ՌԴ-ն այլևս թիրա՞խ չէ. Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի փոփոխվող «սլաքները», ի՞նչ է փոխվել 1 ամսում
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ, ինչպես նախորդ զեկույցի դեպքում, բավարար տեղ է հատկացվել Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին:
Ավելին, Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած «կանտոռան» վերջին զեկույցում նույնիսկ հարկ է համարել բացատրել՝ ինչ է հիբրիդային պատերազմը: Գաղտնիք չէ, որ իշխանության ներկայացուցիչներն ու իշխանամերձ շրջանակներն այս առումով սլաքը հիմնականում ուղղում են Ռուսաստանին, թեև երբեմն ոչ անվանական չի բացառվել նաև այլ երկրներից նման սպառնալիքների հավանականությունը, սակայն քարոզչական դաշտում հիմնականում ակնարկը եղել է ռուսական ուղղությամբ:
Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2025 թվականի մայիսին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր.
«Ես հասկանում եմ՝ մեծաքանակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես՝ հյուսիսային մեր հարևանի՝ ՌԴ-ի կողմից»:
Այս ամենի մասին 2026 թվականի փետրվարին Factor TV–ին տված հարցազրույցում հիշեցվել է նրան, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է.
«Ես կարծում եմ՝ ձևակերպումը մի քիչ այլ է: Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի կամ որևիցե երկրի հետ հիբրիդային կամ ոչ հիբրիդային պատերազմ մղել:
Մենք ասում ենք, որ կա նման մտահոգություն, և երբ մենք՝ դուք կամ ես, խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին, դուք ինչի՞ եք պարտադիր ընկալում, որ այդ հիբրիդային հարձակումն ասելիս՝ մենք պարտադիր նկատի ունենք հենց այն մարդկանց, ում հետ ես հանդիպում եմ (առաջիկայում սպասվում է Ալեն Սիմոնյանի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ), կամ՝ իրենք են դա ղեկավարում, ուղղորդում, կամ՝ որևիցե ձևով հրաման են տալիս: Ոչ միայն պետությունների միջոցով է լինում:
Լինում են մարդիկ, ովքեր մտնում են այստեղ քաղաքականության մեջ, օրինակ։ Ռուսական լավ խոսք կա՝ «у Кремля много башен», կան շահագրգռված հայազգի գործիչներ, որոնք բնակվում են ՌԴ-ում, կան տարբեր թևեր, պետք չի այդտեղ տանել Փաշինյան-Պուտին կոնֆլիկտի, նման կոնֆլիկտ չկա, չկա նաև կոնֆլիկտ տիկին Մատվիենկոյի հետ, ես նրան շատ հարգալից եմ վերաբերվում»:
Նշենք, որ այս տարի հրապարակված ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի դեմ հիբրիդային գործողություններում ներգրավված պետական և ոչ պետական դերակատարների կողմից, մեծ հավանականությամբ, կիրառվելիք գործիքակազմը կներառի՝ արտաքին ազդեցության ենթարկվող ներքաղաքական սուբյեկտների քաղաքական ակտիվացում ու հստակ գործողություններում նրանց ներգրավում, և այլն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ կախված կոնկրետ դեպքից և նպատակից՝ հիբրիդային գործիքակազմ կիրառողը կարող է օգտվել նշված միջոցների տարբեր համադրություններից»:
Սրա հետ կապված՝ Ալեն Սիմոնյանը հարցազրույցում արձագանքել է. «Այնպես չի, որ մենք սխալական չենք, բացի դրանից, իրողություններ են փոխվում, գործողություններ են մեր երկրի նկատմամբ փոխվում: Եվ հետո՝ պատերազմ բառը լավ բառ չի, հարձակում անվանենք, որը ոչ պակաս բնորոշում է այդ դեպքերը»:
Այս համատեքստում հարկ է հավելել, որ գրեթե մեկ ամիս առաջ՝ 2026 թվականի հունվարի 15-ին, Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հրավիրած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը նրան հիշեցրել էր՝ նա և իր թիմը պարբերաբար խոսում են հիբրիդային պատերազմի մասին և հիմնականում սլաքն ուղղում Ռուսաստանին, առհասարակ, ի՞նչ ասել է՝ հիբրիդային պատերազմ, և արդյո՞ք Ռուսաստան այցերի ժամանակ Փաշինյանը հարցրել է Վլադիմիր Պուտինին՝ ինչի՞ են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ հայտարարել:
Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խուսափել էր այս հստակ հարցադրումներին հստակ և ուղիղ պատասխաններ տալ, թեպետ նա իր արձագանքը որակել էր կոնկրետ պատասխան:
«Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան: Ասում եք՝ ո՞րն է օրինակը հիբրիդային պատերազմի, Կտրիճ Ներսիսյանը շատ կոնկրետ օրինակ է»,- ընդգծել էր նա:
Հակադարձմանը՝ «ես Ռուսաստանի մասին էի հարցնում, Դուք Ռուսաստանին եք մեղադրում», Փաշինյանն արձագանքել է. «Ես ձեր հարցին պատասխանեցի»:
Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Քրիստինե Գրիգորյանի «կանտոռան», սխալվե՞լ են ՌԴ-ին ուղղված իրենց «մեղադրական» գնահատականում, թե՞ վերջին 1 ամսում ինչ-որ բան է փոխվել Հայաստանի նկատմամբ ռուսական կողմից: Սրանք հարցեր են, որոնք առավել հստակ պատասխաններ են ենթադրում:
Ի դեպ, չմոռանանք, որ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ՀԱՊԿ անդամ Բելառուսին և Ռուսաստանին մեղադրել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցելու համար:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,- մասնավորապես, 2024 թվականի մայիսին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդել էր Փաշինյանը, ով ավելի վաղ ՌԴ-ին «մեղադրանք» էր հասցեագրել նաև 2016 թվականի քառօրյայի հետ կապված:
Բայց թե ինչ չափ է ՀԱՊԿ անդամ նշված երկրների պատասխանատվությունն այս պատերազմների սանձազերծման հարցում, դարձյալ հստակության կարիք կա:
Իհարկե, փաստ է, որ և՛ Բելառուսը, և՛ Ռուսաստանը զինել են Ադրբեջանին, և 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել է նրանց մատակարարած զենքը, բայց երբ Փաշինյանը նրանց մեղադրում է կազմակերպման և նախապատրաստման մեջ, ի՞նչ նկատի ունի:
Իսկ գուցե նաև այս առումով է իրավիճակ փոխվել ՀՀ իշխանական ղեկավարության գնահատականներում, բայց արի ու տես, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի հետ կապված որևէ փոփոխություն չկա, չնայած պարզ չէ՝ արդյո՞ք ՌԴ-ն պահանջել է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել:
168.am-ը գրել է, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը ՆԱՏՕ անդամ երկրներին առաջարկել է չեզոքացնել թուրքական պատերազմական սպառնալիքը: Թե որքան է զգուշացումն ի գիտություն ընդունվել, կարծում ենք, պարզ է, հատկապես, երբ հենց 44-օրյայի օրերին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմին համարում էր նաև ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, իսկ ԱՄՆ նախագահն էլ Թրամփն էր:
Հ.Գ. Ի դեպ, օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսին Թուրքիայի՝ 44-օրյային ուղիղ մասնակցությունը և Ադրբեջանին «Բայրաքթարների» մատակարարումը պայմանավորել էր Փաշինյանի՝ Մակրոնի խելքին ընկնելով, ինչին, իհարկե, վերապահումներով պետք է մոտենալ:
