Փաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է Հայաստանին մատակարարված ռուսական «Իսկանդերը»
Մայիսի 22-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով.
«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»:
Նաև շեշտել էր, թե 4 տարի սա է փորձում այլաբանորեն բացատրել, և հիմա ուղիղ խոսելու առիթ է ընձեռվել: Իհարկե, ՌԴ-ին առնչվող նման ուղիղ մեղադրանքներ Փաշինյանը հնչեցրել է, այլ հարց է Բելառուսը:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում գաղտնազերծում էր արել. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:
Բայց սա չէր խանգարել Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից շնորհավորանք և գովեստի խոսքեր ընդունել, որ ինքը փորձառու քաղաքական գործիչ է: Ավելին, Փաշինյանը, բնականաբար, շատ մեծ ոգևորությամբ է ընդունել 2023 թվականի դեկտեմբերին Լուկաշենկոյի հայտարարությունը՝ «Փաշինյանը մեղավոր չէ, նա ժառանգել է ստեղծված իրավիճակը»:
Բայց հունիսի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նորից է հիշել Լուկաշենկոյին և «սպառնացել»՝ ոտք չի դնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է:
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44 օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստե՞մ, հարց քննարկե՞մ:
Դո՞ւք չեք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այլն: Չնայած, նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես:
ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառել, եթե, օրինակ՝ Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»:
Ժամանակը ցույց կտա, այս «բոյկոտը» միայն Բելառուս-Հայաստան հարաբերությունների հարթությունո՞ւմ է, թե՞ նաև կամ հիմնականում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հետ էր կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, մի ձեռքով դատապարտել էր Բելառուսի և Ադրբեջանի զինտեխնիկայի մատակարարման գործարքը: Իսկ սրանից կարճ ժամանակ անց Փաշինյանը համաձայն էր եղել, որ Բելառուսին հավերժ մնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, միայն ՀԱՊԿ-ն կատարի իր պարտավորությունները: Այսինքն, ՀՀ ներկայացուցչից ավելի լավ Ադրբեջանին զենք վաճառող Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ին պիտի ստիպեր կատարել իր պարտականությունները հօգուտ Հայաստանի:
Լուկաշենկոյի ասած՝ «փորձառու քաղաքական գործչի» տրամաբանություն: Իսկ, առհասարակ, քաղաքական տարբեր փուլերում եղել են Փաշինյան-Լուկաշենկո հեռահար բանավեճեր, բայց դրանք հարթվել են: Թե հերթականի դեպքում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա:
Մինչ այդ նշենք, որ Փաշինյանի 2024 թվականի հունիսի 13-ի ԱԺ-ում արած հայտարարությանը հաջորդել է Politico պարբերականի բացահայտումը Ադրբեջան-Բելառուս ռազմատեխնիկական գործարքների մասին, որի համաձայն՝ Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, և առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային տեխնիկայի արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների մատակարարում: Բացի այդ, Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են անօդաչուների դեմ պայքարի Groza-S շարժական մարտական կայանների գնման շուրջ:
Թե որքանով սա կարելի է բացահայտում համարել, վիճելի է, քանի որ շատ նորություն չկա սրանում:
Իսկ առիթից օգտվելով՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատությանն» ասել է, որ «Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել»:
Հարցին՝ արդյո՞ք այն կիրառվել է 2020-ի պատերազմի ընթացքում, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Շատ հնարավոր է՝ կիրառված լինի, պարզապես մեր կողմից արձանագրված չէ»:
