Փողի էժանացում և վարկերի թանկացում. ինչո՞ւ է իշխանությունը բանկերին քարտ-բլանշ տվել
Իշխանություններն ազատություն են տվել բանկերին, բանկերն էլ վայելում են այդ ազատությունը։ Համատարած բարձր գներ սահմանելով միջնորդական ծառայությունների համար՝ տարիներ շարունակ դատարկում են քաղաքացիների ու բիզնեսի գրպանները։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները, որոնք ժամանակին համարում էին, թե բանկերը թալանով են զբաղված, բանկային համակարգը դարձրել են պատուհաս քաղաքացիների ու բիզնեսի գլխին։ Չնայած համատարած դժգոհություններին, ոչինչ չեն անում բանկերի ախորժակը զսպելու համար։
Մասսայական բողոքներից հետո, վերջերս, իհարկե, Կենտրոնական բանկը որոշեց մի փոքր նվազեցնել մանր բիզնեսի համար բանկային քարտերով կատարվող անկանխիկ առևտրի ժամանակ գանձվող միջնորդավճարները։ Բայց դա արեց ոչ թե այն պատճառով, որ անհանգստացած են փոքր բիզնեսի համար ու որոշել են զսպել բանկերի ախորժակը, այլ, որովհետև ընտրություններից առաջ այդպես է պահանջում իշխանության շահը։ Թեպետ կարծես բանկերը գտել են նաև այդ իրավիճակից չոր դուրս գալու տարբերակը։ Որոշել են այդ «կորուստները» փոխարինել այլ ծառայությունները թանկացնելու միջոցով։
Բանկերի ախորժակը մեծ է հատկապես վարկային շուկայում։ Ոչ մի կերպ չեն ուզում նվազեցնել վարկերի տոկոսները, չնայած վերջին մի քանի տարիներին էապես էժանացել է փողը։ Խոսքը Կենտրոնական բանկից դուրս եկող փողի մասին է։
Երեք տարի առաջ ԿԲ-ից դուրս եկող փողի գինը 10.75 տոկոս էր, այսօր կազմում է ընդամենը 6.50 տոկոս։ Նվազել է 4.25 տոկոսային կետով։
Սա փողի լուրջ էժանացում է, ինչը ենթադրում է, որ բանկերն էլ պիտի նվազեցնեին իրենց կողմից քաղաքացիներին ու բիզնեսին տրամադրվող վարկերի տոկոսները։ Բայց բանկերը, վայելելով իշխանության հովանավորությունն ու օժանդակությունը, շարունակում են բարձր պահել վարկերի գինը։ Ոչ միայն չեն նվազեցնում վարկերի տոկոսները, այլև բարձրացնում են։
Երեք տարի առաջ մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը բանկային համակարգում 11.76 տոկոս էր։ Այդ ժամանակ փողի գինը կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չափազանց բարձր էր, գտնվում էր վերջին տարիների պիկին՝ 10.75 տոկոս էր։ Ու այդ պիկի պայմաններում վարկային տոկոսադրույքն անհամեմատ ավելի ցածր էր, քան հիմա։
Մեկ տարի հետո՝ 2024թ. հունվարին, փողի գինը 9.25 տոկոս էր, իսկ կարճաժամկետ դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 11.76-ից դարձավ 12.76 տոկոս։
Թանկացրին 1 տոկոսային կետով, չնայած այդ ընթացքում փողի գինը 1.5 տոկոսային կետով նվազել էր։
Հաջորդ՝ 2025թ. հունվարին ԿԲ-ից դուրս եկող փողի գինը կտրուկ իջավ՝ կազմելով 7 տոկոս, մինչդեռ՝ մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները շարունակեցին բարձրանալ՝ հասնելով 13 տոկոսի։
Այս տարվա սկզբին բանկերը կրկին թանկացրել են այդ տիպի վարկերը։
Հիմա արդեն ԿԲ-ից դուրս եկող փողի գինը 6.50 տոկոս է, իսկ կարճաժամկետ դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հասել է ռեկորդային 13.41 տոկոսի։
Երեք տարվա ընթացքում փողն էժանացել է 4.25 տոկսային կետով, իսկ մինչև 1 տարի ժամկետով դրամային վարկերն էժանանալու փոխարեն՝ թանկացել են 1.65 տոկոսային կետով։ Այս տիպի վարկերի պարագայում այժմ արդեն բանկային մարժան անհավանական բարձր է։ Դրա արդյունքում էլ բանկերը մեծ շահույթներ են ստանում, ու այդ շահույթներն առաջին հերթին քաղաքացիների հաշվին են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարճաժամկետ դրամային վարկերը գերազանցապես սպառողական վարկերն են, որոնցից շատ հաճախ պարտադրված են օգտվել քաղաքացիներն՝ իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար։
Ընդամենը 3 տարի առաջ կարճաժամկետ դրամային վարկերի պարագայում բանկային մարժան ընդամենը 1 տոկոսային կետ էր, այժմ գրեթե 7 անգամ ավելի մեծ է։ Այս վարկերի գինն ավելի քան կրկնակի գերազանցում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սա նշանակում է, որ երբ բանկը Կենտրոնական բանկից 6.50 տոկոսով փող է ներգրավում, այդ տոկոսն առնվազն կրկնակի բարձրացնում է ու տալիս քաղաքացիներին։
Այսպիսի միջոցներով են փող աշխատում քաղաքացիների հաշվին, իսկ իշխանություններն անտարբեր հետևում են այս ամենին։ Ավելին՝ ամեն ինչ անում են, որպեսզի բանկերը չնվազեցնեն վարկերի տոկոսները։ Դրա համար ի՞նչ է պետք, պետք է ընդամենը սուբսիդավորել վարկերի տոկոսներն ու արհեստական բարձր պահել պահանջարկը։
Հիմա էլ որոշել են ընտրությունների նախօրյակին անտոկոս վարկեր տրամադրել գյուղացիներին։ Անտոկոս այնքանով, որ այդ տոկոսները գյուղացու փոխարեն՝ պետք է փակի պետական բյուջեն։ Սրանից էլի շահելու են բանկերը։ Տուժողը, բնականաբար, պետական բյուջեն է։ Բայց դրան ուշադրություն դարձնողն ո՞վ է՝ պետության փողը տեր չունի, ու իշխանությունը կարող է քաղաքական նպատակներով իրեն նման շռայլություններ թույլ տալ։ Բյուջեից փողը հանում են՝ լցնում բանկերի գրպանը։
Բանկային համակարգի վարկերը, վերջին տվյալներով, մոտենում են 21 մլրդ դոլարի, որից ամենամեծ պորտֆելը հենց կարճաժամկետ դրամային վարկերն են։ Այդպիսի վարկերը, որոնք ունեն գերազանցապես սպառողական նշանակություն, մոտենում են 5 մլրդ դոլարի։ Դրանք ոչ միայն թանկ վարկեր են, այլև, ինչպես տեսնում ենք, գնալով թանկանում են։ Իշխանությունն էլ ոչինչ չի անում բանկերի ախորժակը զսպելու համար։
Փողի գինն իջեցնելու Կենտրոնական բանկի քայլերն էլ, որոնք առաջին հայացքից հակված են «պարտադրելու» բանկերին նվազեցնել վարկային տոկոսները, արդյունք չեն տալիս։ Բայց այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ մանր բիզնեսի համար սահմանափակեցին առևտրի միջնորդության գինը, մտադիր չեն սահմանափակել վարկային տոկոսները։ Բանկերն էլ, հասկանալի պատճառներով, հակված չեն ինքնուրույն սահմանափակել սեփական ախորժակը։
Ու ստացվել է այնպես, որ ինչքան հնարավոր է՝ թանկ վարկերով ճնշում են մարդկանց, բանկերի շահն են առաջ տանում։ Շուկայական գնագոյացումն ու պահանջարկը պատրվակ են դարձրել՝ վարկերի գինն արհեստական բարձր պահելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



