Fitch-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում. ՀՀ տնտեսական աճին կնպաստեն ՏՏ ոլորտը և Ամուլսարի նախագծի մեկնարկը
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Long-Term Issuer Default Ratings -IDRs) «BB-» մակարդակում՝ պահպանելով դրական կանխատեսումը (Positive Outlook)։ Վերլուծության վերջում ներկայացված է նաև վարկանիշային գործողությունների ամբողջական ցանկը։
Դրական կանխատեսումն արտացոլում է Հայաստանի միջազգային պահուստների աճը, շարունակվող կայուն տնտեսական աճը, որը միջնաժամկետ հեռանկարում կնպաստի պետական պարտքի կայունացմանը, ինչպես նաև երկարամյա աշխարհաքաղաքական ռիսկերի բարելավման հեռանկարները։
ԱՄՆ-ի հովանու ներքո ձևավորված խաղաղության շրջանակը Ադրբեջանի հետ զգալիորեն նվազեցրել է մոտակա ժամանակահատվածում ռազմական լարվածության սրման ռիսկերը։ Այնուամենայնիվ, դեռևս պահպանվում է անորոշություն խաղաղության գործընթացի հաջող ավարտի վերաբերյալ, այդ թվում՝ հնարավոր սահմանադրական հանրաքվեի անցկացման համատեքստում։
Նաև նշվում է, որ Ռուսաստանի հետ աճող դիվանագիտական լարվածությունը շարունակում է ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության համար՝ հատկապես հաշվի առնելով երկրի զգալի կախվածությունը ռուսական էներգակիրների ներմուծումից։
Տնտեսական աճի կայուն հեռանկարներ բաժնում Fitch-ը նշում է.
Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին աճել է 7.1%-ով, շարունակելով նախորդ մի քանի տարիների բարձր տնտեսական աճի միտումը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 5.2%, սակայն այն կշարունակի զգալիորեն գերազանցել «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշը, որը կազմում է 2.9%։
Հայաստանի տնտեսության համեմատաբար ցածր կախվածությունը նավթից սահմանափակում է Իրանում պատերազմի հնարավոր ազդեցությունը երկրի տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից սահմանված ներմուծման սահմանափակումների տնտեսական հետևանքները դեռևս մնում են անորոշ։
Հնարավոր բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով Հայաստանի կառավարությունը և Եվրոպական միությունը արտահանողներին տրամադրում են ֆինանսական աջակցություն և սակագնային արտոնություններ։
Ի դեպ, ըստ Fitch-ի՝ Հայաստանի տնտեսական աճին կնպաստեն ՏՏ ոլորտը և Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։
«Մենք կանխատեսում ենք, որ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը կկայունանա շուրջ 5% մակարդակում, քանի որ առաջարկի կողմում վերջին տարիներին արձանագրված ցնցումների ազդեցությունը աստիճանաբար կնվազի։ Միևնույն ժամանակ, աճին կշարունակեն նպաստել դինամիկ զարգացող տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը և Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը»։
Նշվում է նաև, որ մի շարք խոշորածավալ ենթակառուցվածքային ներդրումային ծրագրեր կարող են երկարաժամկետ հեռանկարում լրացուցիչ խթան հաղորդել տնտեսական աճին։ Դրանց թվում է «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը՝ միջանցք, որը Հայաստանը հատելով՝ Ադրբեջանը կմիացնի Նախիջևանի ինքնավար հանրապետությանը, այնուհետև՝ Թուրքիային։
Նոր արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծման ծրագրերն ընդլայնվել են, և ներդրումների ծավալը կարող է հասնել Հայաստանի ՀՆԱ-ի 12%-ին։
Խաղաղության համաձայնագրի հետևողական իրականացումը և Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը կարող են լրացուցիչ խթանել տնտեսական աճը՝ ներդրումների, արտահանման և զբաղվածության ավելացման միջոցով։
Fitch-ը ակնկալում է, որ 2026 թվականին գնաճը միջինում կկազմի 4.4%, այնուհետև աստիճանաբար կվերադառնա Հայաստանի կենտրոնական բանկի 3% թիրախային մակարդակին։
«Գնաճի աճի միտումը ձևավորվել էր դեռևս մինչև Իրանի պատերազմի սկիզբը՝ պայմանավորված սննդամթերքի, ծառայությունների և համընդհանուր առողջապահական համակարգի ծախսերի աճով։
Միաժամանակ, Ռուսաստանի կողմից կիրառվող ներմուծման սահմանափակումները կարող են հանգեցնել որոշ ապրանքների ներքին առաջարկի ավելացման, ինչը կստեղծի գնաճը զսպող (դեզինֆլյացիոն) ազդեցություն։
Մենք կանխատեսում ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) ժամանակավորապես 25 բազիսային կետով (0.25 տոկոսային կետ) կբարձրացնի իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 6.75%-ի»։
Ըստ Fitch-ի, չնայած բյուջետային ցուցանիշների գերազանցմանը, ռիսկերը պահպանվում են.
«2025 թվականին պետական կառավարման ընդհանուր համակարգի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3.7%-ը, ինչը ցածր է եղել բյուջեով նախատեսված ցուցանիշից, սակայն գերազանցել է «BB» վարկանիշ ունեցող երկրների 2.8% միջին ցուցանիշը։
Մենք կանխատեսում ենք, որ 2026 թվականին պակասուրդը փոքր-ինչ կավելանա՝ համապատասխանելով կառավարության վերանայված բյուջետային թիրախին։
Ընթացիկ ծախսերի աճը շարունակում է բարձր մնալ՝ պայմանավորված համընդհանուր առողջապահական համակարգի ներդրմամբ առողջապահական ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև կենսաթոշակների բարձրացմամբ։ Այս ազդեցությունը մասամբ մեղմվում է պաշտպանության և անվտանգության ոլորտների ծախսերի նվազմամբ։
Միջնաժամկետ հեռանկարում մենք կանխատեսում ենք, որ մինչև 2028 թվականը բյուջեի պակասուրդը կնվազի մինչև ՀՆԱ-ի 3.4%-ը, ինչը, սակայն, կշարունակի գերազանցել կառավարության միջնաժամկետ՝ ՀՆԱ-ի 2.8% պակասուրդի թիրախը»։

Fitch-ի զեկույցում նշվում է, որ պետական պարտքը հիմնականում կմնա կայուն
«2025 թվականի վերջի դրությամբ պետական կառավարման ընդհանուր համակարգի պարտքը նվազել է՝ հասնելով ՀՆԱ-ի 47.2%-ին, ինչը ցածր է «BB» վարկանիշ ունեցող երկրների 51.6% միջին ցուցանիշից։
Մենք ակնկալում ենք, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ կմնա կայուն, քանի որ անվանական ՀՆԱ-ի բարձր աճը կփոխհատուցի առաջնային բյուջետային փոքր պակասուրդները։ Միաժամանակ, փոխարժեքի տատանումների հետևանքով հնարավոր է որոշակի փոփոխականություն պարտքի ցուցանիշներում։
Մեր գնահատմամբ՝ 2026-2028 թվականներին ֆինանսավորման կարիքները կբավարարվեն հիմնականում ներքին ֆինանսական աղբյուրների, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ վարկատուների միջոցով։
Արտաքին դիրքի թուլացման պայմաններում արտաքին պահուստների ամրապնդում
2025 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 7.2%-ին՝ նախորդ տարվա 4.6%-ի համեմատ, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշը։
Դա պայմանավորված էր ներքին պահանջարկի աճով, տարանցիկ առևտրի բնականոն մակարդակների վերականգնմամբ և զբոսաշրջությունից ստացվող եկամուտների նվազմամբ։
Ընթացիկ հաշվի պակասուրդի ֆինանսավորման մի մասը կապված է արտաքին բանկային վարկերով ֆինանսավորվող ներդրումների հետ։ Միաժամանակ, ֆինանսավորման աղբյուրների շարքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությունը նպաստում է առկա ռիսկերի մեղմմանը։
Մենք կանխատեսում ենք, որ 2026–2028 թվականներին ընթացիկ հաշվի պակասուրդը որոշ չափով կնվազի, սակայն կշարունակի մնալ համադրելի երկրների ցուցանիշներից բարձր։
2026 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային (արտարժութային) պահուստները հասել են ռեկորդային՝ 5.9 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կենտրոնական բանկը ներքին շուկայում իրականացրել է ԱՄՆ դոլարի գնումներ։
Սակայն ներմուծման բարձր պահանջարկի պատճառով ընթացիկ արտաքին վճարումների նկատմամբ պահուստների ծածկույթը մինչև 2028 թվականը կկազմի շուրջ 3.6 ամիս, ինչը ցածր է «BB» վարկանիշ ունեցող երկրների 4.5 ամսվա միջին ցուցանիշից»։
Բանկային համակարգի կայունություն
2026 թվականի առաջին եռամսյակում մասնավոր հատվածին տրամադրված վարկերի աճը պահպանվել է բարձր մակարդակի վրա՝ տարեկան կտրվածքով կազմելով 21.7%։
Ֆինանսական կայունության ռիսկերը մեղմվում են բանկերի կապիտալի և իրացվելիության ամուր դիրքերով։ Ռուսաստանից ստացվող արտակարգ ֆինանսական հոսքերի նվազման պայմաններում ևս բանկային համակարգի շահութաբերությունը շարունակում է մնալ բարձր, ինչը լրացուցիչ պաշտպանական բուֆեր է ստեղծում հնարավոր տնտեսական ցնցումների դիմակայելու համար։
Ավանդների դոլարայնացման մակարդակը շարունակում է նվազել և մայիս ամսվա դրությամբ հասել է 42.4%-ի։ Դրան նպաստել են կարգավորող միջոցառումները, հայկական դրամի նկատմամբ վստահության աճը և ազգային արժույթի արժևորումը։

