«Չպետք է կոտրվենք, չի սպառվել արդարության վերականգնման պահանջը, որևէ մեկի հրամանով դա հնարավոր չէ ջնջել». Մետաքսե Հակոբյան

Մինչև 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմը, փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում նախագահն ընդունում էր Արցախյան շարժման մասնակիցներին, հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների. այս օրը տոնն էր, քանի որ 1988 թվականի փետրվարի 20-ին հիմք էր դրվել Արցախի շարժմանը, որը պսակվեց հաջողությամբ։

Արդեն 5 տարի է՝ բոլորն այս օրը հիշում են, սակայն որևէ կերպ այն չի նշվում։

Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը փետրվարի 20-ն ընկալում է՝ որպես զարթոնքի օր, հայ ազգի զարթոնքի։

«38 տարի առաջ այս օրը հայ ազգի մի մասը Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, մի մասը Երևանում՝ Ազատության հրապարակում, խոսեցին այն մասին, ինչը տասնամյակներ շարունակ կուտակվել էր։ Այդ ժամանակ դեռևս պատկերացում էլ չկար, թե ինչ ճանապարհ ենք անցնելու, ինչպես է ընթացքը լինելու։ Բայց մենք գնացինք այդ քայլին, հասկանում էինք, որ այն, ինչը մեզ հետ տեղի է ունենում, արդար չէ։ Մեր շարժիչ ուժը հենց արդարության փնտրտուքն էր ու նպատակը՝ արդարության հաստատումը, ինչի հետևից էլ մենք գնացինք։ Պայքարը, որի մեկնարկը տրվեց 1988 թվականի փետրվարի 20-ին, խմորումները սկսվել էին արդեն 60-ականներից, այսինքն՝ մոտ 20 տարի անց ժողովրդի մեջ տեղի ունեցավ այդ զարթոնքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, այն ժամանակ բոլորը գիտակցում էին, որ արդարությունն ինքն իրենով չի հաստատվելու և այն հայ ազգի փոխարեն որևէ մեկը չի հաստատելու, հետևաբար՝ սեփական պայքարով պետք է այդ արդարությունը հաստատեն։ Հենց այդ պայքարի ճանապարհին էլ հայ ազգն անցավ դժվարին, բայց փառավոր ճանապարհ, դրանում որևէ մեկը չի կարող հակառակը համոզել։

«Հիմա երանելի նախանձ ունեմ այն սերնդի նկատմամբ, ով ծնվեց անկախության տարիներին, վայելեց ազատ, անկախ Արցախում ապրելու ժամանակը։

Ճանապարհը, որը մենք այդ ժամանակ անցել ենք, բաժանում եմ մի քանի մասերի՝ զարթոնքի, հաղթանակած պատերազմի, սա զուտ Արցախի ազատագրական պայքար չէր, այլև Հայաստանի, սա պետականության կերտման ճանապարհն էր։ Սա էր այն փառքի ճանապարհը, որի միջով հայը մեկ դար չէր կարողացել անցնել։

Այդ ծանր ու պատվաբեր փորձությունն անցնելուց հետո և այժմ գտնվելով այս դաժան իրականության մեջ, մենք որևէ կերպ չպետք է կոտրվենք։ Միևնույն է՝ որևէ մեկիս մոտ չի սպառվել արդարության վերականգնման ու ազատության պահանջը, որևէ մեկի հրամանով դա հնարավոր չէ ջնջել»,- հավելեց պատգամավորը։

Շարունակելով թեման՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ որևէ մեկի մոտ ազատության գաղափարը չի կարող ժամանակավոր լինել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, նախորդ դարում էր՝ փլուզվում էր Խորհրդային Միությունը, ձևավորվում էր նոր աշխարհակարգ, և այդ ճանապարհին հայ ազգը որոշում կայացրեց ու արտահայտեց սեփական կամքը։

«Հիմա էլ նոր աշխարհակարգ է ձևավորվում, տեսնում ենք բազմաթիվ ազգերի, որոնք արտահայտել են իրենց դիրքորոշումն ու ատամներով կառչել են այդ դիրքորոշմանը։ Ցավոք, այստեղ Հայաստանը և մենք՝ որպես ազգ, որևէ դիրքորոշում չենք արտահայտել, բացի նրանից, որ օրվա իշխանությունը ներկայացնում է մեզ խեղճ ու պարտվող տեսակ։ Այս իշխանությունը միջազգային հարթակներում այնպես է հայ ժողովրդին ներկայացնում, որ իբրև Հայաստանը որպես «տեր»՝ ունեցել է Ռուսաստանին, և այժմ իր «տիրոջն» է փոխում։ Սա, իհարկե, դիրքորոշում չէ, և այս նոր իրավիճակում Հայաստանն այսպես չի կարող իր ուրույն տեղն ունենալ»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Նա համոզված է՝ եթե ժողովուրդը միասնական ու վստահ խոսի իր երազանքների, նպատակների մասին, արտահայտի իր դիրքորոշումը, ապա դրան որևէ իշխանություն չի դիմանա և դրա հետ հաշվի կնստի նաև աշխարհը։

«Ներկայիս իրողություններին համապատասխան՝ ժողովուրդն իր ասելիքը պետք է ասի և ցույց տա, թե ինչ քայլերի է պատրաստ։ Իհարկե, չպետք է ներկայացնի այս իշխանության թեզերը, որ ցանկացած այլ ճանապարհ տանելու է պատերազմի, ինչը, բնականաբար, հերթական սուտն է»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդն արտահերթ նստաշրջանում քվեարկեց ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու և Խորհրդային Հայաստանի հետ միավորվելու օգտին։ Դրանից մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 13-ին, Երևանում ու Ստեփանակերտում նույն պահանջով մեկնարկել էին բազմամարդ հանրահավաքներ։

Տեսանյութեր

Լրահոս