Փախել էի Հայաստանից, բայց վերադարձա՝ հասկանալով, որ այստեղ անելիք ունեմ. Լիլիթ Ալթունյան
Մանկական գրականությունն ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք գրված են երեխաների համար։ Արմատները գալիս են պատմություններից, երգերից։ Նույնիսկ տպագրության լայն տարածումից հետո, դասական «մանկական» շատ պատմվածքներ ստեղծվել են մեծահասակների համար, և հետո, փոփոխությունների ենթարկվելով, հարմարեցվել են փոքրահասակ լսարանի համար։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք մանկագիր, նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի հետ։

– Մանկական գրականությունը որքանո՞վ է նպաստում երեխաների ճիշտ ձևավորմանը։
– Մանկական գրականությունը երեխաներին տալիս է երևակայելու հնարավորություն, զարգացնում է գեղագիտական ճաշակը, ակտիվացնում է երևակայությունը։ Լավ ժամանակ են անցկացնում նաև ծնողի հետ, երբ նա իրենց համար կարդում է՝ հատկապես քնելուց առաջ։ Երեխայի էմոցիոնալ ֆոնն այդ ժամանակ բաց է, շատ հարցեր է տալիս, քննարկում, այսինքն՝ էմոցիոնալ կապը ծնողի և երեխայի միջև ուժեղանում է և դա, բնականաբար, ազդում է երեխայի զարգացման վրա։
– Մեր օրերում հե՞շտ է երեխաների և գրքի «հանդիպումն ու սերը» կազմակերպելը։
– Դժվար է, բայց կարծում եմ՝ եթե կարող ենք երեխաների համար խաղալիքներ գնել, ուրեմն կարող ենք գրքեր էլ գնել, որովհետև պատկերագրքերի բնագավառում, որում ես եմ ստեղծագործում, գրեթե այդ երեքի՝ խաղալիքի, գրականության, պատկերների միաձուլումն է։ Այսինքն, երեխան առնչվում է ոչ միայն գրականության հետ, այլև զվարճանում է, խաղում, լավ ժամանակ անցկացնում։ Եթե երեխան այդ տարիքում պատկերագրքերի հետ չի շփվում, հետագայում ավելի դժվար է դեպի լուրջ գրականություն կամուրջը կառուցելը։ Իսկ եթե գիրքն իրեն տալիս է հույզեր, պատմություններից դասեր է քաղում, խորանում է պատկերների մեջ 3-7 տարեկանում, շատ են շանսերը, որ կընկերանա գրքի հետ և հետագայում ավելի լուրջ ստեղծագործություններ կցանկանա կարդալ։
– Երեխաներին ավելի շատ ի՞նչն է գրավում՝ պատկե՞րը, թե՞ տեքստը։
– Նայած երեխա։ Ինձ գրավում էին պատկերները, սակայն տեքստը տալիս է այն ինֆորմացիան, որը պատկերի մեջ չկա, իսկ պատկերը տալիս է հուզական, գեղագիտական ֆոնը։ Մեկը մյուսին լրացնում են։ Կան երեխաներ, ովքեր հակված են տեքստին, կան երեխաներ՝ պատկերին, դա արդեն ծնողը պետք է հասկանա։ Շատ դեպքերում 4-5 տարեկանում երեխան արդեն սկսում է տեքստեր կարդալ, քանի որ էլ նկարներով շատ չի հետաքրքրվում, բայց կան երեխաներ, որոնք մինչև 8-9 տարեկանը նկարներ են սիրում դիտել։
– Մեր օրերում շատ բարդ է երեխաների մոտ գրքի հանդեպ սեր արթնացնելը, այստեղ տեսնո՞ւմ եք ծնողների թերությունը, և ի՞նչ են ցույց տալիս Ձեր շփումները։
– Տեսնում եմ, որ ծնողները շատ են մտածում երեխաների զարգացման մասին։ Նրանք արժևորում են պատկերագրքերը։ Չեմ կարծում, որ թերանում են, բայց կան ծնողներ, ովքեր գուցե դեռ չեն գիտակցում գրքերի կարևորությունը երեխայի կյանքում։ Կարծում եմ, ընդհանուր առմամբ մանկական գրականության հանդեպ մեր վերաբերմունքն է մի քիչ ոչ ճիշտ։ Չենք կարևորում։ Ո՛չ մանկական գրականություն ստեղծողներին ենք լուրջ ընդունում, ո՛չ էլ մանկական գրականությունը։ Մեզ թվում է՝ ով էլ ուզենա, կգրի, դա ի՞նչ բարդ բան է, որ։ Բայց այդպես չէ․ մանկական գրականությունը լուրջ աշխատանք է, որովհետև գործ ունենք շատ նուրբ, նոր կազմավորվող հոգեբանության հետ։ Շատ գործ ունենք անելու, զարգացնելու ստեղծագործողներին, ովքեր կուզենան ստեղծագործել մանուկների համար։ Պետական մակարդակով պետք է խրախուսվի։ Եկեք ճիշտն ասենք՝ մանկական գրականությամբ այսօր ոչ ոք չի կարող ապրել Հայաստանում, պետք է դրամաշնորհներ լինեն։ Ամբողջ աշխարհն այդպես է, բայց Հայաստանը հետ է մնում։
– ՀՀ-ում կան հեքիաթագիրներ, որոնք գրում են առօրյա խոսակցական ոճով, արդյո՞ք դա ճիշտ է։
– Իմ կարծիքով, ստեղծագործության լեզուն և պատկերները պետք է համապատասխանեն թեմային։ Եթե թեման այնպիսին է, որ պետք է առօրյա խոսակցական ոճով գրել, ինչո՞ւ ոչ։ Թեման պետք է արդարացնի, թե ինչու ենք այդպես գրել։ Գուցե ինչ-որ տեղ պետք է, բայց չեմ կարծում, որ առօրեական թեմաներն ու լեզուն շատ պետք է լինեն մանկական գրականության մեջ։ Գրականությունը, արվեստն ընդհանրապես պետք է մի քիչ ավելին տա և օգնի բարձրանալ, ոչ թե ընթերցողին տա միայն այն, ինչ ունակ է «մարսել»։ Թեմաները պետք է համապատասխանեն այսօրվա երեխաների պահանջներին։ Ես պարզ եմ գրում, որ երեխաները հասկանան։ Ֆոլկլորային հեքիաթ չեմ գրում, բարբառային բառեր չեմ օգտագործում։ Գուցե թեմաները խորն ու ունիվերսալ են և առնչվում են ծնողներին, բայց երեխաների համար էլ են։
– Ճի՞շտ եմ նկատել, որ Ձեր հերոսները հիմնականում երազկոտ անձինք են։
– Երազկոտ չեն, բայց ունեն երազանքներ, վախեր, կարիք՝ գտնելու իրենց հարցերի պատասխանները։ Օրինակ, «Կապույտ աղվեսը» պատմվածքում աղվեսիկը փորձում է գտնել անտառը, որին պատկանում է, որովհետև իր մանկության անտառում կապույտ ոչինչ չի գտնում, որ կարողանա թաքնվել։ Պատկանելիության կարիք կա։ Ինքը չի զգում, որ պատկանում է այն անտառին, որտեղ ծնվել է, և որոշում է գնալ ու գտնել իր երազների կապույտ անտառը, որովհետև հավատում է, որ ինչ-որ մի տեղ կա այն անտառը, որին ինքը պատկանում է։ Եվ անտառներով անցնելու, մեծանալու շնորհիվ, երբ նորից գալիս, հասնում է իր անտառին՝ գիտակցում է, որ իր անտառը գիշերը կապույտ է լինում, այսինքն՝ չկար այդ պատկանելիության հարցը, բայց ինքը պետք է անցներ այդ ճանապարհը, որպեսզի բացահայտեր, որ ճիշտ տեղում է ծնվել։ Հետևաբար, այնտեղ, որտեղ ծնվել ենք, երբեմն ուզում ենք փախնել այդտեղից՝ ասելով, որ այն հեռու տեղն իմն է, բայց շատ անգամ ճիշտ տեղից չենք նայում մեր պատկանելիության տեղին։
– Ստեղծագործողները բավականին էմոցիոնալ են, ինչպես Դուք։ Եղե՞լ է, որ այն միջավայրում, որտեղ ապրում եք, խորթություն զգաք և փորձեք փախնել այնտեղից։
– Իհարկե։ «Կապույտ աղվեսը» ծնվել է հենց իմ փորձառությունից։ Ես փախել եմ Հայաստանից՝ կարծելով, որ այն տեղը չէ, որտեղ ծնվել եմ, և հետո կյանքն ինձ պտտել ու հետ է բերել Հայաստան, ու ես ուրիշ աչքերով եմ նայել իմ երկրին, հասկացել եմ, որ այստեղ անելիք ունեմ։ Ու էլ չեմ նայում, որ ոչ մի կապույտ բան չկա։ Ես գտնում եմ իմ կապույտը ու տեղավորվում եմ դրա մեջ։

– Ձեր մյուս ստեղծագործությունը հիշենք՝ «Երազկոտ հրեշը», որն ամեն դեպքում հասնում է իր նպատակին։ Այդպիսին նաև Դո՞ւք եք։
– Հրեշը ոչ թե հասավ իր նպատակին, այլ բացահայտեց՝ այն ստանդարտները, որ, իր կարծիքով, ստեղծագործողը պետք է ունենա, ոչ միշտ են ճիշտ։ Այո, դա էլ է իմ պատմությունը։ Հասկացա, որ անպայման չպետք է լինեմ բոլորի պես ինչ-որ ստանդարտներին համապատասխանող։ Ամեն ստեղծագործող ունի իր ճանապարհը, իր լսարանը և կարևորն այն է, թե ինչի համար է ստեղծագործում։
Կան մարդիկ, ովքեր ստեղծագործում են փառքի, ճանաչելիության և այլ բաների համար, և կան մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող չստեղծագործել։
– Մասնագիտությամբ նկարչուհի եք, սովորել եք նաև Ֆրանսիայում՝ որպես անիմացիոն ռեժիսոր։ Ե՞րբ եք բացահայտել ստեղծագործելու ձիրքը։
– Ինչ ինձ հիշում եմ՝ նկարում եմ։ Հիշում եմ, որ 3-4 տարեկան էի, մանկապարտեզում չէի սիրում քնել ցերեկը, ուսմասվարը տանում էր իր մոտ, նկարում էի, ու իմ առաջին ցուցահանդեսը եղել է մանկապարտեզում՝ այդ ժամանակ նկարած նկարներով։ Նորվեգիայում էի սովորում, երբ հանձնարարեցին ստեղծել համր գիրք՝ պատմություն առանց տեքստի, և հասկացա, որ սա այն է, ինչ ուզում եմ անել։ Այդ ժամանակ 24 տարեկան էի։ Անկեղծ ասած՝ նկարելու ցանկությունը լրիվ կորցրել էի՝ համալսարանն ավարտելուց հետո։ Չէի հասկանում, թե ինչի՞ համար եմ նկարում։
Համր գիրքը մի աղջկա ճանապարհի մասին էր․ նա ինչ-որ բան է փնտրում և գտնում։
– Ի՞նչ եք փնտրում և չեք գտնում։
– Ես ամեն ինչ գտել եմ։ Ինչ փնտրում եմ՝ գտնում եմ։
– Եղե՞լ է, որ երեխաների հետ զրուցելուց հետո որոշեք պատմության սկիզբը կամ վերջը փոխել։
– Պատմվածքը երբ ստեղծվում է՝ կոնֆլիկտի հետ լուծումը գալիս է։ Հիշում եմ, «Խավարի թագավորը», որը դեռ չէր հրատարակվել, երեխաների համար երբ կարդացի, նրանք ինձ մտքեր տվեցին։ Ինչ-որ փոքրիկ բաներ փոխեցի։
– Կա՞ն թեմաներ, որոնք Ձեր ուշադրության կենտրոնում են և առաջիկայում շունչ կստանան՝ պատմվածքի տեքստով։
– Աշխատում եմ նոր պատկերագրքի ուղղությամբ։ Հուսով եմ՝ հաջորդ տարի կլինի։ Պլանավորում եմ վիզուալ գրքեր ստեղծել նաև մեծերի համար։
– Սկզբում ծնվում է պատկե՞րը, թե՞ տեքստը։
– Կոնֆլիկտը, տեքստը, ապա՝ պատկերը։ Հետո տեքստը մի քիչ հարմարվում է պատկերին։ Խնդիրը, որի շուրջ պատմությունը կառուցվում է, կարող է շատ անսպասելի իրավիճակում մտքումս ծագել։ Կարող եմ շատ անսպասելի մի բան տեսնել, լսել, ու պատմությունն իմ գլխում ձևավորվի։
– Տեղափոխվենք անիմացիոն ֆիլմերի աշխարհ․ ի՞նչ վիճակ է ՀՀ-ում այս առումով։
– Զարգացման մեջ է անիմացիոն ֆիլմը։ Ուրախ եմ, որ իմ հեղինակային անիմացոն ֆիլմը միջազգային համագործակցության արդյունք էր, արվեց Ֆրանսիայի հետ համատեղ։ Անիմացիոն ֆիլմն արվել էր «Երբ ես տխուր եմ» բանաստեղծությանս հիման վրա։ Շատ փառատոների ժամանակ ցուցադրվեց, ինչպես նաև Ֆրանսիայի կինոթատրոներում, անգամ CD-ների տեսքով վաճառվել է։
– Որքա՞ն հաճախ եք տխրում, ի՞նչն է տխրեցնում։
– Պատճառները տարբեր են, բայց ինձ համար կարևորը՝ ճանաչել տխրության էմոցիան և հասկանալ, որ տխրությունն ինձ ինչ-որ բան է ուզում ասել։ Այսօր մեզ մոտ կա երջանիկ լինելու մշակույթ է, սոցցանցերում չենք ուզում խոսել տխուր բաների մասին․ պատերազմը չենք ուզում հիշել, ուզում ենք մոռանալ ամեն ինչ… Ամբողջ աշխարհում է այդպես, բայց ես դրան հակառակ եմ գնացել ու միշտ ասել եմ, որ բոլոր ապրումներն իսկական են ու կարիք ունեն մեր կյանքում տեղ ունենալու, որովհետև, երբ ծածկում ենք բացասական էմոցիաները, նրանք հետո ուրիշ ձև են մեզ վնասում։ Հույզերը մեսիջներ են, պետք է ուշադիր լինենք ու լսենք, թե ի՞նչ է ուզում մեզ ասել մեր նյարդային համակարգը։ Սթրես չեմ սիրում, բայց ուրախ ու տխուր պահերը կարևորում եմ։

Ինձ ամենաշատը տխրեցնում է անարդարությունը, խաբված լինելը, հիասթափվելը։ Մեր երկրի, տարբեր ոլորտների հետ կապված մեծ հույսեր ունենք և հիսաթափվում ենք, ու դրանք, իհարկե, տխրեցնում են։
– Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
– Կարևորում եմ լավ առողջություն ունենալը, որովհետև այս պահին դա ինձ շատ է նեղում։ Լավ ստեղծագործություններ կարողանամ գրել, նկարազարդել։ Երազում եմ ստեղծել շատ գրքեր, հասցնեմ իրականացնել բոլոր գաղափարներս։

