Իրան-Իսրայել-ԱՄՆ հրթիռային պատերազմ՝ Հայաստանի հարևանությամբ․ ի՞նչ մարտահրավերների կարող է առնչվել Հայաստանը

Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից ժամեր անց՝ այսօր առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ օդային հարվածներ հասցնելով Թեհրանում մի շարք պետական թիրախների։ Իրանական կողմը կորուստների մասին սուղ տեղեկատվություն է տարածում, երկրում անջատվել է նաև ինտերնետը։ Սակայն, մի շարք աղբյուրների փոխանցմամբ, ԻՀՊԿ-ի շարքում էական կորուստներ է կրել իրանական կողմը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ նախնական տեղեկությունների, չեն տուժել։ Խոսքն ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասին է։  Ի տարբերություն 2025 թվականի 12-օրյա պատերազմի, երբ օրեր պահանջվեցին, որպեսզի Իրանը հաղթահարի իսրայելական հարվածային ալիքը, այս անգամ հարձակումից երկու-երեք ժամ անց Իրանը համակարգված հարվածներ սկսեց Իսրայելի ու Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բոլոր ռազմաբազաների ուղղությամբ՝ հրթիռներ ուղարկելով, ըստ էության, Պարսից ծոցի բոլոր երկրներ։ Զուգահեռաբար՝ Իրանից կոշտ հայտարարություններ հնչեցին, որ Իրանի համար «կարմիր գծեր» չեն լինելու, և Իրանը թիրախավորելու է այն երկրների տարածքը, որտեղից կլինեն հարվածներ Իրանին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները չուշացան։ Թրամփը հայտարարեց՝ ԱՄՆ-ը կոչնչացնի Իրանի հրթիռները, նավատորմը և հողին կհավասարեցնի ռազմական արդյունաբերությունը՝ կոչ անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը՝ ասելով, որ նրանց հետ կվարվեն արդարացիորեն՝ լիակատար անձեռնմխելիությամբ, հակառակ դեպքում կհայտնվեն անխուսափելի մահվան առջև։ «Երբ մենք ավարտենք, վերցրեք կառավարությունը, այն ձերն է լինելու: Սա, հավանաբար, կլինի ձեր միակ հնարավորությունը մի քանի սերունդների համար»,- դիմելով Իրանի ժողովրդին՝ ասաց Թրամփը։

Նեթանյահուն էլ իր հերթին՝ հայտարարեց, որ ժամանակն է՝ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազիները, «թոթափեն բռնակալության լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան»:

Իրանի ԱԳՆ-ն ագրեսիայից ժամեր անց հայտարարություն տարածեց, նշելով՝ իրանական քաղաքացիական և ռազմական օբյեկտներին հարվածները հասցվել են դիվանագիտական գործընթացի ժամանակ:

Կարդացեք նաև

«ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կրկնակի ռազմական ագրեսիան տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիվանագիտական գործընթաց էր ընթանում Իրանի և ԱՄՆ-ի միջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում են և հասցվել են երկրի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին: Հաղորդվում է, որ սպասվում է Ալի Խամենեիի ուղերձն իրանցի ժողովրդին։ Իսկ արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ այս ագրեսիան ԱՄՆ-ը ու Իսրայելը ծրագրել էին ամիսներ առաջ,  վերջնական համաձայնեցրել՝ մեկ շաբաթ առաջ։ Ըստ նույն աղբյուրների՝ ագրեսիան տևելու է 4 օր։

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի բռնկումն արմատապես փոխում է տարածաշրջանային ուժային ճարտարապետությունը։ Չի բացառվում, որ բախումը վերաճի երկարատև ռազմական հակամարտության՝ ներառելով ոչ միայն հրթիռային հարվածներ, այլև  ծովային ուղիների ապակայունացում և դաշնակցային ակտիվացում, ինչը նշանակում է, որ  Հարավային Կովկասը չի կարող մնալ այդ զարգացումների լուսանցքում։ Հայաստանի համար հետևանքները կլինեն բազմաշերտ՝ անվտանգային, տնտեսական և դիվանագիտական հարթություններում։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ  չնայած տևական սպառնալիքներին, Իրանի  համար պատերազմն անսպասելի սկսվեց՝ բանակցային գործընթացի կիզակետում, կողմերի շփումների ընթացքում, ինչն այս բանակցությունները լիարժեք տապալում է, փակելով դուռը բանակցությունները վերսկսելու հնարավորության առջև։ Նրա խոսքով, դատելով հարվածների աշխարհագրությունից և ընդհանուր առմամբ՝ ավելի լայն քաղաքական միտումներից, այս հարձակումը վաղուց ծրագրված բնույթ էր կրում։

«Սակայն, թե որքանով էր արդյունավետ, ասելը դեռ բարդ է։ Այնուամենայնիվ, որքան էլ կար անսպասելիության գործոն, տեսնում ենք պլանավորում նաև իրանական կողմում։ Պլանավորումը կայանում է նրանում, որ Իրանը հստակորեն ուրվագծած ծրագրով է առաջ շարժվում, ունենալով հստակ ռեգիոնալ թիրախներ, ինչպես նաև ներքին որոշումներ երկրում քաոսային իրավիճակ թույլ չտալու համար։ Այսինքն՝ ագրեսիայի առաջին իսկ ժամերին այն վերածվեց ռեգիոնալ էսկալացիայի, քանի որ Իրանն ընդլայնեց դրա աշխարհագրությունը։ Որքանով նաև այս պլանը կհաջողվի, ցույց կտան առաջիկա ժամերը և օրերը, սակայն տեսնում ենք, որ Իրանը ավելի լավ պատրաստված է կարծես»,- նշեց վերլուծաբանը։

Նրա որակմամբ, աշխարհաքաղաքական, անվտանգային  հետևանքները շատ տարբեր կարող են լինել՝ հաշվի առնելով թե Իրանի դաշնակիցների հնարավոր արձագանքը, թե Իրանի հնարավոր նոր որոշումները, ինչպիսին է, օրինակ, Հորմուզի նեղուցի փակումը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, նրա խոսքով, սա սահմանային  անվտանգության  համար մարտահրավեր է, կախված նաև այն  հանգամանքից, թե որքան կերկարաձգվի ու ինչ ընթացքով կզարգանա։

Ըստ նրա, Հայաստանն Իրանի հետ ունի սահման, որը ներկայումս ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական կապուղի է, քանի որ ՀՀ-ն ունի երկու փակ սահման, ուստի Իրանում ստեղծված իրավիճակը փոխում է իրավիճակն այս հատվածում։ Այս համատեքստում, ըստ նրա, Հայաստանի և այլ հարևանների համար ռիսկը ոչ թե ուղղակի ռազմական ներգրավումն է, այլ նաև «կողմնակի ազդեցությունը»։

«Եթե իրավիճակը երկարաձգվի, փախստականների հոսքեր հնարավոր է լինեն, այդ հոսքերը կարող են լինել շատ, ուստի դրան պետք է պատրաստ լինել կառավարելի իրավիճակ պահպանելու համար։ Կարծում եմ՝ հաշվի առնելով Իսրայել-Իրան կապերը, Իրանն ուշադրության կենտրոնում է պահելու Ադրբեջանին, այդ մասին բազմիցս հայտարարվել է»,- նկատեց նա։

Վերլուծաբանը նշեց, որ պատերազմն անմիջապես ազդում է էներգակիրների շուկայի վրա, և եթե խաթարվում է Հորմուզի նեղուցի անվտանգությունը կամ փոխվում կարգավիճակը, նավթի գները կտրուկ աճում են, դա  ազդելու է բոլոր ռեգիոնների վրա։

Վերլուծաբանի կարծիքով, Հարավային Կովկասում հաստատված փխրուն իրավիճակի համար ստեղծված բռնկումն Իրանի շուրջ մեծ մարտահրավեր է։  Նրա կարծիքով, բնականաբար, ստեղծված իրավիճակում, ունենալով հարաբերություններ ԱՄՆ-ի ու Իրանի հետ, Հայաստանի համար նախընտրելի է պահպանել չեզոքություն՝ միաժամանակ ակտիվացնելով դիվանագիտական կապերը բոլորի հետ։

Ըստ նրա, ոչ պակաս հետաքրքիր է նաև հանգամանքը, թե ինչպես կդիրքավորվի Ռուսաստանը։

«ՌԴ-ն արդեն հայտարարությամբ է հանդես եկել, սակայն Մոսկվան կարող է փորձել հանդես գալ որպես միջնորդ, կամ օգտագործել իրավիճակն իր ազդեցությունը վերականգնելու համար թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում։ Բնականաբար, սա ևս զարգացում է, որն առնչվում է ռեգիոնին ու Հայաստանին»,- նկատեց նա։

Վերլուծաբանի խոսքով, Իրան-Իսրայել-ԱՄՆ լայնածավալ պատերազմը Հայաստանի համար անմիջական ռազմական սպառնալիք չէ, սակայն այն խորացնում է ռազմավարական անորոշությունը։ «Ուստի Հայաստանի համար կարևոր է  պահպանել Իրանի հետ սահմանային կայունությունը, կարևոր է ակտիվացնել դիվանագիտությունը բոլոր ուղղություններով, պետք է լինել կայուն, կանխատեսելի գործընկեր,  հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ-ԱՄՆ կապերը, ՀՀ մասնակցությունը Թրամփի Խաղաղության խորհրդում վստահաբար անհանգստություն է Իրանի համար, ուստի ընդհանուր առմամբ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական  իրավիճակում սխալ  հաշվարկը կարող է հետևանքներ ունենալ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս