Թավշյա միլիոնները. Ի՞նչ ուներ Տիգրան Ավինյանը մինչև 2018-ը և ի՞նչ ունի հիմա
2018 թվական․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քաղաքացուն խոստանում էին երջանիկ անհատի հեռանկարը՝ վստահեցնելով՝ ապագա կա։ 8 տարի անց արդեն տեսանելի է՝ այդ տեսանելի երջանիկ անհատները սրսուռ ՔՊ-ականներն են․ համենայնդեպս, այդ մասին վկայում են նրանց հայտարարագրերը։ Նաև այն ՔՊ-ականները, որոնք մինչև 2018-ի հեղափոխություն կոչվածը դատարկ գրպաններով և սրճարանների պարտացուցակներով էին…
Հերթով բոլորին կանդրադառնանք: Այսօր անդրադառնանք Տիգրան Ավինյանին: Ի՞նչ ուներ մինչև 2018-ը և ի՞նչ ունի հիմա:
Այսպես, այսօր արդեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ակտիվ նախընտրական քարոզարշավի է լծված ու քաղաքացիներին ահաբեկում է «եռագլուխ վիշապների մայկա-տռուսիկով», 2025 թվականը փակել է մոտ 157.000 դոլար եկամուտով՝ շուրջ 58 միլիոն դրամ։
Ավինյանը նշել է նաև բանկային հաշիվների մնացորդների մասին, որոնք տարեսկզբին՝ 13,711,998 դրամ էին, իսկ տարեվերջին՝ 5,858,209 դրամ, ADA Cardano, Ethereum, Bitcoin կրիպտոարժույթների գումարային համարժեքը, սակայն, նա չի հանրայնացրել։ ՔՊ-ական պաշտոնյայի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 24,430,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 20,887,335 դրամ։
Տիգրան Ավինյանի՝ հաշվետու տարվա՝ 57,671,356 դրամ եկամուտն էլ գոյացել է Poolin հարթակից ստացած 26,523,000 դրամ այլ եկամուտներից, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից ստացած աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ նախ 1,936,152 դրամի չափով, ապա նաև՝ 29,212,204 դրամի։
Իսկ ո՞վ էր Ավինյանը թավշյա իրադարձությունների այգաբացին։
Ըստ բաց աղբյուրների՝ հայտարարագրերի, 2018 թվականին առաջին անգամ վճարովի պետական պաշտոնում՝ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանը որպես եկամուտ ներկայացրել էր 14․6 հազար դոլար՝ «Այլ» ենթատողով։
Հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ առկա դրամական միջոցները կազմել էին 2․475 դոլար և 600 հազար դրամ։ Արժեթղթեր և այլ ներդրումներ տողով պաշտոնյան ներկայացրել էր 7․000 դոլար (Array կազմակերպությունում)։ Որպես միակ անշարժ գույք ՝ հայտարարագրել էր ավտոտնակ։
2018 թվականի տարեկան հայտարարագրով արդեն Ավինյանի դրամական միջոցներն ու եկամուտները նախորդող տարվա համեմատ ավելացել էին. Դրամական միջոցները տարեվերջին կազմել էին 7 մլն դրամ և 12․4 հազար դոլար։ Եկամուտները՝ 13․2 մլն դրամ և 14․6 հազար դոլար։
2019 թվականի տարեկան հայտարարագրով որպես փոխվարչապետ պաշտոնավարումը շարունակող Ավինյանի աշխատավարձը մոտ 50%-ով ավելացել էր՝ կազմելով տարեկան 19․6 մլն դրամ։
2020 թվականի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալներով էլ՝ նրա աշխատավարձը շարունակել էր աճել՝ հասնելով 24․6 մլն դրամի։

Ինչպես տեսնում եք, 2018 թվականի թավիշը լավ է ազդել երջանիկ անհատ Ավինյանի կյանքի վրա։
Եվ սա միայն նրա դեպքում և այն էլ՝ ըստ հայտարարագրերի․ բայց այս երջանկությունից, իհարկե, անմասն չեն մնացել նրա հետ փոխկապակցված անձինք՝ ընտանիքի անդամները, հարազատները, որոնց մասին տարբեր հրապարակումներ կան լրատվամիջոցներում։
Այսպիսով, 2018-ի թավշյա հեղափոխության հարկային տարին անձամբ Տիգրան Ավինյանը, զուտ ըստ հայտարարագրերի, փակել էր 13 միլիոն 271,256.00 դրամով՝ այսօրվա փոխարժեքով շուրջ 50 հազար դոլարով, իսկ 2025 թվականը՝ 58 միլիոն դրամով՝ արդեն մոտ 157 հազար դոլարով։
Ապագա կա:



