Սաակաշվիլիի մոդելն է՝ սրում էր հարաբերությունները, հետո՝ վազում ԱՄՆ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին աջակցելու մասին հայտարարությունը, որը պետք է շարունակվի ԱԺ ընտրությունների արդյունքում:

«Միայն Ֆիդանը չէ, Կայա Կալասի հայտարարությունը նայեք։ Այո, նրանք շատ ուղղակի աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է։ Նախաձեռնությունը գալիս է Հայաստանից։ Հայաստանից պատվիրակությունները գնում են այնտեղ և ասում են՝ մենք արևմտյան գիծն ենք բռնել, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսելու մեր դեմ։ Նույնն է, ինչ անում էր Սաակաշվիլին՝ սրում էր հարաբերությունները, հետո վազում ԱՄՆ՝ աջակցություն խնդրելու համար: Նույն մոդելն է։

Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնե՞լ, թե՞ ընտրել այն քայլերը, որոնք ոչ թե բախման կետ են տանում, այլ բերում են այնտեղ, որտեղ համընկնում են շահերը։ Մենք այդպես էինք անում, և դրա անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն։ Հիմա Հայաստանն անում է ճիշտ հակառակը, սրում է հարաբերությունները և փորձում է դրա դիմաց ինչ-որ բան պոկել Արևմուտքից։

Ինչպե՞ս է սա ազդելու ներքաղաքական կյանքի վրա, կարծում եմ, որոշակի ազդեցություն ունենալու է։ Բայց պատկերացրեք՝ ընդդիմությունն այդ տեսանկյունից հայտնվել է անհավասար պայմաններում։ Նույն Ռուսաստանը նման կարգի հայտարարություններ չի անում, Չինաստանն էլ չի անում։

Կարդացեք նաև

Չինաստանի ու ԱՄՆ-ի տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ը ասում է՝ եթե սա չանես, կպատժեմ, իսկ Չինաստանն ասում է՝ եթե սա անես, կխրախուսեմ։ Մոտեցումների շեշտակի տարբերություն կա, այդ պատճառով էլ Չինաստանը շատ ավելի գրավիչ է շատ և շատ երկրների համար, քանի որ չի փորձում փայտը ձեռքին խոսել, այլ ասում է՝ կգամ նավահանգիստ, երկաթուղի կկառուցեմ, ուղղակի իմ շահերը հարգի:

Հայաստանը, չգիտեմ՝ ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունները փչացնելու արդյունքում։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը՝ հավելելով, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն ընկալել է որպես ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին, և որևէ կապ չունի, թե դիվանագիտական լեզվով դա ինչպես կձևակերպի Թուրքիան:

Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հիշեցրեց 2018-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանի հակաթուրքական հայտարարությունները, ինչպիսիք որևէ այլ ղեկավար երբեք չի արել։

«Այդ ժամանակ Մակրոն-Էրդողան հարաբերությունները բավական սրված էին: Եվ Մակրոնը փորձում էր հակաթուրքական ոչ ֆորմալ դաշինք ձևավորել և այդ հարցը շատ ակտիվ քննարկում էր Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հետ։ Այդ ժամանակ Հայաստանը միացել էր այդ ոչ ֆորմալ կոալիցիայի ձևավորմանը, այդ խոսույթին: Ես տասը տարի նախագահության ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել, հարևան երկիր է։ Դուք պատկերացրեք՝ ես սկսեի խոսել Քուրդիստանի ստեղծման մասին, դա հիմարություն կլիներ, որովհետև հարվածի տակ կդնեի Հայաստանի Հանրապետությունը։

Եվ ոչ մի նախագահ այդպիսի բան չի արել։ Ինքը մտավ այդ պատմության մեջ, Մակրոնը երևի խրախուսեց, նա էլ  շաբաթը երկու անգամ կարծիք է փոխում։ Էս մեկն էլ նրա խելքին ընկավ և մտավ այդ պատմության մեջ: Եվ սա է պատճառը նաև, որ Ադրբեջանը «Բայրաքթարներ» ստացավ, և 2020 թվականի պատերազմում Թուրքիան բացահայտ և անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս