Վարկային բեռը 5 անգամ ավելի արագ է աճում է, քան աշխատավարձը
Սպասվող ընտրություններից առաջ իշխանությունները հպարտությամբ հայտարարեցին հերթական տարին բարձր աճերով փակելու մասին՝ 2025թ. տարեկան կտրվածքով արձանագրված 9.1 տոկոս տնտեսական ակտիվության աճը ներկայացնելով՝ որպես հաջողության վկայություն։ Սակայն խուսափեցին խոսել այն մասին, թե ինչ խորքային ու մտահոգիչ երևույթներ կան թաքնված այդ աճի հետևում։
Կարճ՝ արձանագրենք, որ տնտեսական աճը մեր երկրում կառուցվածքային չէ, կայուն չէ և մեծապես կախված է արտաքին գործոններից։
Հայաստանի տնտեսական ակտիվության աճն արագացավ հիմնականում տարվա վերջին ամիսներին՝ պայմանավորված արդյունաբերության կտրուկ «վերականգնմամբ»։ Վերջին ամիսներին արդյունաբերությունը կրկին սկսեց ռեկորդային աճեր գրանցել։ Այդ հանկարծակի աճն էլ դարձավ արդյունաբերության անկումից դուրս գալու հիմքը՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության հերթական բարձր աճերի արձանագրմանը։ Պատկերացնելու համար ասենք, որ հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, արդյունաբերության աճը կազմեց գրեթե 18 տոկոս։ Արդեն նոյեմբերին այն մոտեցավ 32 տոկոսի, իսկ դեկտեմբերին նույնիսկ գերազանցեց 38 տոկոսը։
Այլ բան, թե դա ինչի՞ հաշվին տեղի ունեցավ։
Երկարատև անկումից հետո, արդյունաբերության «վերականգնումը» տեղի ունեցավ ոչ թե արտադրողականության աճի, նոր արտադրությունների շահագործման ու արտադրատեսակների թողարկման, ներդրումների ու տեխնոլոգիական զարգացումների, այլ նախկինի նման ոսկու վերաարտահանման ժամանակավոր ակտիվացման հաշվին։
Վերջին ամիսներին արդյունաբերության ոլորտում արձանագրված աճերն առաջին հայացքից կարող են չափազանց տպավորիչ թվալ, ու այդպես էլ փորձում են ներկայացնել էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները։ Սակայն այդ աճերը մեծապես պայմանավորված էին մշակող արդյունաբերության «հիմնական մետաղների արտադրության» ենթաոլորտի անգամներով աճերով։ Դա առավելապես ոսկու վերաարտահանման ակտիվացման արդյունք էր, ինչը վկայում է, որ Հայաստանի տնտեսության աճի դինամիկան շարունակում է մեծապես կախված մնալ արտաքին գործոններից և ոչ թե իրական արդյունաբերական հզորությունների ընդլայնումից ու զարգացումից։ Երբ տնտեսական աճը պայմանավորված է ոչ թե երկրի ներսում ստեղծվող արժեքով, այլ արտաքին շուկաների կոնյունկտուրայով, այդ աճը դառնում է խոցելի և անկայուն։
Ոսկու վերաարտահանումը չի կարող համարվել իրականացվող արդյունաբերական քաղաքականության հաջողություն։ Այն չի ստեղծում կայուն աշխատատեղեր և գրեթե չի նպաստում երկրի ներսում հավելյալ արժեքի ստեղծմանը։ Ավելին, այն կախված է ոչ միայն միջազգային շուկաներից, գների տատանումներից, այլև աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են։ Այսպիսի աճը կարող է նույնքան արագ չեզոքանալ, որքան արագ արձանագրվել է, իսկ դրա բացակայության պայմաններում տնտեսությունը կանգնելու է նույն խնդիրների առաջ, ինչպես նախկինում, երբ ոսկու վերաարտահանումները մի պահ գրեթե դադարեցին կամ հասան նվազագույնի։
Եթե նույնիսկ ընդունենք, որ այսպիսի աճերը վիճակագրորեն նշանակալի են տնտեսության համար, բաց է մնում ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ է այն տալիս հասարակ քաղաքացուն։ Պատասխանը միանշանակ է՝ ոչինչ էլ չի տալիս։
Դա է պատճառը, որ տարիներ շարունակ մեր երկրի տնտեսությունը թվերով ու վիճակագրորեն բարձր տեմպերով աճում է, իսկ հասարակ քաղաքացու կյանքում դրանից գրեթե ոչինչ չի ավելանում։ Այդպիսի աճերից հետո էլ քաղաքացիների մեծ մասի համար կյանքը չի դառնում ավելի մատչելի։ Գները շարունակում են բարձր մնալ, ծախսերը չեն նվազում, իսկ եկամուտների աճը չի հասցնում կյանքի թանկացման հետևից։ Այդպես է, որովհետև տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշները չեն արտացոլվում աշխատավարձերի էական բարձրացմամբ կամ սոցիալական ապահովության իրական բարելավմամբ։
Անցած տարի արձանագրված 9.1 տոկոս տնտեսական ակտիվության աճի պայմաններում միջին անվանական աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 5.6 տոկոսով։ Եթե գնաճի ազդեցությունը հանենք՝ տակը գրեթե բան չի մնա։
Դեռ չհաշված, որ այս աճը խիստ բևեռացված է, իսկ իրական աճը շատ ավելի ցածր է։
Տնտեսական աճը, որը չի վերածվում մարդկանց կյանքի որակի բարելավման, դառնում է ինքնանպատակ վիճակագրություն։ Երբ քաղաքացին շարունակում է մտածել ամենօրյա ծախսերի, պարտքերի և ապագայի անորոշության մասին, այսպիսի աճերը նրա համար զրո նշանակություն ունեն։ Պատահական չէ, որ վերջին տարիների բարձր տնտեսական աճերի պայմաններում, էապես ծանրացել է քաղաքացիների վարկային բեռը։ Կենցաղային ու առօրյա բազմաթիվ խնդիրներ լուծելու համար մարդիկ ստիպված դիմում են վարկերի օգնությանը։ Խոսքը՝ հատկապես սպառողական վարկերի մասին է, որոնք, ինչպես հայտնի է, վարկային շուկայի ամենաթանկ պրոդուկտներն են։ Դրանց տոկոսները հասնում են ընդհուպ 18-20-ի։ Բայց քաղաքացիները շատ հաճախ հարկադրված ու ապագայի հույսով մտնում են այդ պարտքերի տակ, որովհետև սեփական եկամուտները չեն բավարարում առկա սոցիալական ու կենցաղային խնդիրները լուծելու համար։
Սրա հետևանքով Հայաստանում վաղուց ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիների վարկային բեռն անգամներով ավելի արագ է ավելանում, քան աշխատավարձի տեսքով ստացվող եկամուտները։ Պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձն անցած տարի Հայաստանում աճել է 5.6 տոկոսով, իսկ սպառողական վարկերը, որոնք բացառապես քաղաքացիներին տրվող վարկեր են, ավելացել են 29-30 տոկոսով՝ 5-5.5 անգամով ավելի արագ, քան քաղաքացիների եկամուտները։
Ստացվում է՝ տնտեսությունն աճում է, բայց քաղաքացիները վարկերով են ապրում։ Սրա պատճառն այն է, որ տնտեսական աճը կենտրոնացած է սահմանափակ ոլորտներում, կախված է արտաքին գործոններից և չի ձևավորում այն հիմքերը, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման ու հասարակության եկամուտների համաչափ ավելացման համար։
Քանի դեռ տնտեսական աճերը չեն վերածվում հասարակ քաղաքացիների եկամուտների կայուն ավելացման, սոցիալական անհավասարության նվազեցման, ոչ մի նշանակություն չունեն նրանց համար։ Այդ պայմաններում ներկայացվող թվերը դառնում են զուտ վիճակագրություն՝ ոչինչ չավելացնելով այդ մարդկանց դատարկ կամ կիսադատարկ գրպաններում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



