Իրանն Ուկրաինային չի հավատում
Առկա ապացույցները վկայում են այն մասին, որ Ուկրաինայի հարվածն իրանական առևտրային նավին կանխամտածված է եղել։ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
«Ուկրաինայի իշխանությունները՝ ինչպես Իրանի արտգործնախարարի հետ ուղիղ զրույցի ընթացքում, այնպես էլ մեզ ուղարկված հաղորդագրություններում, պնդում էին, թե հարվածը կանխամտածված չի եղել։ Սակայն առկա փաստերը և համոզիչ ապացույցները, ներառյալ Ուկրաինայի նախագահի ուղիղ հայտարարությունները, վկայում են այն մասին, որ հարձակումը կանխամտածված է եղել։
Մենք ի գիտություն ենք ընդունել ուկրաինական կողմի բացատրությունները և սպասում ենք՝ արդյոք դրանց կհետևե՞ն գործնական քայլեր, որոնք կհաստատեն այս հանցագործության ոչ դիտավորյալ բնույթի մասին իրենց պնդումները։
Իրանն, անշուշտ, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի Ուկրաինայի կողմից նման գործողություններն ու հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն»,- նշել է Բաղային։

