TRIPP-ի իրականացման պարագայում Իրանը կարող է հարվածել նաև Հայաստանի տարածքին․ Կարեն Իգիթյան

Կովկասագետ Կարեն Իգիթյանն այն կարծիքին է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո տարածաշրջանային բախման հանգուցալուծումը շուտ չի լինելու, որովհետև ըստ նրա՝ պատերազմը պետք է հաղթող ունենա։

«Այս պահին մենք տեսնում ենք, որ Իրանն ուժեղ պատասխան է տալիս․ շատ ավելի ուժեղ է հարվածում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, քան նախորդ ամռանը։ Իրանը ցույց է տալիս, որ այլևս թույլ չի տա, որ նախկինի պես ամերիկացիները հարված հասցնեն, հետո փորձեն բանակցել։ Իրանում համոզվեցին, որ այդ մարտավարությունը չի կարող հաջող լինել։ Եթե բանակցում ես մի երկրի հետ, որը կանչում է բանակցության, ուժով է սպառնում, հետո հարվածում է, իսկ հետո նորից է հրավիրում բանակցությունների, ապա դա չի կարող նորմալ արդյունք տալ։ Եվ արդեն Իրանը շատ լուրջ է տրամադրված և ցույց է տալիս, որ այսպես էլ չի շարունակվելու։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը և Իսրայելը ևս ուրիշ տարբերակ չունեն, որովհետև այն քաղաքական գիծը, որ իրենք ընտրել են, չեն կարող պարտություն ունենալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Կարեն Իգիթյանը նկատեց՝ ինչպես հենց իրենք են ներկայացնում՝ Իսրայելի, այնպես էլ Թրամփի համար սա գոյաբանական խնդիր է․ «Եթե Թրամփը հայտարարում է, որ ամենաուժեղ նախագահն է, տեսնում ենք, որ մեղմ ասած՝ ամեն ինչ չէ, որ գնում է Թրամփի ցանկությամբ։ Գուցե բանակցություններում հենց դրական տեղաշարժն էր ստիպում Թրամփին հարված հասցնել։ ԱՄՆ-ը գործում է հին աշխարհի գերտերությունների, օրինակ՝ Հռոմի պես, երբ ամենածանր պայմաններն են ներկայացվում, բայց նույնիսկ, երբ երկիրը դրանք ընդունում է, մեկ է, պատերազմ են սկսում, ինչպես Հռոմն անում էր Կարթագենի հետ»։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ Թրամփը խախտում է թե՛ միջազգային, թե՛ ամերիկյան բազմաթիվ օրենքներ, և փորձում է գոնե այդ ամենի արդյունքում հաղթած դուրս գալ այս իրավիճակից․ «Թրամփը սխալվել էր իր հաշվարկներում։ Կարծում եմ՝ իրենք չէին պատերացնում, որ այսպիսի հակահարված կհասցնի Իրանը՝ այդ առաջին հարվածից հետո, և տեսնում ենք, որ հիմա մտածում են՝ ինչ անել։ Սկզբից իրենք խոսում էին այն մասին, որ ուզում են ռեժիմը փոխել, հետո, որ ռեժիմը չեն ուզում փոխել, այլ ուղղակի միջուկային ծրագիրը ոչնչացնել, որն ըստ Թրամփի՝ նախորդ տարի արդեն ոչնչացրել էին։ Ընդհանրապես, այդ միջուկային զենքի սպառնալիքն արդեն ծիծաղելի է դառնում, որովհետև Նեթանյահուի ճառերի ժամանակագրություն կա, որտեղ 20 տարի շարունակ նույն քաղաքական գործիչը նույն բանն է ասում՝ եթե չխանգարենք, Իրանը կստեղծի միջուկային զենք։ Մենք հասկանում ենք, որ սա ուղղակի պատրվակ է»։

Ըստ նրա՝ Հայաստանի համար մի քանի սպառնալիք կարող է լինել այս իրավիճակում․ «Առաջինը, եթե ամերիկացիներն ինչ-որ նպատակների հասնեն, Իրանում դեստաբիլացիա է տեղի ունենում, ի վերջո, ադրբեջանցիներն էլ են ոտքի կանգնելու, և Իրանի հետ սահման չի լինելու ոչ թե TRIPP-ի պատճառով, այլ, որ այդ հատվածում լինելու է Ադրբեջան։ Սա շատ լուրջ խնդիր է լինելու։ Երկրորդ տարբերակը, եթե Իրանը հաղթած դուրս գա, և այս վարչակազմը հաղթահարի այս խնդիրները, ապա իրենք շատ խիստ են տրամադրված լինելու, և երբ Հայաստանը TRIPP է ուզում ստեղծել և ամերիկացիների բերել, ապա պետք է պատրաստ լինի, որ հերթական այսպիսի ագրեսիայի ժամանակ Իրանը նաև Հայաստանի տարածքին է հարվածելու, որովհետև մենք տեսնում ենք, որ այս պահին Իրանը հարվածում է տարբեր երկրներում ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, որոնք իրենց ռազմական ուժով չեն մասնակցում, բայց ուղղակի տարածք են տրամադրել ԱՄՆ-ին։ Սա պետք է հաշվի առնել»։

Նա շեշտեց, որ Իրանում մեծ պատերազմի պարագայում նաև փախստականների մեծ ներհոսք կարող է լինել Հայաստան, ինչը ևս լրջագույն սպառնալիքներ կարող է ստեղծել»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031