Վաշինգտոնը հետաքրքրված չէ Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ բաց դիմակայությամբ․ Ջոշուա Կուչերա
«Թեև ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում խորացել է, այն լայնածավալ չէ»,- այս մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին ռեգիոն և ԱՄՆ ներգրավվածությանը ռեգիոնում։
Կուչերան կարծում է, որ Սպիտակ տանը կայացած Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումը դարձավ կարգավորման գործընթացի արագացման խթան, և այդ ժամանակից ի վեր կարգավորման գործընթացը զգալիորեն ակտիվացել է։
Նա հիշեցրել է, որ հունվարին ԱՄՆ-ը և Հայաստանը ներկայացրին «Թրամփի երթուղու» շրջանակային համաձայնագիրը։ Ուստի, նրա որակմամբ, Վենսի այցը, իր հերթին, մինչ այժմ ամենատեսանելի ազդանշանն է, որ Վաշինգտոնը պատրաստ է գործընթացը հասցնել ավարտին։
«Միևնույն ժամանակ, Վենսի այցի ընթացքում «Թրամփի երթուղու» վերաբերյալ էական նոր հայտարարություններ չեղան։ Փոխարենը օրակարգում գերակշռում էին ուղեկցող պայմանավորվածությունները՝ Հայաստանի համար ամերիկյան միջուկային էլեկտրակայաններ, հսկողության անօդաչու սարքեր և արհեստական բանականության տվյալների կենտրոններ, իսկ Ադրբեջանի համար՝ պարեկային նավակներ»,- գրում է Կուչերան։
Սակայն, նրա կարծիքով, կոնկրետ պայմանավորվածություններից բացի, այցի նշանակությունը հիմնականում խորհրդանշական էր։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վենսին ասաց. «Մեր հարաբերությունների մակարդակը երբևէ այսքան բարձր չի եղել»։
Սա արդյո՞ք նշանակում է, որ ԱՄՆ-ը այժմ մեծ խաղացող է Հայաստանում և Ադրբեջանում։ Ռուսաստանում, որը Կովկասի ավանդական հեգեմոն ուժն է, նման մտահոգություններ կան։ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում նվազեցրել է նրա ռեսուրսները տարածաշրջանում, և Մոսկվան կրել է մի շարք տակտիկական կորուստներ, որոնցից «Թրամփի երթուղու» հարցում ԱՄՆ-ի առաջատար դերը վերջին օրինակներից է։
Ռուսական թերթերից մեկը գրել էր, որ Վենսի այցը Մոսկվայում առաջացրել է «հիասթափություն, նյարդայնություն և անօգնականության զգացում»։ Սակայն, թեև ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում խորացել է, այն լայնածավալ չէ։ Վաշինգտոնն ընդհանուր առմամբ դեռևս սահմանափակ ուշադրություն է դարձնում Կովկասին և քիչ հետաքրքրված է Ռուսաստանի հետ բաց դիմակայությամբ կամ ամբողջ տարածաշրջանում ազդեցության լուրջ ընդլայնմամբ»,- նման ուշագրավ եզրահանգում է արել Ջոշուա Կուչերան։



