Սերբիան և Իսրայելն ԱԹՍ-ների հավաքման համատեղ ձեռնարկություն են բացել
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Իսրայելի հետ համատեղ ձեռնարկություն բացելու մասին՝ իսրայելական տեխնոլոգիաներով ռազմական անօդաչու թռչող սարքեր հավաքելու համար։
Ապրիլի կեսին Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան ու Իսրայելը համատեղ կարտադրեն անօդաչու թռչող սարքեր։ Երկու կողմերն էլ կունենան 50/50 բաժնեմաս Սերբիայի տարածքում գտնվող ձեռնարկությունում։
«Այսօր առավոտյան ես հատկապես հպարտ էի Սերբիայով և նրա հաջողություններով։ Ես բացեցի իսրայելական արտադրության ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերի հավաքման գործարան, որտեղ կաշխատի մոտ 100 մարդ և կարտադրվեն առաջատար սարքավորումներ՝ ինչպես սերբական, այնպես էլ մի շարք այլ երկրների բանակների համար»,- գրել է Վուչիչը Instagram-ում։
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ զննում է անօդաչու թռչող սարքերը, և նշել է, որ այս ոլորտում իր ծրագրերը «հսկայական» են։
«Ես վստահ եմ, որ մենք մեր իսրայելցի գործընկերների հետ Սերբիայում կբացենք ևս առնվազն 3 գործարան։ Արտադրական գործընթացի գաղտնիության պատճառով ես լրագրողներին չեմ հրավիրել այցելելու», – պարզաբանել է Սերբիայի նախագահը։

