Ի՞նչ նյութեր են կցվել 44-օրյայի զեկույցին, որոնք «մեծացրել են» զեկույցի՝ նախապես հայտարարված էջային ծավալը
Երեկ 168.am-ը՝ «44-օրյայի զեկույցը հիմա 200-ից ավելի է՞ջ է, թե՞ 400-ից ավելի. Ի՞նչ է խառնում Անդրանիկ Քոչարյանը, և ի՞նչ կարևոր բաներ չի հիշում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ նշել ենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մշտապես նշել է, որ 44-օրյայի զեկույցը մոտ 200 կամ 215 էջ է, ընդ որում, նաև այն ժամանակ, երբ այն արդեն փոխանցվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Բայց մարտի 17-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարել է.
«Քննիչ հանձնաժողովի զեկույցը 400 էջից ավելի դարձավ՝ իր տեսագրություններով, տեքստային մասով, արձանագրություններով»:
Համաձայնեք, որ տարբերությունը մեծ է:
Նշենք՝ երբ Անդրանիկ Քոչարյանը նշում էր 200 էջի մասին, դարձյալ հիշատակվում էին ձայնագրությունները, տեսագրությունները, 16.000 փաստաթղթային նյութերը:
Հոդվածի հրապարակումից հետո մեզ հաջողվել է որոշ բաներ պարզել, որ, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը քննիչ հանձնաժողովի զեկույցին որպես հավելված՝ կցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գրավոր վերլուծությունը՝ 70-80 էջի սահմանում:
Բացի այս, 44-օրյայի զեկույցին կցվել է նաև Սու-30-ների հետ կապված Անդրանիկ Քոչարյանի մի քանի էջանոց նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ:
«Էդքան քննարկված փաստը Սու-30-ների մասին: Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր. ասեք՝ ինչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք. դուք պատկերացնո՞ւմ եք՝ գերժամանակից ինքնաթիռ: Եթե ես ճիշտ եմ հիշում, պարոն Քոչարյան, Դուք այդ թեմայով ինձ նամակ եք գրել, վերլուծություն եք ներկայացրել: Ես այդ նամակը վերցրել եմ և մակագրել Պաշտպանության նախարարությանը, թե ինչքանով է նպատակահարմար այդ ինքնաթիռների ձեռքբերումը: Ես այդ նամակը մակագրել եմ Պաշտպանության նախարարությանը, ասել եմ՝ սենց տեսակետ կա, քննարկեք և ասեք: Ստացել եմ պատասխան, որ՝ քննարկել ենք, և մեր եզրակացությունն այն է, որ դա մեզ պետք է»,- 2023 թվականի հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր Փաշինյանը:
Ի դեպ, 2024 թվականի փետրվարին Factor-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Մեր տեխնիկան սկզբից չէր թռնում, հետո կիսատ էր թռնում, հետո հայտնաբերվում էր, խոցվում էր: Հիմա մարտական խնդրի լուծման համար ԳՇ-ն տվել է իր համաձայնությունը լիարժեք փուլ անցնելու, և շատերը լիարժեք փուլ անցել են»:
Այնուհետև նա շարունակել էր. «Մենք ունեինք սպառազինության սխալ ձեռքբերումներ, իմիջիայլոց, Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ես ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին»:
Այդ ժամանակ մենք գրավոր հարցումներ էինք ուղարկել Անդրանիկ Քոչարյանին, այդ թվում՝ Սու-30-ների հետ կապված, ինչին նա պատասխանել էր.
«Սպառազինությունների և մյուսների վերաբերյալ հարցադրումների պատասխանները ներառված կլինեն վերոնշյալ զեկույցի մեջ»:
Իսկ «Քննիչ հանձնաժողովի զեկույցի սուբյեկտիվ կողմը. Փաստերի հետքերով» վերտառությամբ մեր հոդվածում էլ հայտնել էինք, որ 44-օրյայի զեկույցի կազմման գործում իր զգալի դերն է ունեցել Քննիչ հանձնաժողովում փորձագետ աշխատած ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, որն անցնում էր 42 միլիոնի զենքի հայտնի գործով՝ «մետաղաջարդոնների», բայց տարիներ անց քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվել էր:
Սակայն 2020 թվականի ապրիլին, երբ նա դեռ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում էր, բաց նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ «ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում»:
Նամակում անդրադարձ կար նաև Սու-30-ների մասին:
«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համարձակություն եմ ունեցել մասնագիտական հիմնավորված կարծիք հայտնելու և կասկածի տակ դնելու Սու-30 ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը ՀՀ ԶՈւ-ի համար։
Դրանից անմիջապես հետո ենթարկվել եմ հետապնդումների ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից…»,- նշվում էր նամակում:
Ի դեպ, Սու-երը 44-օրյա պատերազմում կիրառվել են և մարտական որոշակի խնդիր են լուծել:



