Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հայտարարվելու է իրենց վարչապետի թեկնածուի անունը։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթը սկսեց հետևյալ խոսքերով. «Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ»:

«Այսօր մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվե՞լ, թե՞ գործել, կա ընտրություն՝ մնա՞լ, թե՞ գնալ ավելի ապահով տեղ: Կա ընտրություն գյուղացու համար՝ մշակել հայրենի հո՞ղը, թե՞ գնալ օտար երկիր աշխատելու: Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած՝ շարունակե՞լ այսպես, թե՞ սկսել լուրջ զբաղվել սեփական վերածնունդով:

8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում, ասում է՝ ինձ տվեք երրորդ շանսը: Երբ մենք իրեն տվեցինք առաջին շանսը, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ. նա կորցրեց Արցախի 75 տոկոսը, կազմաքանդեց և թուլացրեց բանակը, զավթեց դատարանները… Երբ մենք նրան տվեցինք երկրորդ շանսը՝ 2021 թվականին, վերջնականապես Արցախը կործանեց, սկսեց իր թիմով հարստանալ, բռնաճնշումներ գործադրել: Սարքեց մի քանի դպրոց ու օրը մի քանի անգամ թմբկահարեց դրա մասին, և ամեն մեկիս ընտանիքի վրա դրեց 10.000 դոլար պետական վարկ, տանելով գյուղատնտեսությունն անկման, Մարդու իրավունքները սարքեց ՔՊ-ի մենաշնորհը,- շարունակեց նա՝ հեռավար դիմելով Նիկոլ Փաշինյանին,- Ի՞նչ չես հասցրել անել, որ հիմա ուզում ես ավարտել: Ասում է՝ ներդրումներ եմ բերելու նոր ժամկետում, բերող էիր՝ բերեիր, 8 տարի միայն հույս էիր բերում և վաճառում մեզ վրա: Գործ անել չգիտես, ասում ես՝ հարևաններն են ուժեղ, հարևանները նույնն են, դու ես թույլ»:

Կարդացեք նաև

Իսկ թե ինչն է պատճառը, որ Փաշինյանը երրորդ ժամկետն է ուզում, Նարեկ Կարապետյանը «բացեց» փակագծերը՝ նշելով. «Սովն է պատճառը, սովը, հարգելի հայրենակիցներ: Այս մարդիկ սոված են, դրա համար չեն հագենում, երրորդ ժամկետն են ուզում: Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ, լուրջ առաջնորդ»:

Անդրադառնալով ՀՀ-ում առկա արդարադատության խնդիրներին, «Մեր ձևով» շարժման համակարգողը շեշտեց, որ արդարադատությունը պետք է մարդասեր լինի, մինչդեռ 2018 թվականի իշխանափոխությունից հետո անգամ փոքր զանցանք կատարած մարդկանց համար համաներում չի եղել, պետք է լինի համաներում ուղղելի սխալներ թույլ տվածների դեպքում, և ոչ թե կիրառվի խիստ և անօգուտ պատիժ:

Իր ելույթի ժամանակ Նարեկ Կարապետյանը խոստացել է նաև երաշխավորված և ուժեղ խաղաղություն, և ոչ թե թույլ՝ ադրբեջանցի վերաբնակիչներով համեմված, ՔՊ-ական հիբրիդային խաղաղություն:

«ՀՀ տարածքի բռնազավթված մասը խաղաղ վերադարձվելու է մեզ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս