ՀԱ՛Յ, Ո՞ՐՆ Է ՔՈ  ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԸ. ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՔՈ ԿԱՄՔԻՑ ՈՒ ԵՐԱԶԱՆՔԻՑ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինն, ըստ էության, ասաց՝ ցանկացած քաղաքական որոշում գին ունի և ներկայացնում էր էդ գինը մեր ժողովրդի համար: Փաշինյանի համար չէր ասում Պուտինը, նա ծանոթ է այդ գնին: Եվ որպեսզի պարզ լինի, այդ գինը ժողովրդի համար ներկայացնում էր էներգետիկ ռեսուրսների գնի տեսքով:
  • Արևմուտք-Ռուսաստան առճակատման այս պրոցեսում շահում է ԱՄՆ-ը, տուժում է Եվրոպան: Գերմանիան սկսել է գազ գնել ԱՄՆ-ից կամ ԱՄՆ-ի ձեռքի տակ գտնվող պետություններից՝ ԱՄԷ-ից, Քաթարից, բայց դրա հետևանքով գերմանական տնտեսությունը քայքայվում է: Իսկ Պուտինն ասում էր՝ որոշել եք գնալ ԵՄ, գնացեք, բայց ցանկացած որոշում գին ունի: 
  • Ես Հայաստանի ինքնիշխանության ջատագովն եմ, բայց ներկայիս իշխանությունը հայկական շահը ոչ միայն չի սպասարկում, եղածն էլ զոհաբերում են ինչ-որ թվացյալ օրիենտացիաներ սպասարկելուն, բայց իրենց սպասարկած շահը թուրքական է: Ռուսական կողմը սա շատ լավ գիտի, բայց դա իրենց չի հետաքրքրում: 
  • Ինչո՞ւ են Ռուսաստանը և Իրանը մեր համար պոտենցիալ դաշնակից, որովհետև, բնականորեն, իրենց ձեռնտու չէ, որ Հայաստան պետություն չլինի այստեղ, և լինի թուրքական մեծ աշխարհ, որտեղ 2 կողմերում թուրքական աշխարհներն են՝ մեր արևելքում և արևմուտքում, էդ 2 պետություններին դա ձեռնտու չէ։ 
  • Դու պետք է առաջնորդվես քո շահով, եթե կարող ես, դրա համար օգտագործես մեծ տերություններին։ Օրինակ, Ռուսաստանի շահը որտե՞ղ կարող է հատվել քո շահի հետ։ Ռուսաստանը չի ուզում, որ Թուրքիան ընդլայնվի, հզորանա, և դրա համար կարող է քեզ օգնել։ Այսինքն` պետք է կողմնորոշվես նրանով, թե ում ձեռք չի տալիս, որ Հայաստան չլինի, ովքեր են շահագրգռված Հայաստան պետության գոյությամբ։
  • Այս իշխանությունները հայ ժողովրդին մոլորեցնում են՝ ասելով, թե ռուսական գազի փոխարեն՝ ադրբեջանական գազ կգնեն… Եվ սա՝ այն դեպքում, երբ գազի թողունակության առումով Ադրբեջանը չի կարողանում ապահովել Եվրոպայի անգամ փոքր պահանջմունքը: Հայտնի փաստ է, որ Ադրբեջանն իր գազն օգտագործում է իր կարիքների համար, Ռուսաստանից գնում է գազ, արտահանում Եվրոպա, եվրոպացիների վրա ռուսական գազ է ծախում: Եվրոպացիները դրա մասին տեղյակ են, բայց քանի որ իրենց համար վառելիքի առումով ծանր վիճակ է, աչք են փակում դրա վրա, որովհետև իրենք ռուսական գազի կարիքն ունեն:

Կարդացեք նաև

Ստորև ներկայացված են Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի բնական գազի հաստատված պաշարների վերաբերյալ տվյալները (հիմնված միջազգային էներգետիկ զեկույցների և պաշտոնական վիճակագրության վրա)։ Տվյալները ներկայացված են տրիլիոն խորանարդ մետրով (տլրն խմ³). 

Ռուսաստան-37-48 տրլն մ³, աշխարհում 1-ին տեղն է զբաղեցնում պաշարների ծավալով։ 

Ղազախստան-2.3-3.8 տրլն մ³, պաշարների մեծ մասը կենտրոնացված է Կասպից ծովի ավազանում (Կարաչագանակ, Կաշագան)։ 

Ադրբեջան-1.3-2.5 տրլն մ³, հիմնական պաշարները «Շահ Դենիզ» հանքավայրում են։ 

Թուրքիա-0.7-0.8 տրլն մ³, պաշարները կտրուկ աճել են Սև ծովում («Սաքարյա» հանքավայր) վերջին հայտնաբերումների շնորհիվ։

Ռուսաստան. Տիրապետում է համաշխարհային պաշարների շուրջ 20-25%-ին։ Հիմնական հանքավայրերը գտնվում են Սիբիրում և Արկտիկական գոտում։

Ղազախստան. Գազի պաշարներով տարածաշրջանում առաջատարներից է, սակայն արդյունահանվող գազի զգալի մասն «ուղեկցող» է (նավթի արդյունահանման ժամանակ դուրս եկող), ինչը բարդացնում է դրա մաքուր արդյունահանումն ու արտահանումը։

Ադրբեջան. Չնայած Ռուսաստանի համեմատ ավելի փոքր ծավալներին, Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի համար էներգետիկ այլընտրանքային աղբյուր՝ շնորհիվ Հարավային գազային միջանցքի։

Թուրքիա. Մինչև 2020 թվականը գրեթե չուներ սեփական պաշարներ, սակայն Սև ծովի հայտնագործությունները փոխեցին պատկերը։ Թուրքիան նպատակ ունի առաջիկա տարիներին նվազեցնել կախվածությունը ներկրումից և դառնալ տարածաշրջանային գազային հաբ (կենտրոն)։

Չինաստանը գազի պաշարների առումով հետաքրքիր իրավիճակում է. այն աշխարհի խոշորագույն սպառողներից է, սակայն սեփական պաշարների ծավալով զգալիորեն զիջում է Ռուսաստանին կամ Իրանին։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Չինաստանը կտրուկ ավելացրել է հետախուզական աշխատանքները։ Ահա հիմնական տվյալները 2025-2026 թթ. դրությամբ. Հաստատված պաշարների ծավալը՝ մոտ 6.5-8.5 տրիլիոն խորանարդ մետր (տրլն մ³) է: Չինաստանը սովորաբար զբաղեցնում է 10-րդ հորիզոնականն աշխարհում հաստատված պաշարների ծավալով (աշխարհի ընդհանուր պաշարների շուրջ 2.5-3%-ը)։

Իրանի գազային պաշարների մասին. Իրանը տիրապետում է աշխարհի 2-րդ ամենամեծ պաշարներին և Հայաստանի անմիջական հարևանն է։

Հարավային Պարսը (South Pars) աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում։ Իրանը կիսում է այս հանքավայրը Քաթարի հետ (կոչվում է «Հյուսիսային գմբեթ»): Միայն այս հանքավայրում կենտրոնացված է Իրանի հաստատված պաշարների գրեթե կեսը: Իրանը տիրապետում է ավելի քան 13 անգամ շատ գազի, քան Ադրբեջանը, և մոտ 40 անգամ ավելի շատ, քան Թուրքիան՝ իր նոր հայտնաբերված հանքավայրերով հանդերձ:

Այս ծավալներն Իրանին դարձնում են առանցքային խաղացող ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային էներգետիկ քաղաքականության մեջ, հատկապես դեպի Եվրոպա կամ Հնդկաստան հնարավոր ապագա մատակարարումների համատեքստում:

Թուրքմենստանն ունի հսկայական պաշարներ և էժան գազ, բայց քանի որ Հայաստանը Թուրքմենստանի հետ սահման չունի, գազը կարող է հասնել «սվոփ» (փոխանակման) տարբերակով, սակայն գնին ավելանալու է Իրանի տարանցման վճարը։

  • Եվրոպացիների շահը Հայաստանի հետ բացառապես այն տիրույթում է, որ հանկարծ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ կոնֆլիկտ չունենան, որ հանկարծ իրենց նավթագազային ենթակառուցվածքները չվնասվեն: Ես դա վստահ ասում եմ: Պատերազմները ռեսուրսների համար են, և հիմա Իրանն այդ գործիքն է կիրառում:
  • Այս իշխանությունը սպասարկում է թուրքական շահեր, որովհետև եթե լիներ հայկական իշխանություն, թույլ չէր տա, որ որպես այլընտրանքային էներգետիկ միջոցներ՝ դիտարկվեր թշնամական՝ ադրբեջանական նավթն ու գազը: Երբ սրանք շարունակաբար քարոզում են՝ ռուսը քո թշնամին է, բայց քեզ գլորում են թշնամու գիրկը, հասարակության մի ստվար զանգված, որը բավարար կրթական ցենզ չունի, սա ընդունում է՝ որպես ճշմարտություն: Ռուսները մեր թշնամին չեն, մեզ չեն կոտորել, ցեղասպանել, էթնիկ զտման չեն ենթարկել մեր տարածքներից, մեր հայրենիքից, դա արել են թուրքերը: Ռուսները պարզապես առաջնորդվում են իրենց շահով, ինչպեսև բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց շահերով: Հա՛յ, ո՞րն է քո ազգային ու պետական քաղաքական շահը: Սա պետք է բացատրվի մեզ լսողներին: 
  • Ասում են՝ ի՞նչ է պատահել, թուրքական հագուստ ենք գնում, կարող ենք նաև թուրք-ադրբեջանական գազ գնել… Դա նո՞ւյնն է: Նույնը չէ՛: Աշխարհում կա էներգետիկ անվտանգություն հասկացողություն, և Թուրքիայից հագուստ գնելը նույնը չէ, ինչ՝ երբ դու Ադրբեջանից գազ ես գնում: Սա էլ են դիտավորյալ մանիպուլացնում, մոլորեցնում են ժողովրդին: Չի՛ կարելի կախվածության մեջ լինել թշնամուցդ՝ թշնամանալով բարեկամիդ հետ:
  • Հայկական ատոմակայանն արտադրում է էլեկտրաէներգիայի 30%-ը, և դա նույնպես կառավարվում է ռուսների կողմից: Մյուս կողմից խոսում են ամերիկյան մոդուլային ռեակտորների մասին, ինչի ստեղծման փորձն ԱՄՆ-ը չունի, ձախողել է: Այն դեպքում, երբ նույն Թուրքիան իր առաջին ատոմակայանը կառուցում է Ռուսաստանի միջոցով:

Մոսկվայի ու Անկարայի միջև 2010 թվականին ստորագրված միջկառավարական համաձայնագրով 2018-ից սկսվել էր «Ակկույու» ատոմակայանի առաջին բլոկի շինարարությունը։ «Ակկույու» ատոմակայանն ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10 տոկոսը։ Ներդրումների ծավալները գնահատվում էին 20 միլիարդ դոլար։

  • Մեր բոլոր տարածքներն Ադրբեջանն ու Թուրքիան համարում են իրենցը՝ Սևանը, բոլոր մարզերը, առանց բացառության, Երևանը, բոլոր տարածքներն իրենք համարում են իրենցը: Մինչդեռ ողջ աշխարհի բոլոր պատմագիրները գիտեն, որ այդ տարածքները մերն են: Էդ ժողովուրդները՝ թուրքերն էլ, թաթարներն էլ, մյուսներն էլ եկվորներ են, և ինչ-որ պահի նույնիսկ, դրանց ռուսներն էին տեղահանում, օրինակ՝ Ղրիմից բերում-լցնում էին էս հատվածները, որպեսզի Ղրիմն իրենցով անեին, երբ որ գրավել էին, և էդ մարդիկ հայտնվել են այստեղ։
  • Քանի որ մարդկանց գրագիտությունը թույլ չի տալիս հասկանալու՝ ինչ է կատարվում, նրանք, ովքեր, օրինակ, ասում են՝ Արցախն ադրբեջանական է, բա ի՞նչ է, չեն հասկանում, որ չկա տենց բան, նույնիսկ ադրբեջանցի ազգ գոյություն չունի, որ հիմա Ալիևն ուզում է ստեղծել այդպիսին։ Նրանք իրենց սեփական լեզուն չունեն, սեփական մշակույթը չունեն, լեզուն թուրքերենն է, մշակույթը թուրքաթաթարական խառնուրդ ինչ-որ մի բան է, և իրենք էդ պետությունը կայացնում են՝ հայկական պետությունն էստեղ արանքից հանելով։

