Բաքվի նոր դաշնակիցը. Ադրբեջանը շարունակում է ակտիվ քաղաքականությունը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է նպատակադրված աշխատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունն ու ինտեգրացիան խորացնելու ուղղությամբ։
Հուլիսի 30–31-ը Իլհամ Ալիևը պետական այցով գտնվել է Ղրղըզստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ, մասնակցել Ադրբեջանի և Ղրղըզստանի Միջպետական խորհրդի երրորդ նիստին, ինչպես նաև մի շարք պաշտոնական միջոցառումների։ Այցը երկու երկրների հարաբերություններում գնահատվում է որպես նոր փուլ՝ դրանք ռազմավարական գործընկերությունից դաշնակցային մակարդակի հասցնելու տեսանկյունից։
Այցի գլխավոր քաղաքական արդյունքն է դարձել «Ադրբեջանի Հանրապետության և Ղրղըզստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագրի» ստորագրումը։ Ղրղըզստանի նախագահը փաստաթուղթն անվանել է «պատմական իրադարձություն», որը երկու երկրների համագործակցությունը տեղափոխում է որակապես նոր մակարդակ։
Դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը նախատեսում է արտաքին քաղաքականության համակարգման խորացում, անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնում, ռազմատեխնիկական կապերի ամրապնդում, ինչպես նաև տնտեսական, ներդրումային, տրանսպորտային, էներգետիկ, արդյունաբերական և հումանիտար համագործակցության զարգացում։ Փաստաթուղթը նաև նախատեսում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում առավել սերտ փոխգործակցություն։
Այցի ընթացքում անցկացվեց նաև Ադրբեջանի և Ղրղըզստանի Միջպետական խորհրդի երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը՝ առևտրատնտեսական կապերից մինչև տրանսպորտային հաղորդակցություններ, էներգետիկա, ներդրումներ և մշակութային համագործակցություն։ Կողմերը հայտարարեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններն արագ զարգանում են, իսկ նոր պայմանագիրը դրանց ինստիտուցիոնալ հիմքն է դառնալու։
Եվ այս այցին զուգահեռ՝ Չոլպոն-Աթայում անցկացվեց Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Ադրբեջանի ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային միջանցքների, էներգետիկ փոխկապակցվածության և տնտեսական ինտեգրման հարցերը։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ալիևի վերջին տարիների ակտիվությունը Կենտրոնական Ասիայում պատահական չէ և պայմանավորված է նաև Թուրքիայի հետ համակարգմամբ ու լայն աշխարհաքաղաքական միտումներով։
Եթե միայն Ադրբեջանի մասին նշենք, ապա, նրա խոսքով, այն Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է, որի նպատակն է երկիրը վերածել Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան կապող առանցքային քաղաքական, տնտեսական և տրանսպորտային հանգույցի։ Վերլուծաբանի կարծիքով, ուկրաինական պատերազմի հետևանքով ձևավորված նոր աշխարհաքաղաքական պայմաններում Բաքուն փորձում է առավելագույնս օգտագործել Միջին միջանցքի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրությունը՝ իր դերը մեծացնելով արևելք-արևմուտք հաղորդակցություններում։
«Միաժամանակ հետևողականորեն խորացնում է համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ այն դիտարկելով նաև որպես Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում Ադրբեջանի ազդեցության ընդլայնման միջոց, փորձելով այդ համագործակցությունը հակադրել արդեն իսկ գոյություն ունեցող Եվրասիական առանցքին։ Բաքվի համար այս հարթակը վաղուց դուրս է եկել մշակութային համագործակցության շրջանակներից՝ վերածվելով քաղաքական, տնտեսական և անվտանգային համագործակցության գործիքի։
Միաժամանակ, Ռուսաստանի ազդեցության հարաբերական թուլացման և Կենտրոնական Ասիայի երկրների բազմավեկտոր արտաքին քաղաքականության պայմաններում Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում՝ առաջարկելով տարանցիկ ուղիներ դեպի Եվրոպա, ներդրումային ծրագրեր և Թուրքիայի միջոցով ավելի լայն տնտեսական ինտեգրման հնարավորություններ։ Այսպիսով, Բաքուն ձգտում է ոչ միայն ընդլայնել երկկողմ հարաբերությունները, այլև ձևավորել իրեն բարենպաստ տարածաշրջանային ճարտարապետություն, որտեղ Ադրբեջանը հանդես կգա որպես թյուրքական աշխարհի և Արևելք-Արևմուտք հաղորդակցությունների առանցքային օղակ։
Ադրբեջանը բավական հավակնոտ օրակարգ ունի, և փորձագիտական հանրության շրջանում մեծ է կասկածն այն հարցի շուրջ, թե որքանով այդ օրակարգը կհաջողվի, սակայն նկրտումներն արդեն տևական ժամանակ ակնհայտ են։ Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բախվում է խնդիրների Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում և փորձարկում է իր սահմանները»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այս ամենն անդրադառնում է նաև Հարավային Կովկասում Ադրբեջանի ձգտումների, ինչպես նաև Ադրբեջանի դիվանագիտական տոնայնության վրա։
«Ադրբեջանի ազդեցության ընդլայնման փորձերը Կենտրոնական Ասիայում ինքնին չի կանխորոշում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքը, սակայն այն Բաքվին տրամադրում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական ռեսուրսներ»,- ասաց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ Ադրբեջանի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ վաղուց արդեն դուրս է եկել սովորական երկկողմ հարաբերությունների շրջանակներից և դարձել է Բաքվի ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության մաս։
«Այդ ռազմավարության հաջողության աստիճանը դեռևս կախված է բազմաթիվ արտաքին գործոններից՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի և Արևմուտքի շահերի համադրությունից։ Ինչ-որ առումով այդ ամենի հաջողությունը կախված է նաև հետագա զարգացումներից, հետևաբար՝ գերտերությունների հետագա պայմանավորվածություններից ու որոշումներից»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

