Ներդրողները տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում ներդրողների ու ընդհանրապես բիզնեսի հետ

Վերջերս Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահին ու ֆինանսների նախարարին գործուղել էր մասնակցելու միջազգային մի համաժողովի՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու նպաստելու ներդրումների ներգրավմանը։

Ներդրողներին գրավելու համար ֆինանսների նախարարը համաժողովում երկար-բարակ խոսել էր այն մասին, թե ինչքան կայուն է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը, թե ինչպիսի քաղաքականություն ու բարեփոխումներ է իրականացնում կառավարությունը՝ երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար։

Արդյոք համաժողովի մասնակիցները հավատացե՞լ են նախարարի ասածներին, թե՞ ոչ, հետո կերևա։ Բայց փաստ է, որ իշխանությունների արածը ոչ մի կերպ չի տեղավորվում առողջ բանականության մեջ. Մի կողմից՝ միջազգային հարթակներում փորձում են ներկայացնել Հայաստանը՝ որպես ներդրումների համար գրավիչ երկիր, մյուս կողմից՝ երկրի ներսում անում են բաներ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում դրա շրջանակներում։

Ներդրողները պաշտոնյաների գեղեցիկ խոսքերին ու ներկայացումներին հետևելով չէ, որ ներդրումներ են անում։ Նրանք էլ են տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում ներդրողների ու ընդհանրապես բիզնեսի հետ։ Ներդրումներ կատարելուց առաջ ներդրողներին առաջին հերթին ոչ թե երկրի մակրոտնտեսական կայուննությունն է հետաքրքրում, այլ այն, թե ինչքանով պաշտպանված կլինեն իրենց ներդրումները։

Կարդացեք նաև

Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ քաղաքական հաշվեհարդար են իրականացնում բիզնեսի նկատմամբ։

Համաժողովներում ներդրումների համար բարենպաստ միջավայրից են խոսում, իսկ ներսում հարձակվում են ներդրողների վրա։ Բոլորն էլ տեսնում են, թե վերջին օրերին ինչպես են իրավապահներն ու հարկայինները ներխուժում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններ, իրականացնում խուզարկություններ, փակում արտադրություններ, դադարեցնում դրանց գործունեությունը, ստեղծում անվտանգային խնդիրներ։

Հարցն այստեղ բոլորովին էլ Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Կարելի է սիրել կամ չսիրել նրան, կարելի է ընդունել կամ չընդունել նրան, համաձայնել կամ չհամաձայնել նրա քաղաքական գործունեության, հայացքների հետ։ Խնդիրը դա չէ, խնդիրը բոլորովին այլն է. Ցանկացած ներդրող այս ամենին այլ աչքով է նայում. Տեսնում է, որ իշխանությունը քաղաքական հայացքների համար քաղաքացու բիզնեսների նկատմամբ կարող է գործի դրնել ամբողջ պետական մեքենան, տեսնում է, որ պետական մարմինները կարող են չեղած տեղից քրեական գործեր հարուցել։

Չկա ոչ մի երաշիք, որ ցանկացած պահի նույնը չի լինի մյուսների նկատմամբ։

Սա Հայաստանում այլևս համակարգային խնդիր է դարձել ու ոչ առաջին, ոչ էլ հաստատապես վերջին դեպքն է։ Նման երևույթի ականատես եղանք Սամվել Կարապետյանի պարագայում։ Սամվել Կարապետյանից առաջ էլ բազմաթիվ բիզնեսներ արդեն հասցրել էին բախվել իշխանության կամայականություններին՝ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում։ Հիմա էլ նույնը տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ։ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ու հիմա վրեժխնդիր է լինում։

Ինչքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, թե գործ ունեն իրավական գործընթացների հետ, այստեղ օրենք ու օրինականություն չկա։ Սա անարխիա է, որը քանդում է տնտեսության հիմքերը։ Այսպիսի պայմաններում ինչ հույսեր կարող են ունենալ, որ Հայաստանում ներդրումներ են լինելու։ Զարմանալի չէ, որ Հայաստանում շատ քիչ ներդրումներ են կատարվում։

Իրական տնտեսության մեջ այս տարվա առաջին եռամսյակում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 25 մլրդ դրամ կամ 70 մլն դոլարից պակաս։ Նախորդ տարվա համեմատ դրանք ընդամենը մի քանի հարյուր միլիոն դրամով են ավելացել։ Ու դա օրինաչափ է, երբ տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքական հաշվեհարդար է իրականացվում ներդրողների, խոշոր բիզնեսների հետ։

Ոչ մի լուրջ ներդրող չի ցանկանա ներդրումներ կատարել այնպիսի միջավայրում, որտեղ իր բիզնեսի ապագան կախված կլինի ոչ թե օրենքից, այլ քաղաքական իշխանության կամքից. Քաղաքական իշխանությունը կուզի՝ ներդրողը կաշխատի, չի ուզի՝ կփակի ու կխլի բիզնեսը։

Երբ նույն օրը հարձակվում են գործարարի մեկ տասնյակից ավելի ընկերությունների վրա, կապարակնքում ու խափանում դրանց գործունեությունը, սրանից տուժողը միայն Գագիկ Ծառուկյանը չէ։ Սրանից տնտեսությունն է տուժում, պետական բյուջեն է տուժում, տուժում են մարդիկ, ովքեր այդ ընկերություններում աշխատում են, աշխատավարձ են ստանում, լուծում են իրենց ընտանիքների սոցալական խնդիրները։

Մարդիկ, ովքեր ուրախանում են, որ փակում են Գագիկ Ծառուկյանի կամ մեկ ուրիշի բիզնեսները, գուցե չեն էլ պատկերացնում, թե դրանից ինչքան վնասներ է կրում պետությունն ու քաղաքացին։ Այդ ընկերությունները միլիարդավոր դրամների հարկեր են վճարում։ Ու երբ դրանք փակվում են, այդ գումարները չեն մտնում պետական բյուջեն, չեն դառնում թոշակ ու նպաստ, չեն իրականացվում այն տնտեսական ծրագրերը, որոնք պիտի իրականացվեին այդ միջոցներով։ Երբ այդ ընկերությունները չեն աշխատում, հազարավոր աշխատողներ դառնում են գործազուրկ, աշխատավարձ չեն ստանում ու այդ աշխատավարձերից հարկեր չեն գանձվում։ Չստացած աշխատավարձը նաև չկատարված առևտուր է, որից էլի հարկեր չեն գոյանում։

Տուժում է երկրի ներդրումային հեղինակությունը, եթե դրանից դեռ ինչ-որ բան թողել են։

Ներդրումները, որոնք պիտի դառնան ապագա տնտեսական աճերի ու զարգացումների հիմք, չեն ստացվում։

Այսպիսի միջավարում ոչ մի ներդրող հակված չէ ներդրում անել։ Եվ դրա պատճառն այն է, որ օրենքն ու իրավուքը վաղուց արդեն Հայաստանում հետին պլան են մղված։ Իշխանության կամքը դարձել է բարձրագույն օրենքն ու իրավունքը, որը կարող է իջնել ցանկացած ներդրողի, գործարարի, բիզնեսի ու քաղաքացու գլխին։

Քանի դեռ իշխանության քաղաքական կամքը Հայաստանում կարող է վեր լինել սեփականության իրավունքից, օրենքից և տնտեսական ազատությունից, ներդրումներից հույսներդ կտրեք, ներդրումները կմնան երազանքի մակարդակում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031