Էրդողանը վերջին անգամ կառաջադրի իր թեկնածությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք, ինչպես և խորհրդարանականները, կարող են տեղի ունենալ 2028 թվականի ապրիլի 16-ին՝ ծրագրված ժամկետից երեք շաբաթ շուտ: Նման կարծիք է հայտնել պետության ղեկավարի գլխավոր խորհրդական, Թուրքիայի նախագահին առընթեր Իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուչումը:
«Ես ենթադրում եմ, որ ընտրությունները տեղի կունենան 2028 թվականի ապրիլի 16-ին: Դա նախագահական համակարգին անցնելու հանրաքվեի ամսաթիվն է, այն ունի խորհրդանշական նշանակություն: Նախագահ Թայիփ Էրդողանը թեկնածությունն առաջադրելու է վերջին անգամ», – «Յենի Շաֆաք» թերթը մեջբերում է Ուչումի խոսքերը Թուրքիայի մամուլի ֆեդերացիայում ունեցած ելույթի ընթացքում: Խոսքը 2017 թվականի ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի տարեդարձի մասին է, որի արդյունքներով Թուրքիան խորհրդարանականից անցում կատարեց կառավարման նախագահական համակարգին:
Ավելի վաղ Ուչումը բացատրել էր ընտրությունները հենց այդ ամսաթվին անցկացնելու մեխանիզմը: Նրա հաշվարկներով՝ հաջորդ համահանրապետական ընտրությունները պետք է տեղի ունենային 2028 թվականի մայիսի 7-ին: Քվեարկությունը ապրիլի 16-ին անցկացնելու համար Թուրքիայի խորհրդարանը պետք է որոշում ընդունի ընտրություններ անցկացնելու մասին: Եթե նախարարների կաբինետն այն ընդունի 2028 թվականի փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ընտրական օրենսդրության գործող նորմերը թույլ կտան քվեարկությունն անցկացնել ապրիլի 16-ին: Այս որոշմանն հասնելու համար անհրաժեշտ է առնվազն 360 պատգամավորի ձայն:
Ընդ որում, Ուչումն ավելի վաղ ընդգծել էր, որ առաջարկված ամսաթիվը քաղաքական իմաստով արտահերթ ընտրություններ չի համարում: «Հաջորդ համահանրապետական ընտրությունների համար մեր առաջարկած 2028 թվականի ապրիլի 16-ի ամսաթիվը քաղաքական և սոցիալական իմաստով արտահերթ ընտրությունների ամսաթիվ չէ: Դա միայն ժամանակին անցկացվող ընտրությունների տեղափոխումն է երեք շաբաթ շուտ», – նշել էր նա:

