Ժողովո՛ւրդ, սրա գինը մենք ենք վճարելու․ մեզ խուրդելու են․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի սահմանային կետերում 2027-ի աշնանից կգործեն անշփում անցման ուղիները, և, որ դրա համար պետք է ԱՄՆ աջակցությունը, Ալիևի հերթական պահանջի կատարումն է։
«Ադրբեջանի բռնապետը հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» անցնելիս Ադրբեջանի քաղաքացիներն ու ադրբեջանական բեռները պետք է չշփվեն հայ սահմանապահի հետ։ Ես շատ կողմ եմ, որ վերջին տեխնոլոգիաները կիրառվեն, նորմալ է, մենք պետք է հետ չմնանք, բայց խնդիրն այն է, որ այդ նույն ձևաչափով մեզ հետ էլ պետք է շփվեն։ Եթե դու ԱԲ-ն դնում ես մարդու փոխարեն, որ իբր ստուգի մարդկանց փաստաթղթերը և բեռները, բայց հակառակ կողմը մարդկանց է նստեցնում, որոնք պետք է շոշափեն, ձեռք տան ՀՀ քաղաքացիներին, նրանց փաստաթղթերը, դրանով ո՞ւմ ենք ինչ ուզում ապացուցել․․․ Դա Ալիևի պահանջի կատարումն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Քաղաքագետը նկատեց՝ մինչև ԱՄՆ փոխնախագահ Վենսը Երևանում Փաշինյանի PR-ով էր զբաղվում, ամերիկյան կորպորացիաների ղեկավարները Բաքվում Ալիևի հետ էին բանակցում․ «Սա հստակ ցուցիչ է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև ում է նախապատվություն տալիս ԱՄՆ-ը՝ տնտեսական համագործակցության առումով։ Եթե նույն Վենսը կամ ԱՄՆ-ը այդքան շահագրգռված էին Հայաստանում ներդրումներ անելով, ապա նույն այդ աշխարհահռչակ կազմակերպությունների ներկայացուցիչներն ինչո՞ւ Հայաստան չեկան․․․ Հայաստանն ամերիկացիների կողմից օգտագործվելու է որպես ապրանք՝ իրենց շնորհակալությունը Բաքվին հայտնելու համար»։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի առջև դրված բոլոր պահանջները Նիկոլ Փաշինյանը կատարում է, և դա այս խաղաղության գինն է․ «Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ չեն կրակում, սրա գինը մենք ենք վճարելու, իսկ այդ գինը լինելու է այն, որ, ինչպես Նիկոլը պարզ հասկացնում է՝ «Զանգեզուրի միջանցքը» մենք չենք վերահսկելու, բանակի ծախսերն է կրճատում, Սահմանադրության փոփոխության ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում։ Միայն մեկ բան դեռ չեն արել, բայց անելու են, եթե Աստված ոչ անի՝ Նիկոլը վերընտրվի․ 300-400 հազար ադրբեջանցի գալու է և բնակեցվի Հայաստանում»։
Նա հավելեց․ «Եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ ոքի պետք չենք, մեզ խուրդելու են։ Արևմուտքը շատ անկեղծ է մեզ հետ։ Նրանք ամեն ինչ անում են Հայաստանը Ռուսաստանից ձերբազատելու ուղղությամբ, բայց չեն ասում՝ ռուսներին այստեղից հանում ենք, բայց այլընտրանք ենք առաջարկում, օրինակ՝ մենք մեր ռազմաբազաները կբերենք և կտեղակայենք Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի փոխարեն։ Ռուսները վատն են, ես դա ընդունում եմ, դա փաստ է։ Ինձ համար զզվելի էր, երբ Վենսի այցից հետո ՌԴ փոխարտգործնախարարը նվնվոցով Նիկոլից աղերսում էր, որ իրենք Թրամփի ճանապարհի մեջ որպես մաս մտնեն․․․ Նիկոլն ինչպես Արցախը հանձնեց, նույնն էլ ՀՀ-ի հետ է անելու»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյությում



