պատմել՝ մոռանալով այդ մասին։
Ունենում ենք նաև զառանցական խանգարումներ, ինչի արդյունքում սկզբնական փուլում մեղադրում են հարազատներին կամ հարևաններին՝ իրենց թունավորելու կամ իրենցից ինչ-որ իր գողանալու մեջ։
Զուգահեռաբար ունենում են նաև տրամադրության անկումներ։

– Հաճախ նշում են, որ հիգիենային չեն հետևում, իրենց դեղերը չեն խմում: Սա ևս կապ ունի՞ դեմենցիայի հետ։
– Այո։ Ինքնասպասարկման ֆունկցիաներն աստիճանաբար սկսում են նվազել, անգամ այն մակարդակի, որ երբեմն պետք է լինում, որպեսզի գտնվեն մշտական խնամքի տակ։
– Ինչպե՞ս է զարգանում դեմենցիան, այն հիվանդությունների խումբ է, չէ՞։
– Այո։ Ալցհեյմերի ժամանակ ուղեղում դիտվում են սպիտակուցային ալիքներ, որոնք քայքայում են նյարդային բջիջները, ինչի արդյունքում դիտվում է ուղեղի ատրոֆիա և աստիճանաբար գիտակցությունը, հիշողությունը տուժում են 65+ տարիքից սկսած։ Ակնհայտ վիճակը դիտվում է 70-75 տարեկանում, երբ հիշողության ֆունկցիաներն արդեն իսկ անկման մեջ են գտնվում։ Բացի Ալցհեյմերը, նաև ունենում ենք մինչ 65 տարիքային Ալցհեյմեր, որը կրում է ժառանգական բնույթ, և ֆունկցիաների անկումը բավականին արագընթաց է։
Կա նաև անոթային թուլամտություն, և ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով ունենում են թուլամտություն։ Դրանցից կարող են լինել կաթվածը, շաքարային հիվանդությունները։
Եվ ունենում են թուլամտություններ, որոնք առաջացնում են հիվանդություններ․ 50-60 տարեկանում ի հայտ է գալիս ուղեղի ճակատ-քունքային հատվածի ատրոֆիան, որի արդյունքում մեծ մասամբ դիտվում է ագրեսիվ ֆոն՝ հիշողության վատթարացման հետ։
– Ճի՞շտ եմ հասկանում, որ հիվանդությունները, որոնք առաջանում են ժամանակի ընթացքում, օրինակ, սրտանոթային, վահանաձև գեղձի, կամ կա սթրես, դեպրեսիա, «վատ» խոլեստերին, չեն բուժում՝ հանգեցնում է այս ամենի՞ն։
– Այո, աստիճանաբար կարող է բերել թուլամտության՝ տարիքի հետ մեկտեղ։ Եթե անձը հետևի քնի հիգիենային, չծխի, ալկոհոլ չօգտագործի, ամեն տարի հետազոտվի, կարող են կանխել այդ ամենը։
– Վերջերս մի հոդված կարդացի, որտեղ նշվում էր, որ կասկածամտությունը՝ օրինակ, գուցե ամուսինս ինձ դավաճանում է կամ ընկերս ինչ կմտածի իմ մասին, հետագայում հանգեցնում է դեմենցիայի։ Այդպե՞ս է։
– Նկարագրում եք զառանցական խանդի գերարժեքային միտք, որի հիմքում ընկած է զառանցանքը և թուլամտության ժամանակ հիշողությունից հետո գերիշխողը ցնորքն է ու զառանցանքը։ Որպես սիմպտոմատիկա նմանվում է, բայց հիմքը տարբեր է։
– Ո՞րն է գլխավոր ախտանշանը, որին պետք է ուշադրություն դարձնել։
– Հիշողության աստիճանաբար անկումը։
– Վարքային դրսևորումներ չեն լինո՞ւմ։
– Վարքային դրսևորումներ դիտվում են այն ժամանակ, երբ հարակից ունենում ենք հոգեկան խնդիրներ, այսինքն՝ անձն ունենում է տեսիլք, գտնվում է գիտակցության նեղացման շրջանում, ինչի արդյունքում զուգահեռաբար ունենում է վարքային խանգարումներ: Այսինքն՝ ոչ ադեկվատ վարքագիծ, դեպրեսիվ, անհանգիստ։ Հնարավոր է՝ հիշողության վատթարացման պարագայում տան մեջ ինչ-որ սարքավորում միացրած թողնի, օրինակ, գազը և տուժեն հարևանները կամ շենքի բնակիչները։ Այդ անձինք պետք է մշտական հսկողության մեջ գտնվեն։
– Թմրամոլությունը ևս հանգեցնո՞ւմ է դեմենցիայի։
– Ունենք ալկոհոլային հիվանդությունների ժամանակ առաջացած թուլամտություններ, և որոշ վիտամինների, օրինակ, B12-ի պակասի արդունքում տուժում է ուղեղը և հնարավոր է՝ ունենանք վաղաժամ թուլամտություն։
– Այս հիվանդության դեպքում դեղե՞ր են խմում, թե՞ ոչ։
– Միանշանակ դեղորայք է պետք, ինչպես նաև պետք է գտնվի նյարդաբանների, նարկոլոգների, հոգեբույժների հսկողության ներքո։
– Ինչպե՞ս մարզել ուղեղը, երիտասարդ պահեն, որ չբախվեն այս հիվանդությանը։
– Ընդհանրապես 65 տարեկանից հետո մեծ մասամբ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կենսակերպին, զբաղվեն ֆիզիկական գործունեությամբ, կատարեն որոշակի հիշողության վարժություններ՝ դա կլինի նոր լեզվի իմացություն, խաչբառերի լուծում․․․։ Անհրաժեշտ է հետևել սննդակարգին, խոլեստերինին, արյան մեջ շաքարին, յուղոտ, ճարպոտ, քաղցր սնունդ չօգտագործել։

– Քրոնիկական սթրեսը և՞ս հանգեցնում է դեմենցիայի։
– Ունենք բուժառուներ, ովքեր դիմում են 65 տարեկանում՝ ասելով, որ ունեն դեպրեսիա, տրամադրության անկում, ախորժակի վատթարացում։ Բայց հասկանում ենք, որ գործ ունենք վաղ շրջանում առաջացած դեպրեսիայի սիմպտոմատիկայի հետ։ Այսինքն, հիմքը եղել է թուլամտությունը։
– Վատ լսողությունը և՞ս հետագայում կարող է հանգեցնել դեմենցիայի։
– Որոշակի հետազոտությունների արդյունքում ենք այդ ամենը հասկանում։ Վերջերս տեղի ուենցավ մի դեպք՝ դիմել էին տարեց կնոջ համար, ով 20-30 տարի ուներ լսողության խնդիրներ, գրեթե ոչինչ չէր լսում և երեկոյան ժամերին մոնոսիմպտոմատիկա էր մոտը, այսինքն՝ մեկ սիմպտոմ և հալյուցինացիա, ինչի արդյունքում լսում էր ձայներ, որոնք նմանվում էին հարսանիքի զուռնա-դհոլի երաժշտությանը։ Ու այդ ձայները խանգարում էին, չէր կարողանում քնել։ Որոշակի դեղամիջոցների միջամտությամբ սկսեց հանգիստ քնել։ Թուլամտության սիմպտոմատիկա է, որը գնալով խորանալու է։ Մենք դեղորայքով կհասնենք այն վիճակին, որ գոնե կդանդաղեցնենք այդ առաջացող վիճակը։
Նշեմ նաև, որ երբ կաթվածից առաջացած հոգեկան խնդրի ենք հանդիպում, այդ դեպքում ակնհայտ է իրավիճակը, բայց, եթե աստիճանաբար ընտանիքի անդամն ունենում է հիշողության, ինքնասպասարկման խնդիրներ, իրենց համար որոշակի փուլերում համարվում է նորմա, մինչև դանակը հասնում է ոսկորին, երբ կամ գազն է միացրած թողնում կամ տնից դուրս է գալիս ու մոռանում է տան ճանապարհը և ոստիկանությունն է նրան հետ բերում։ Երբեմն նաև մերկ են դուրս գալիս, քանի որ չեն հասկանում, թե ոնց կարող են հագնել իրենց շորերը․ բոլոր ֆունկցիաների անկում է տեղի ունենում։
Համենայն դեպս, որ փուլն էլ լինի՝ պետք է պայքարենք, բուժում տանք մարդուն։

