«Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է, այդպիսին կլինի միշտ». Նիկոլ Փաշինյան
«Համոզված եմ, որ դուք արդեն նկատեցիք մեր հայտարարություններից, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության համագործակցության առանցքում մեկ նպատակ կա, և այդ նպատակը խաղաղությունն ու կայունությունն է»,- այս մասին նախագահական նստավայրում ԱՄՆ փոխանախագահ Վենսի հետ հանդիպման ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք Իրանին և տարածաշրջանում իրավիճակը քննարկել են, և որո՞նք կլինեն Հայաստանի և Միացյալ Նահանգների նպատակներն ու խնդիրները, հաշվի առնելով վերջին ժամանակահատվածի դիվանագիտական փոխանակումները։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ համոզված է՝ այս նպատակն իրագործելն արդեն տեսնում են։
«Առիթ ունեցա ասելու նաև իմ բացման խոսքում, որ շատ կարևոր է արձանագրել՝ այն խաղաղությունը, որը 2025 թվականին հայտարարվեց, հռչակվեց, արդեն գետնի վրա իրականության մեջ արտահայտվում է։
Թույլ տվեք ասել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է և այդպիսին կլինի միշտ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱՄՆ փոխանախագահը երկօրյա այցով այսօր ժամանել է Հայաստան։ Հայաստան այցից հետո նա մեկնելու է Բաքու։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