  • Անվտանգությունը հենց ինքը տնտեսական շահի մասին է, որովհետև, երբ դու անվտանգությանն ուշադրություն չես դարձնում, ասենք, մի քանի դոլար էժան նյութ ու վառելիք ունենալու մասին ես մտածում, ժամանակի մեջ քո անվտանգությանը բերած գոյաբանական ռիսկերը շատ ավելի թանկ են լինում, քան էդ մի քանի կոպեկ օգուտը, որ դու էդ կարճ ժամանակում արել ես:
  • Թուրքիայի և Ադրբեջան հետ էներգետիկ կամ այլ ոլորտում գործակցելը, ինչ-որ կտոր իրենց զիջելը բերելու է նրան, որ ինչ-որ պահի էս տարածաշրջանում հայերը վերանալու են։
  • Ժողովուրդ ջան, էս իշխանությունն ապիկար չէ: Էս իշխանությունը թշնամի է, երբ որ դու ընդունես, որ թշնամի է, հայկական շահեր չի սպասարկում, կսկսես իրականությունը ճիշտ գնահատել: Երբ որ դու հասկանաս՝ թշնամի է, շատ հստակ քո քայլերը ճիշտ կգծես։
  • Հիմա տեսեք, էդ թուրքական աշխարհները, երբ որ խոսում ենք արդարության մասին, մեզ զրկել են երեք հիմնարար իրավունքներից՝ և՛ կյանքից, և՛ ազատությունից, և՛ սեփականությունից, Արցախը՝ վառ օրինակ։ Էս մարդը, որը մերը չի, թշնամու ծրագիրն է իրականացնում, ասում է՝ ես պատմական արդարության հետևից չեմ գնա… Դու ո՞վ ես, որ դրա հետևից գնաս, կամ թե չգնաս։ Դու կարաս համոզես, խաբես որոշ ժամանակով մի քանի հազար մարդու։ Բայց դու չես կարող խաբել ամբողջ աշխարհն ու համակարգը, երբ որ այդ երեք հիմնարար իրավունքների վրա է կառուցված աշխարհը, որովհետև, եթե դու դրա հետևից չես գնում, դու ընդամենը որպես պետություն և ազգ վերանում ես… էդ նույն բանն է տեղի ունեցել 1915 թվին, դա տեղի է ունեցել 2-3 տարի առաջ՝ Արցախում: Դրա հետևից չգնալ, նշանակում է ունենալ կենդանու գիտակցություն, այսինքն՝ երբ քո տեսակին քո աչքի առաջ մորթում, սպանում են, բայց դու դա չես հասկանում, դու շարունակում ես՝ էնքան որ ապրես… Եվ դա նշանակում է՝ գնալ քո տեսակի գոյության վերջին:
  • Պուտինը հենց էդ ասեց՝ երբ որ դու գնացել ես՝ Պրահայում քո իրավունքից հրաժարվել ես, ինչո՞ւ ես պիտի գամ, քո փոխարեն տամ էդ կռիվը։ Ադրբեջանը չի՞ ասի՝ դու ի՞նչ գործ ունես, ես այդ մարդու՝ Փաշինյանի հետ լեզու եմ գտել: Ու այս պայմաններում նույնիսկ ընդդիմադիր դաշտի որոշ մարդիկ էլի նստում, ռուս են հայհոյում՝ առանց հասկանալու, որ ռուսը պարտավոր չէ ձեզ համար անել այն, ինչ դուք ձեզ համար չեք ուզում անեք: 
  • Ես մինչև հիմա հիշում եմ Հունան Ավետիսյանին՝ սովետական հերոսին, որն իր մարմնով փակում է թնդանոթի դիմաց՝ փրկելով իր մնացած զինակիցներին, և էսպիսի երևույթները, նույնիսկ, եթե դրանք միֆական են, ստեղծվում են պետության էդ պահի քաղաքական իշխանության առաջնորդության կողմից, որպեսզի էդ հանրությանը, էդ տեսակին ոգևորեն, ուժ տան, պայքարի ոգի տան։ Բայց էն տեսակները, որոնք թշնամական նարատիվներ են տարածում մեզանում՝ ասելով, որ Թուրքիան 80 միլիոն է, դու՝ 3 միլիոն, Ադրբեջանը 10 միլիոն է, դու՝ 3 միլիոն, դու թույլ ես, ի՞նչ կարող ես անել, դու պարտվելու ես, և այլն, դրանք թշնամու նարատիվներն են… Դա ասողները, բնականաբար, չեն ասի, որ, օրինակ, երբ Իսրայելը 2 միլիոն էր, հարևան Եգիպտոսը՝ 70 միլիոն, էն մյուս հարևան պետությունը, չգիտեմ, 20 միլիոն, էն մեկը՝ քանի միլիոն, էդ բոլորին իրար հետ հաղթել է պատերազմում։ Իրենք չեն ասի, որ՝ գիտե՞ս ինչ, ամեն ինչ քեզնից է կախված՝ քո երազից, քո երազանքից, քո կամքից, քո ձգտումներից, քո աշխատանքից, քո սովորելու կարողությունից, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ, առանց սահմանափակման:
  • Սրանք՝ այս իշխանությունները, հայկական տեսակին ծաղրող, միջակություն քարոզող են, դրա համար նույն պետական համակարգում, առանց բացառության եմ ասում, միջակություն են համատարած, էնտեղ չկա մարդ: Դրա համար է Փաշինյանը վստահ ասում՝ բոլորին փչացնելով, իրեն հանցակից դարձնելով, «ես եմ կառավարությունը», ով որ իմ քաղաքականությանը որդեգրած դեմ է, թող դուրս գա: 
  • Վատագույն սցենարն եմ ասում, նույնիսկ, եթե Փաշինյանը մնա իշխանության էս ընտրություններում, հայկական իշխանությունը գալու է, ու իրենք բոլորով կրելու են պատասխանատվություն Փաշինյանի հետ հավասարապես: 
  • Որտեղ առիթները եղել են, ինքն ասել է՝ էս է իմ գիծը, էս է ճանապարհը, չե՞ք ուզում՝ դուրս եկեք, ձեզ ո՞վ է բռնել։ Ընտրել են մնալը, չէ՞, հետո մեզ չգան-ասեն, երբ որ պատասխանվության ժամը եկավ, իսկ դա գալու է, հարցերին պատասխան տալու, նաև դատարանի առաջ կանգնելու ժամը գալու է, էդ ժամանակ չգան-ասեն՝ տուն էինք պահում, էրեխես հիվանդ էր, սոված էինք։ Մենք, շատերս, չենք գնացել գործակցության Փաշինյանի հակահայ, հայկական շահեր չսպասարկող իշխանության հետ։
  • Ինքն ամեն օրվա ռեժիմով Հայաստանում ապրող մարդկանց ուզում է ցույց տալ, որ՝ դուք էս եք, անորակ եք, թույլ եք, անգրագետ եք, սենց եք, համաձայն չե՞ք իմ հետ, վեր կացեք, հեղափոխություն արեք, բարդ բան չկա: 
  • Ժողովուրդ, ընդամենը պետք է դուրս գալ փողոց, ասել՝ չէ, չենք ուզում էդ, ընդամենը։ Դա շատ քիչ բան է, որ դու կարող ես անել քեզ համար, ու էական չի էդ պահին, թե էդ պրոցեսներն ինչ-որ մեկը կառաջնորդի՞, թե՞ ոչ։ Ընդամենը, երբ մարդիկ գան էս գիտակցության, ինչ-որ պահի, էդ 100-200.000 մարդը կանգնեն փողոցում, խաղաղ, առանց որևէ բռնության, և բոլորս միասին ասենք՝ չենք ուզում էս ամեն ինչը, նույն էդ ոստիկանությունը, որ Փաշինյանի շահ է այսօր սպասարկում սիրով, ասելու է՝ ես գնում եմ տուն, այստեղ անելիք չունեմ։ Վստահ ասում եմ ձեզ:

  • Քաղաքականության մեջ խոսքը, խոսույթն առաջնորդության գլխավոր գործիքն են, և երբ ասում են՝ հերիք է խոսեք, հելե՛ք, մի բան արեք, էդ մարդիկ կամ, կրկնում եմ, դիտավորյալ են անում՝ արժեզրկելու այս իշխանության դեմ գաղափարական կոնսոլիդացիան, կա՛մ իրենք էլ են տգետ: Խոսքն անհրաժեշտ է, որպեսզի քո գաղափարները մարդկանց հասցնես, բացատրես…
  • Իրենք սրում են վիճակը, իբր ուժեղ են խաղում, բայց ես էլի մեր հայ հանրությանը հիշեցնեմ՝ բոլոր էն պետությունների ղեկավարները, որոնք գերտերությունների դեմ փորձել են ուլտիմատումներով խոսել, մատ թափ տալ և այլն, լավ չի ավարտվել։ Վերջիններից էր Մադուրոն, որը Թրամփի վրա էր մատ թափ տալիս, ասում էր՝ դու ո՞վ ես, արի հետևիցս, տղա ես, գնացին հետևից, տարան, հիմա ամերիկյան բանտում է։ Պուտինի դեմ մատ էր թափ տալիս Զելենսկին, մեծ-մեծ խոսում էր, հայհոյում էր, ու դրա գինը եղավ 10 միլիոնից ավելի փախստականը, մի քանի միլիոն զոհը, կորցրած տարածքները, ու էդ գինն ավելի է մեծանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930