Նիկոլ Փաշինյանի մեսիջը՝ Օնիկ Գասպարյանին. ինչ նպատակով է առաջարկվել կանգնեցնել պատերազմը

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանազատման և սահմանագծման գործընթացին և 1988 թվականի փաստաթղթերին, որոնք, ըստ նրա, չեն հասցրել մտնել ուժի մեջ, մի «գաղտնազերծում» է արել՝ «2020-ից մեր գործերի մի զգալի հատված վերաբերել և նվիրված է եղել սահմանազատման հետ կապված բոլոր փաստաթղթերը գույքագրելուն, ուսումնասիրելուն՝ մի նպատակով՝ հստակ իմանալու համար, թե որտեղով է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը»:

Փաշինյանը, իհարկե, չի հստակեցրել՝ ՀՀ լեգիտիմ սահմանի «փնտրտուքի» անհրաժեշտությունը երբ է առաջացել՝ 2020 թվականի հուլիսյան պատերազմից առա՞ջ, թե՞ հետո, 44-օրյա պատերազմից առա՞ջ, թե՞ հետո:

Եթե հուլիսյան պատերազմից առաջ է նման գաղափար ծնվել, ապա կարելի՞ է ենթադրել, որ հուլիսյան մարտերը և դրանից հետո այս մարտական գործողությունների մասնակիցներին Սարդարապատում պարգևատրումը ծրագրված էր և հեռահար նպատակներ ուներ, օրինակ, դա կարող էր հանգեցնել 44-օրյա պատերազմի, ինչի մասին ավելի ուշ հենց Նիկոլ Փաշինյանն էր ակնարկել 2020 թվականին Արցախում պատերազմից հետո:

Մասնավորապես, իր «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում Նիկոլ Փաշինյանը նկատել էր.

Կարդացեք նաև

«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց»:

Այնուհետև նա շարունակել էր. «Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք»:

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ Փաշինյանն այս համատեքստում ինքնախոստովանություն էր արել, որ առնվազն 2020-ի թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ իմացել կամ հասկացել է՝ պատերազմ է լինելու, և սա՝ ոչ թե վերացական, այլ շատ հստակ:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք–ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, որին մասնակցեցին երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ավելի ուշ պարզվեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարացվել են:

Կրկնում ենք՝ եթե հուլիսյան մարտերի օրերին է Փաշինյանը լեգիտիմ սահման ունենալու կամ սահմանագծում անելու մտադրություն ունեցել, ուրեմն՝ նա դիտավորյա՞լ է դեմ գնացել իր այս համոզմունքին և սադրե՞լ այդ մարտերը, քանի որ այդ մարտերի արդյունքում մենք ոչ միայն պահպանել ենք ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի պաշտպանությանը հանձնված տարածքները, այլ, ըստ էության, ունեցել ենք նաև դիրքային բարելավում:

Ինչպես 168.am-ի հետ հարցազրույցում նշել է, որ «Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից»:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020թ օգոստոսի 28-ին Սարդարապատում հուլիսյան մարտերի մասնակիցներին պարգևատրման արարողությանը 5 դրույթ էր առանձնացրել, որտեղ, մասնավորապես, շեշտել էր, որ «հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ», և, որ «հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական մարտավարության հարցերն ինքնուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը»:

Համաձայնեք, որ սա չի համընկնում Տավուշում իրականացվող այսօրվա քաղաքականության հետ:

Եթե Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո է որոշել սահմանազատման հետ կապված բոլոր փաստաթղթերը գույքագրել՝ հստակ իմանալու համար, թե որտեղով է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը, ապա ոչ միայն կարելի է ենթադրել, որ 44-օրյա պատերազմը ևս ծրագրված էր, այլ, որ իրականում, ինչպես բազմիցս նշել ենք, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից Տավուշի մասին կետը թեպետ հանվել է, բայց հարցը մնացել է Փաշինյան-Ալիև բանավոր բանակցությունների կամ պայմանավորվածությունների օրակարգում: Եթե հաշվի առնենք նաև մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանի ասածը, որ Տավուշում տեղի ունեցող սահմանագծման, սահմանի վերարտադրման գործընթացը չպետք է դիտարկել 2020 թվականի իրադարձություններից կտրված, այսինքն, 44-օրյա պատերազմից, ապա վերջին պնդումը հաստատ համապատասխանում է իրականությանը:

Չմոռանանք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից մոտ մեկ ամիս հետո Փաշինյանի միանձնյա որոշմամբ Սյունիքից հայկական զորքը միակողմանի հետ քաշվեց՝ լեգիտիմ հիմք ստեղծելով ադրբեջանական ուժի գործադրմամբ սահմանների գծման, երբ հայտարարության առաջին կետը սահմանում էր, որ Արցախում հրադադադարի հաստատումից հետո «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

«4 գյուղերի հանձնման» օպերացիայի համատեքստում Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է իր՝ 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, որ Տավուշին վերաբերող կետով պայմանավորված՝ ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Նշենք, որ այդ ժամանակ պատասխանելով Օնիկ Գասպարյանին, ով հայտարարել էր, որ այդ հարցը քննարկել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, որից հետո այդ կետը հանվել էր, Փաշինյանն իր ճշմարտությունն էր առաջ քաշել.

«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»,- 2021-ի նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարել էր Փաշինյանը:

Նույն պնդումը նա արել էր նաև 2023 թվականի մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ընթացքում՝ «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի, ես ասել եմ՝ չեմ ստորագրի»:

Այսօր, փաստորեն, Փաշինյանը հաստատել է, որ 2020 թվականի նոյեմբերին 9-10-ին այդ մտքին է եղել, և բացատրել՝ ինչու:

«Ես այդ հայտարարությամբ նկարագրել եմ, բացել եմ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իմ աշխատասենյակում տեղի ունեցած իրադարձությունները: Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Հիմա էստեղից բխում է հաջորդ հարցը՝ հիմա, եթե այն ժամանակ չէիր ստորագրի, հիմա ինչո՞ւ, ի՞նչն է փոխվել: Փոխվել է շատ կարևոր բան, էական բան՝ սահմանային սյուները՝ Ալմա Աթայի հռչակագիրը, որպես սահմանազատման բազային սկզբունք, հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ընդունած փաստաթուղթը և սահմանազատման գործընթացը: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ վերոնշյալ հայտարարությունը չի վերաբերել միայն այդ խնդրին: Հայտարարությունը վերաբերել է արդյո՞ք Խերեմլիին նույնպես, այո, վերաբերել է: Ինչո՞ւ այն ժամանակ չեմ ստորագրել, որովհետև այն ժամանակ ստորագրության դիմաց դելիմիտացված պետական սահման չէինք ստանալու, սահմանային սյուներ չէինք ստանալու, անվտանգության երաշխիքներ չէինք ստանալու, իսկ այստեղ ստացանք, սա առանցքային՝ շրջադարձային տարբերություն է»,- մանրամասնել է նա:

Ի՞նչ է ստացվում՝ եթե այն ժամանակ Ադրբեջանն առաջարկեր սահմանազատման գործընթաց սկսել, Նիկոլ Փաշինյանը համաձայնելու էր Տավուշից տարածքներ տալ, քանդել պաշտպանական գիծը՝ ըստ մի հայտարարության, որը վերաբերում էր Արցախում ռազմական գործողությունների դադարեցմա՞նը: Այդ եռակողմ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության մասին չէր, ոչ էլ ՀՀ-ում պատերազմ էր եղել և պետք է հրադադար հաստատվեր: Մեծ հաշվով, ստացվում է, որ Փաշինյանը լավ էլ կողմ է եղել Տավուշից տարածքների հանձնմանը, ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է եղել, այլ հարց է՝ ՊՆ-ում և ԳՇ-ում իմացե՞լ են այդ մասին: Գուցե սա նկատի ուներ Դավիթ Տոնոյանը, երբ ասում էր, որ նոյեմբերի 20-ից հետո անկլավների հարցի վերադարձն օրակարգ՝ իր պայմանավորվածությունների հետ աղերս չունի:

Հավելենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր.

«Ես խոսել եմ Դավիթ Տոնոյանի հետ, իմ իմանալուց հետո, որ նման բան կա: Նշել եմ՝ ինչ կապ ունեն այդ տարածքային պահանջները հրադադարի հետ, և ոչ միայն անկլավների, այլ ընդհանրապես, որ սա դառնում է լրիվ ուրիշ բան: Դավիթ Տոնոյանն ինձ ասեց՝ կապում մնա, ես հիմա միանգամից խոսեմ, գուցե ուրիշ բան էլ լինի: Լսափողը պահած ես լսել եմ՝ ինքը ոնց է խոսում Փաշինյան Նիկոլի հետ: Նա ներկայացրել է այդ ամեն ինչը՝ և՛ տարածքների, և՛ անկլավների հետ կապված, նաև՝ այն պահերի, որ, ասենք, Արցախի տարածքում, ըստ ԼՂԻՄ-ի քարտեզի, իրենք լեզվակներ ունեն մտած: Դրանց հետ կապված ես առաջարկել եմ, որ այն տարածքները, որտեղ գտնվում էր շփման գիծը, բայց նախկինում ԼՂԻՄ-ի տարածքից դուրս էր, դրանք փոխարինենք: Ասել եմ՝ այդ քայլին էլ գնացեք, միանգամից զիջողական կեցվածք մի ընդունեք: Այս մասին լրիվ ես լսել եմ, որ Տոնոյան Դավիթն առաջարկել է»:

Իսկ թե ինչու է Տավուշից սկսվում սահմանազատումը և սահմանագծումը, Փաշինյանն այսօր հերթական անգամ պնդել է՝ պատերազմը բացառելու համար: Այլ հարց է՝ որքանով է դա հնարավոր, եթե ոչ՝ հակառակը: Մի բան փաստ է՝ Փաշինյանը չի մշակում հավանական պատերազմին համահունչ սցենար, բանակը չի պատրաստում պատերազմի, ինքն է ասուլիսին խոստովանել, որ կենտրոնացած են ոչ թե պատերազմի հավանականությունը վերլուծելու վրա, այլ այն բացառելու՝ Տավուշում դրված սյուները դիտելով որպես անվտանգության երաշխիք, իսկ հյուսիսարևելյան ամուր պաշտպանական գծի առկայությունը՝ հնարավոր պատերազմի ցուցիչ:

Ի դեպ, այսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանը մեսիջ է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:

«Մի դրվագ կա, որի մասին ես ամբողջապես չեմ ասել, այդ թվում՝ պատկերն ինձ համար ամբողջապես չլինելու պատճառով: Դա 7-րդ օրը (Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի 4-րդ օրն էր ԱԽ նիստում առաջարկել կանգնեցնել պատերազմը։- Մ.Պ.) պատերազմը դադարեցնելու մասին էդ հայտնի խոսակցությունն էր, թե դա ինչի մասին էր, ինչ էր նշանակում, որտեղից էր գալիս և ուր էր գնում, ինչ նպատակով»,- նշել է նա՝ առանց փակագծեր բացելու:

Գուցե քաղաքական հարմար պահի այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը բացի՞ փակագծերը, որի մասին ակնարկել է այսօր: Իսկ գուցե Օնիկ Գասպարյանն առա՞ջ ընկնի…

Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին ուղղված մեսիջը գուցե պայմանավորված էր նրա վերջին հայտարարությա՞մբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննությունից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին լրագրողները հարց էին ուղղել՝ Տավուշում և Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչին ի պատասխան՝ նա նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ է անում», որ իր հայրենի Տավուշի տարածքներն է ականազերծում, որ հանձնի Ադրբեջանին, և, որ պատրաստ է տավուշցիների հետ պայքարել:

Թե որքանով է գեներալը ներկա տավուշցիների կամ հանուն Տավուշի ու ՀՀ անվտանգության պայքարում, հայտնի չէ: Գուցե պայքարում է, բայց տեսանելի չէ՞, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Օնիկ Գասպարյանը, ով ժամանակին պահանջում էր հրապարակել ԱԽ հայտնի նիստում իր ամբողջ ելույթը, պետք է նախահարձակ լինի, և ոչ թե հետո լինի Նիկոլ Փաշինյանին պատասխանողի դերում: Ի դեպ, Փաշինյանը սկզբում չէր հերքել, որ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը նման առաջարկ է արել, իր դիրքորոշումից հետ էր կանգնել, երբ սկսվել էր այս թեմայով ԱԽ-Օնիկ Գասպարյան «փոխհրաձգությունը»: 

 

Տեսանյութեր

Լրահոս