Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր են սպասում նրա բաց պատասխանին
Ապրիլի 17-ին «44-օրյայի զեկույցի հանրայնացման հետ կապված՝ Փաշինյանը պլաններ ունի. ինչո՞ւ ԱԺ-ում նա շրջանցեց պատերազմական կարևոր դրվագները» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող ելույթին:
«Այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները: Հիմա դուք ասում եք՝ փախել են գեներալները, փախել են ձեր ղեկավարությամբ, գնացեք և որոշում ընդունեք»,- խորհրդարանում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր Սեյրան Օհանյանը:
Այս միտքն առավել ընդգրկուն Սեյրան Օհանյանն ասել է դեռևս 2023 թվականին 168.am-ի հետ հարցազրույցում և դրանից հետո, և գուցե հնչեղության պատճառն այն է, որ այս անգամ այն հնչեց ԱԺ ամբիոնից և ուղղվեց անմիջապես Նիկոլ Փաշինյանին:
«ՊԲ-ն ունեցել է 283 կմ պաշտպանական գոտի, 2 տեղում հակառակորդը հարված է հասցրել հարավային ուղղությամբ՝ Հադրութ, Ջաբրայիլ, և հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ: Մարտակերտի ուղղությամբ հնարավորություն է ստեղծվել կանգնեցնել, որը տեղի օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների աշխատանքի արդյունքն է: Իսկ հարավային ուղղությամբ հակառակորդը ճեղքել է պաշտպանական գիծը: Եթե մեծ ճեղքում է տեղի ունենում, ապա Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի հրամանատարները մեղավոր չեն, որ այդ ճեղքումով հակառակորդը կարողացել է 52 կմ մինչև Շուշի հասնել, մինչև 70-100 կմ հասնել Մեղրի, Կապան, Գորիս, Սև լճի հատվածներ: Այդ հրամանատարները մեղավոր չեն: Մեղավոր են այն մարդիկ, որոնք պետք է ռազմական գործողությունների թատերաբեմը պատկերացնեին՝ տարածության, ընդհանուր ճակատի, խորության, ժամանակի, զորքերի դասավորության, հնարավոր վերախմբավորումների և զինված ուժերն անընդհատ համալրելու առումով:
Եթե ՊԲ-ն իր պաշտպանության գոտում որոշում է ընդունում, այդ որոշումը հաստատում է կամ ԳՇ-ն, կամ Արցախի Հանրապետության նախագահը, բայց այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, իսկ զորամիավորումներ են և՛ ՊԲ-ն, և՛ մնացած կորպուսները, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇ-ն է, իսկ ԳՇ-ի որոշումը հաստատողը ՀՀ ղեկավարն է՝ Գերագույն հրամանատարը: Իսկ հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր:
Իսկ Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում: Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, ռազմավարական մակարդակի պատասխանատուն, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար»,- մեզ հետ զրույցում ասել էր Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքից փորձեց օգտվել հրատարակիչ, մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետի հետ ունեցած իր հանդիպումից ինչ-որ մանրամասներ հանրայնացնելով, որը կապված էր և՛ «Իսկանդերի» կիրառել-չկիրառելու, և՛ Շուշին հանձնելու հետ: Ընդ որում, սա առաջին անգամը չէ:
Եվ տևական լռությունից հետո Օնիկ Գասպարյանը որոշեց արձագանքել վերը նշված հայտարարություններին՝ առաջարկելով խոսել փակ հանդիպման ձևաչափով:
«Առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,- նշվում է գեներալի տարածած հայտարարության մեջ:
Այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ չի ասել ԳՇ նախկին պետը 44-օրյայի քննիչ հանձնաժողովում իր երկօրյա և մոտ 10 ժամ տևած հարցաքննության ժամանակ: 168.am-ը գրել է, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի զեկույցին որպես հավելված կցվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գրավոր վերլուծությունը՝ 70-80 էջի սահմանում: Եվ թեև խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն ընդդիմադիր պատգամավորներից (Գեղամ Մանուկյան, Տիգրան Աբրահամյան) ծանոթացել են զեկույցին, Օնիկ Գասպարյանի փաստարկված վերլուծությանը: Քաղաքական ղեկավարությունը, պատերազմի ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք ևս ամեն ինչ գիտեն՝ կա՛մ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու միջոցով, կա՛մ հարուցված քրեական գործերի: Գուցե ԳՇ նախկին պետը մտածում է, որ իշխանության ներկայացուցիչների կամ շրջանակների հետ նույն սեղանին կարող է այս անգամ հավաքել ընդդիմադիր պատգամավորների, որպեսզի նրանք հարցեր տան և ինքն ասի այն, ինչը դեռ չի՞ ասել:
Դառը փորձը ոչինչ չի՞ սովորեցրել: 5 տարի առաջ հենց այս օրերին Օնիկ Գասպարյանն առաջարկեց ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, թեև դրանից առաջ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «բարոյազուրկ ստախոս»: Հղում անելով մեր աղբյուրներին, մենք գրել ենք, որ գեներալի հույսը եղել է այն, որ ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն այդ հանձնաժողովի աշխատանքներին, բայց խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում կայացրեց՝ չմասնակցել այդ ֆարսին: Իսկ նույն ժամանակ՝ 2021 թվականի ապրիլին, Օնիկ Գասպարյանը նաև հեռակա բանավեճի մեջ էր Անվտանգության խորհրդի հետ, որ պատերազմի 4-րդ օրը կայացած նիստի ժամանակ իր ելույթից կոնտեքստից կտրված հատվածներ են գաղտնազերծել, ուստի պահանջում էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի իր և ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ հրապարակել:
Ավելին, 168.am–ի հետ զրույցում էլ շեշտել էր. «Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:
Իսկ հիմա, երբ քաղաքական ընդդիմադիր գործիչները, անհայտ կորած և զոհված զինվորների հարազատները, հանրությունը, ռազմական ոլորտի մասնագետները գործող իշխանություններից պահանջում են հրապարակել 44-օրյայի զեկույցը, Օնիկ Գասպարյանը դարձյալ փակ քննարկում է առաջարկում նրանց հետ, ովքեր ամեն ինչից արդեն տեղյակ են:
Մյուս կողմից, նրա առաջարկը կարող են իշխանություններն օգտագործել, կանչել այդ քննարկմանը անհայտ կորածների հարազատների, որոնք սկզբում մասնակցել են քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, և լռեցնել զեկույցը հանրայնացնելու պահանջը: Ինչո՞ւ ԳՇ նախկին պետն ինքը չի ցանկանում, որ այդ զեկույցը հանրայնացվի:
Կամ՝ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը մինչև այս չի պատասխանել այն հայտարարություններին, որոնք, ինչպես նշեցինք, առաջին անգամ չեն հնչում:
Ինչո՞ւ 44-օրյայի ժամանակ ԳՇ պետ եղած գեներալը չի արձագանքել հակահարվածի հայտնի օպերացիայի համատեքստում իր պատասխանատվության մասին պնդումներին: Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունիսին քննիչ հանձնաժողովում բաց հարցաքննության ժամանակ այդ օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր հենց իր վրա, թեև այս հարցն Օնիկ Գասպարյան-Ջալալ Հարությունյան տանդեմի շրջանակում է:
Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը չի արձագանքել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ Անդրանիկ Քոչարյանի այն գաղտնազերծում- հայտարարությանը, որ իբր ինքն ափսոսանք է հայտնել ՀՀ ԶՈւ հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերի կրճատման որոշման առիթով, որոնց հաշվին, Տոնոյանի և ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի պնդմամբ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ստեղծվել: Ի վերջո, Օնիկ Գասպարյանը 2017 թվականից ԳՇ պետի տեղակալ է եղել, իսկ ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսն էլ պահել է Արցախի 9-րդ պաշտպանական շրջանի թիկունքը:
Ինչո՞ւ ԳՇ նախկին պետը հրապարակավ չի ասում՝ ե՞րբ է տրվել «համար մեկ պատրաստության» հրամանը, ինչո՞ւ այն չի տրվել հենց սկզբից, ո՞վ թույլ չի տվել:
Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը չի ասում, թե այդ ի՞նչ հաշվարկով է 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանի հրամանով ձեռնարկվել Շուշին հետ վերցնելու գործողություններ, որոնց ձախողման համար Փաշինյանն ասում էր, որ ինքը պիտի պատասխան տա դատարանում՝ «Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու»:
Սրանք հարցեր են, մեղադրանքներ, որոնք հնչել են հրապարակավ, արդյո՞ք դրանց հրապարակման ենթակա որևէ պատասխան չի գտնում Օնիկ Գասպարյանը: Դեռ չենք խոսում «Իսկանդերի» կիրառման Անդրանիկ Քոչարյանի ասած՝ խայտառակ պլանի մասին, որի վերաբերյալ պնդումները դարձյալ հրապարակային են եղել, և եթե այս դեպքում պետական կամ ռազմական գաղտնիքի տակ ինչ-որ տվյալներ կարող են անցնել, ապա մյուս հարցերին կարելի է հրապարակային պատասխանել:
Ի դեպ, չէր խանգարի խոսել նաև պատերազմի 4-րդ օրը կանգնեցնելու առաջարկից, զուտ ռազմական առումով ինչի արդյունքում է այն հասունացել, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը սկզբում չէր հերքել, որ նման առաջարկ եղել է, հետո Օնիկ Գասպարյան-ԱԽ տարաձայնության ժամանակ հետ էր կանգնել իր չհերքումից, իսկ 2024 թվականի մայիսին իր ասուլիսում Փաշինյանը նման մի ակնարկ էր արել.
«Մի դրվագ կա, որի մասին ես ամբողջապես չեմ ասել, այդ թվում՝ պատկերն ինձ համար ամբողջապես չլինելու պատճառով: Դա 7-րդ օրը (Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի 4-րդ օրն էր ԱԽ նիստում առաջարկել կանգնեցնել պատերազմը։- Մ.Պ.) պատերազմը դադարեցնելու մասին էդ հայտնի խոսակցությունն էր, թե դա ինչի մասին էր, ինչ էր նշանակում, որտեղից էր գալիս և ուր էր գնում, ինչ նպատակով»:
Այնպես որ՝ 44-օրյայի ժամանակվա ղեկավարությունը պետք է որոշ դեպքերում նաև նախահարձակ լինի, ոչ թե մշտապես լավագույն դեպքում՝ պատասխանողի դերում, երբեմն ազգային շահը հենց դա է պահանջում, ինչո՞ւ չէ նաև՝ իրենց իսկ շահը, հետո պաշտպանելը դժվար է լինելու, հատկապես, երբ պաշտպանողներն էլ շատ չեն կամ իրավիճակային:



