44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկանների և քրեակատարողական հիմնարկների ծառայողների շրջանում դասալքության և դիրքերը թողնելու քանի՞ դեպք է եղել. բացառիկ փաստաթղթեր

168.amը գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց միջոցով, մասնավորապես, փորձել ենք պարզել՝ ԱԱԾ-ից և Ոստիկանությունից 44-օրյա պատերազմի ընթացքում դասալքության քանի՞ դեպք է եղել: Բայց և՛ Քննչական կոմիտեն, և՛ ՀՀ գլխավոր դատախազությունը մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ նշել են. «Նշված հարցերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում» կամ «առանձին հաշվառում չի իրականացվում»:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝  անդրադառնալով պատերազմի օրերին սոցցանցերում տարածված տեսանյութին, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից:

Ոստիկանությունից այդ ժամանակ հայտնել էին, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում, և, որ հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:

«Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին: Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է: Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- նշվում էր Ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Հավելենք, որ 2020 թվականի պատերազմի օրերին ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների հասցեին «մեղադրանքներ» էր հնչեցրել նաև այսօր Բաքվում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որ 44-օրյայի ժամանակ «Եղնիկներ» գնալու իր՝ Արցախի նախագահի խնդրանքը ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումը մերժել է:

2022 թվականին ԱԱԾ-ից մեզ հայտնել էին, որ այս առնչությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, բայց իրականացվել է ծառայողական քննություն»:

Իսկ նույն թեմայի շուրջ մեր հարցադրմանն ի պատասխան՝ 2025 թվականին ԱԱԾ-ն իր գրության մեջ նշել էր.«Ինչ վերաբերում է քրեական վարույթների առկայությանը, ապա նշված տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել տեղեկատվությունը տնօրինողին՝ նախաքննական մարմնին»:

Ինչևէ, Արցախի նախկին նախագահի խնդրանքը մերժելու փաստով ԱԱԾ ծառայողների նկատմամբ որևէ քրեական գործի կամ նրանց շրջանում դասալքության փաստով քրեական գործերի մասին տեղեկություններ չկան:

Փոխարենը՝ մեր ձեռքի տակ 44-օրյային առնչվող բացառիկ փաստաթղթեր են հայտնվել ոստիկանների հետ կապված: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության՝ ավելի քան 100 աշխատակիցներին, որոնք ռազմական դրության պայմաններում Արցախ մեկնելուց հետո զինվորական ծառայությունից հրաժարվել են, բայց արդյունքում ազատվել են քրեական հետապնդումից:

Համապատասխան որոշման մեջ նշվում է, որ նրանք 2020 թվականի հոկտեմբերի 4-ին մեկնել են ԱՀ Հադրութի շրջանի Մեխակավան գյուղ՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով, սակայն հոկտեմբերի 7-ին խմբով հրաժարվել են զինվորական ծառայության առանձին՝ ԱՀ-ում տեղի ունեցող մարտական գործողություններին մասնակցելու պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:

Բացի այս, տեղեկացվում է, որ հասնելով մատնանշված վայր, նրանք տեղակայվել են բլուրների վրա՝ ըստ գումարտակների և վաշտերի դասավորվել ուղիղ գծով 4-5 կմ երկարությամբ և սկսել փորել կիսաավեր խրամատները, որոնք եղել են 40-50 սմ խորությամբ ու միայն պառկած դիրքում կարող էին չնկատվել հակառակորդի կողմից: Ինչպես նշվում է, նրանք 2 օր մնացել են այդ տեղանքում՝ անձրևով լցված խրամատներում, առանց որևէ կոնտակտային մարտական գործողության մասնակցելու, այդ օրերին վերջացել է նաև նրանց սնունդը, ոչ մի հրահանգ չի ստացվել, ոչ էլ օժանդակ ուժեր են բերվել:

 

Այն, ինչ նկարագրվում է այստեղ, հաստատում է այն պնդումները, որ պատերազմի օրերին կարևոր ուղղություններում կատարյալ բարդակ է տիրել, կամ՝ կազմակերպված անկազմակերպվածություն, և դեռ զարմանում ենք, որ պարտվել ենք պատերազմում: Մյուս կողմից՝ նման դեպքերն առավել են ընդգծում 18-20 տարեկան զինվորների հերոսությունը, բանակի սպաների, հրամանատարության: Եվ ոչինչ, որ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը դասալքություն ասելով՝ հիմնականում բանակին և զինվորականությանն են նկատի ունենում:

Իհարկե, այստեղ հանուն արդարության պետք է նշել, որ 44-օրյա պատերազմում Ոստիկանությունը տվել է ավելի քան 4 տասնյակ զոհ, և նրանց մեջ հերոսական կռիվ տվողներ են նաև եղել:

Իսկ մեր ձեռքում բացառիկ փաստաթղթեր են հայտնվել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարբեր քրեակատարողական հիմնարկների մոտ 200 ծառայողների վերաբերյալ, որոնք հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերին, երբ Արցախում պատերազմ էր, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության համար վստահված զենքով ինքնակամ թողել են իրենց վստահված մարտական դիրքերը, վերադարձել զորամասեր, հանձնել զենքերը՝ հրաժարվելով մեկնել առաջնագիծ, բայց ավելի ուշ ազատվել են քրեական հետապնդումից:

Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին այդ ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։

Բադասյանը ողջույնի խոսքում նշել էր. «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը բարձր էր գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու ծառայության պատմության մեջ:

Ի դեպ, հիշեցնենք, որ մենք գրել էինք նաև պատերազմի ժամանակ Տավուշում պայմանագրայինների ճանապարհը փակելու մասին, այս փաստով մեղադրվողներ կային:

Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել նաև, որ 3-րդ բանակային կորպուսի 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, պատերազմի օրերին ողջ կազմով հրաժարվել էին մեկնել Արցախ: Տեղեկություններ կան, որ նրանցից ևս կան արդարացվողներ, բայց սա առանձին քննարկման նյութ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930