Փոխարենը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Մենք գիտենք, որ դա հիմնականում տեղակայված է Նախիջևանի ուղղության վրա, որպեսզի թիրախավորեն ընդհուպ մեր հարավային սահմանները, որտեղ հեռավորությունը շատ մեծ է»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Անդրանիկ Քոչարյանին այս տեղեկությունը տրամադրել է ռազմական հետախուզությունը: Ի դեպ, այս օրերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ՊՆ-ն դա ապատեղեկատվություն է որակել, Անդրանիկ Քոչարյանն ադրբեջանական ագրեսիայի հիմք սրանում չի տեսնում:
«Պոլոնեզի» մասին խոսող Անդրանիկ Քոչարյանը չի ասում նաև, որ Ադրբեջանը բելառուսական «Պոլոնեզ» որոշեց ձեռք բերել, երբ նախկին իշխանությունների օրոք Հայաստանին ռուսական «Իսկանդեր» մատակարարվեց, ինչը հերթական անգամ հաստատել է այսօր ադրբեջանական կողմը։
«Այդ գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին մատակարարեց 2 դիվիզիոն (8 միավոր) «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Եվ քանի որ այդ գործարքը կարող էր խախտել տարածաշրջանում ռազմական բալանսը, Ադրբեջանը հասավ նրան, որ բարեկամ Մինսկից ստանա «Պոլոնեզներ», որոնք կիրառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Ղարաբաղում, և ներկա ժամանակում մարտական հերթապահության է կանգնեցված»,- նշվում է ադրբեջանական «Հաքքինազում»:
Հավելենք, որ 2015-ի վերջին արդեն Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:
Իսկ արդեն 2018 թվականի հունիսին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ բելառուսական «Պոլոնեզներն» Ադրբեջանում են:
Հայկական կողմը դեռ նախքան մատակարարումը՝ 2018-ի ապրիլին, արձագանքել էր, որ ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն չունեցող երկրին՝ Ադրբեջանին, սպառազինությունների նման տեսակ է վաճառվում, ինչը որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:
Ի դեպ, 2018 թվականի հունիսին «Հայկական ժամանակը», անդրադառնալով նախկին իշխանությունների որդեգրած «Սանձահարման/զսպման» համակարգին, արձանագրել էր.
««Սանձահարման/զսպման» համակարգը չհասցրեց լիովին գործարկվել: Հայտարարությունից մի քանի շաբաթ անց սկսվեց ապրիլյան պատերազմը, որից հետո Հայկական բանակի դոկտրինալ տրամաբանությունում փոփոխությունների անհրաժեշտությունն ավելի ակնհայտ դարձավ:
Կանխարգելիչ, այդ թվում՝ ոչ համաչափ զսպման գործողությունների տրամաբանությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի ֆինանսական և քաղաքական ռեսուրսների սահմանափակվածությամբ: Այսօր արդեն որոշակի քայլեր կատարվել են այդ ուղղությամբ: Առավել ակնառու օրինակը «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ձեռքբերումն էր: Հասկանալի է, սակայն, որ այն չի օգտագործվելու հնարավոր պատերազմի առաջին իսկ օրվանից: Այն մի կողմից զսպող դեր է կատարում, իսկ ակտիվ գործողությունների պարագայում իր վրա է վերցնելու անբարենպաստ իրավիճակի բալանսավորման, կամ որոշիչ հարվածի դերակատարումը»:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը նախկինների սանձահարման քաղաքականության համատեքստում կարևոր քայլ էր համարել Су-30СМ կործանիչները, որոնք ձեռք էին բերվել առանց անհրաժեշտ ատրիբուտների, ինչի պատճառով 2020 թվականի 44-օրյա պատերազմում չկիրառվեց իր հզորությամբ և չծառայեցվեց իր բուն նպատակին:
Բայց արի ու տես, որ ինչպես 2018-ին գրել էր «Հայկական ժամանակը», «Իսկանդերը» գործի չդրվեց 44-օրյա պատերազմի առաջին օրերին, այլ պատերազմի վերջին օրերին, այսինքն, այս դեպքում էլ, մեղմ ասած, ունեցանք ոչ նպատակային կիրառում:
Իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, որը ժամանակին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու մեջ, գուցե ասի՝ հիմա ի՞նչ վիճակում և ի՞նչ խնդիր է պատրաստ լուծել հայկական «Իսկանդերը», երբ, իր խոսքերով, Ադրբեջանը «Պոլոնեզը» տեղակայել է Նախիջևանի հատվածում:
Իսկ այն, որ 44-օրյա պատերազմում դրա կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տան համապատասխան անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, Օնիկ Գասպարյանը և ոչ միայն, դա քննարկան ենթակա չէ:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէր, որ «Պոլոնեզը» կիրառվել է 44-օրյայում, ինչի մասին Ադրբեջանը չի թաքցնում: