ՊՈՒՏԻՆԻՆ ԲԵՐՈՂ ՄԵՔԵՆԱՆ ՈՐ ՏԵՍՆԵՆ ԹԱԻՐՈՎԻ ՃԱՄՓԻՆ, ԱՍԵԼՈՒ ԵՆ՝ «AURUS»-Ի ՎԱՐՈՐԴ, ԱՋ ՔԱՇԻՐ, ԿԱՆԳՆԻ՞Ր… ԲԱ ՉԻ ՄՏԱԾՈ՞ՒՄ, ՈՐ ԻՐ ՈՒՂՂԱԹԻՌՆ ԷԼ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇԵԼ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, Վայոց Ձորի նախկին մարզպետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։
Այսօր կառավարության նիստից հայտնի դարձավ, որ մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային և այդ օրվա փոխարեն՝ աշխատանքային օր կլինի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը: Աշխատանքային օրը փոխելը պայմանավորված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովով, որն անցկացվելու է Հայաստանում։ Ստացվում է՝ եթե նման որևէ միջոցառում կազմակերպվի, աշխատանքային օրերի տեղափոխությո՞ւն պետք է արվի:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Մարդ ա գալիս Հայաստան, ասում են՝ տնից դուրս չգաք, ավտոները չհանեք, հյուր ունենք… Դա նման է նրան, որ տուն հյուր է գալիս, երեխաներին ուղարկում են զոքանչի տուն… Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն առաջին անգամ չէ տեղի ունենում, տարբեր երկրներում եղել են, այդ թվում՝ մեզ համար ողբերգական ելքով՝ 2022թ․Պրահայում, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ես ուզում եմ իմանալ՝ եվրոպական այլ երկրներում էլ է՞ կյանքը կանգնում, կամ որ հյուրերը գալիս են Երևան, Կապանում ինչի՞ է ոչ աշխատանքային օր։ Լավ է՝ Ալիևը չի գալիս, թե չէ մեզ ընդհանրապես երկրից կհանեին… Բա որ Էրդողանը գա, ինչ կանի էս կառավարությունը, հայ ժողովրդին այլ երկիր կտեղափոխի…
Ի դեպ, հիշեցնենք, Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) նախորդ գագաթնաժողովների փորձը ցույց է տալիս, որ հյուրընկալող երկրներում այդ օրերը, որպես կանոն, համապետական ոչ աշխատանքային օրեր չեն հայտարարվել՝ Պրահա (Չեխիա, 2022 թ. հոկտեմբեր), Գրանադա (Իսպանիա, 2023 թ. հոկտեմբեր), Լոնդոն/Վուդսթոք (2024թ. հուլիս): Գագաթնաժողովն անցկացվել է Բլենհեյմ պալատում (Օքսֆորդշիր): Ողջ երկրի կամ նույնիսկ տվյալ շրջանի համար այն ոչ աշխատանքային չի հայտարարվել: Տիրանայում (Ալբանիա, 2025 թ. մայիս) գագաթնաժողովի օրը նույնպես սովորական աշխատանքային օր է եղել, թեև քաղաքի կենտրոնում կիրառվել են անվտանգության խիստ միջոցներ և երթևեկության սահմանափակումներ:
- Ես տպավորություն ունեմ, որ ոչ միայն TRIPP-ի, այլև մնացած բոլոր այլ փաստաթղթերին Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ծանոթանում է ստորագրման պահին։ Դա երևում է նաև կադրերից։ Եթե, օրինակ, TRIPP-ի առաջին փաստաթուղթը համաձայնեցված էր, օգոստոսի 8-ին Թրամփի կողքը էդ ինչի՞ էր Փաշինյանը տենց ուշադիր կարդում։ Նույնը, փաստորեն, եղել է նաև Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու ժամանակ։ Դա էլ են ստորագրելու ժամանակ կարդացել։
- Դուք չե՞ք նկատում, որ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մասին առաջին աղբյուրը Արման Բաբաջանյանն է։ Նա ավելի շատ բան գիտի, քան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Արման Բաբաջանյանը Ռուբիոյի հետ հանդիպման մասին բան է գրում, Արարատ Միրզոյանին հարցնում են, ասում է՝ կլինի, կասեմ։ Այցից 4 օր առաջ։ Ի՞նչը կասես, 4 օր առաջ դու չգիտե՞ս, որ ԱՄՆ ես գնալու։ Տոմսերը նախապես պետք է առած լինեն․ դա էլ հո gg տաքսի չէ, որ պատվիրես, 5 րոպե հետո գա։ Արարատ Միրզոյանը դեկորացիա է, կանչում են, ստորագրում է։

- Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Դավոս չի գնալու։ Էդ մի գիշերում ի՞նչ փոխվեց, որ որոշեցիր գնաս։ Բա Սերժ Սարգսյանին ասում էիր՝ մի գիշերում ԵԱՏՄ մտավ, բա էս ո՞նց եղավ, որ որոշեցիր մասնակցես, փաստաթուղթ ստորագրես։ Իլհամ Ալիևն էլ էր այնտեղ, ինքն էլ, կինն ու աղջիկն էլ հանդիպում ունեցան Թրամփի հետ, Փաշինյանը՝ ոչ։ Թոռներին չէր տարել Ալիևը… Ի դեպ, մի ժամանակ տիկին Աննան էլ էր գնում աշխատանքային այցերի, ասում էր՝ գնում եմ, որովհետև սիրում եմ իմ ամուսնուն։
- TRIPP-ի մեր բաժնեմասը հիմա է 26%։ Փաստաթղթում գրված է՝ կողմերը կարող են իրենց բաժնեմասերը նվիրել կամ վաճառել։ Այսինքն՝ Արարատ Միրզոյանի ստորագրած փաստաթուղթը ՓԲԸ-ի ստեղծման մասին փաստաթուղթ է։ Հայաստանն այդ փաստաթղթով երբեք որոշում չի կայացնելու, այլ որոշման սպառող է լինելու։ Սեփականատերը ԱՄՆ-ն է, երբ ուզենա՝ կծախի, էդ թվում՝ Ադրբեջանին։ Չի բացառվում՝ Հայաստանն էլ իր բաժնեմասը տա Ադրբեջանին։ Հենց Նիկոլ Փաշինյանը տեսավ՝ իր իշխանությունը երերում է, անմիջապես կծախի։
- Ադրբեջանի պահանջը TRIPP-ում հայի երես չտեսնելն է, և դա որպես պարտավորություն՝ այդ փաստաթղթում գրված է։ Այսինքն՝ ինչպես Բաքվից Սումգայիթ գնալիս հայի երես չեն տեսնում, այնպես էլ TRIPP-ով՝ Բաքվից Նախիջևան գնալիս։ Ընդ որում, TRIPP-ի գործարկումը վտանգ է ներկայացնում ԵԱՏՄ-ի համար։ Ամերիկյան բեք օֆիսը ԵԱՏՄ սահմանն ինչպե՞ս է վերահսկելու։
- Եթե Հայաստանը Սահմանադրությունը փոխեց ադրբեջանական պահանջով, առանց Անկախության հռչակագրի՝ այն պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն այսօր կա, դադարում է գոյություն ունենալ։ Հետևաբար կասեն՝ այն պետությունը, որը ստորագրել էր, այլևս չկա…
- Որպես կանոն՝ ճանապարհների անվանումները բնակավայրից բնակավայր անուններով են։ Նայե՛ք՝ կառավարության կայքում կա, ինչպես է գրված՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Զառիթափ–Նախիջևանի սահման» ճանապարհի բացմանը։ Սա 2019 թվականին էր։ Այսինքն՝ դեռ այդ ժամանակվանից են սրանք ճանապարհ սարքում։ Այսինքն՝ Սյունիքը և Վայոց ձորը հանձնելու ծրագիր է սա, Ալիևը հենց դա է անվանում «Զանգեզուրի միջանցք»։ Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերից որոշ հատվածներ Ալիևը նույնպես համարում է Ադրբեջան։
Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տառացիորեն ասվում է.
«Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։
Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։
Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»։
Տես՝ լուսանկարում:




- Ադրբեջանը Հայաստանից դիրքեր է վերցնում՝ հետագա ռազմական գործողությունների ժամանակ դիրքային առավելություն ունենալու համար։ Ալիևն ինչո՞ւ հենց առաջինը Տավուշի սահմանազատման պահանջ դրեց, որ հետո կարողանա այդտեղ առավելություն ունենալ, որ սուպերով զանգի Զաքիր Հասանովին, ասի՝ գրոհի՛ր Հայաստանի վրա, նա իմանա, որ պատրաստ են, խնդիր չունեն…
- Թյուրքական աշխարհը միջինասիական պետություններն են, որի ամենամեծ պետությունը՝ Ղազախստանը, Նիկոլ Փաշինյանին պարգևատրեց իր երկրի բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» մեդալով, որով պարգևատրել էր նաև Ալիևին։ TRIPP-ը մաքուր թուրքական աշխարհի նախագիծ է, և այդպես շնորհակալություն հայտնեցին Փաշինյանին։

- Երբ 2023թ․Արցախը շրջափակման մեջ էր, Արցախին ևս առաջարկեց ցորեն ու պարենամթերք, բայց արցախցիները հրաժարվեցին։ Իսկ սրանք բերեցին, կերան ու շատ գոհ են… Նիկոլ Փաշինյանը չի՞ մտածում, որ Ալիևն ինչ անում է, զավթում է կոչվում։ Էդ հիմա են բերում, ադրբեջանական բենզինը վաճառում այստեղի բենզալցակայաններով, հետո պահանջելու են միայն ադրբեջանական SOCAR-ով վաճառել։ Իսկ SOCAR-ի բենզալցակայանների վրա ադրբեջանական դրոշներն են ծածանվում… Մի քանի ամսվա ընթացքում մի 100 հատ կբացեն, ու վրանները կծածանվի Ադրբեջանի դրոշը։
- Ինչո՞ւ է հիմա Փաշինյանը խոսում Ադրբեջանի և Հայաստանի էներգետիկ համակարգերը միավորելու մասին, որովհետև շուտով ավարտվելու է ՀԷՑ-ի լիցենզիայի ժամկետը ու 3 ամսվա ընթացքում, ըստ օրենքի, պետք է վաճառեն։
Հիշեցնենք. ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևն իր ծավալուն հոդվածում գրել էր. «ՀՀ վարչապետի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերն» «ազգայնացնելու» հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից ընկերությունը զավթելու, այնուհետև թուրքերին փոխանցելու նպատակով սկսված ռեյդերական արշավի քողարկում։ Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում: Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո), ով աշխատում է նաև նույն թուրքերին Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերության ակտիվ) վերավաճառքի ուղղությամբ: Կարելի է ենթադրել՝ հաջորդ քայլը կլինի հայկական ատոմակայանի փակումը, ինչին ակտիվորեն ձգտում են Բաքվում և Անկարայում, որին կհաջորդի Հայաստանի առավել խիտ ընդգրկումը թուրք-ադրբեջանական էներգետիկ նախագծերում: Իհարկե, այս բոլոր կոմբինացիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն էլ ակնհայտորեն անմասն չեն մնա:
Սամվել Կարապետյանի դեմ տեղեկատվական-քարոզչական արշավը նախապես է գործարկվել, ինչը վկայում է ավելի լայն և համակարգված ջանքերի մասին, որոնք, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանական շարունակությունն են»:
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության ճեպազրույցում հայտարարել է. «Այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում: Եթե այդ արժեքը լինի հասանելի պետբյուջեի համար, մենք այն ամբողջությամբ կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման՝ բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար է դիտարկվում. ՀԷՑ-ի ամբողջական ազգայնացում և դրա հանձնում պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական սեփականություն։ Երկրորդ սցենարի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի մեծ մասը կարող է փոխանցվել էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։
Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունվարի 29-ին, Փաշինյանը հայտնեց, որ այս մասին փորձում են իրազեկել Էներգետիկ ոլորտում միջազգային թոփ ընկերություններին: «Հիմա կարծիքներ են հնչում, որ կարող է պարզվի, որ ՀԷՑ-ի ֆինանսական արժեքն այնքան ցածր է, որ կարելի է կառավարության որոշմամբ ինչ-որ գումար հատկացնել և դա դարձնել պետական: Մենք շտապելու բան չունենք, ՀԷՑ-ն այս պահին դե ֆակտո պատկանում է Հայաստանին»,- ասել է Փաշինյանը:

- Եթե ամերիկյան կողմը որոշում կայացրեց փետրվարի 1-ից TRIPP-ով իրանական մեքենա չթողնել՝ անցնի, ի՞նչ ենք անելու։ Ի՞նչ է անելու ՀՀ արտգործնախարարը, եթե Իրանից եկող մեքենան չկարողանա անցնի հայ-իրանական սահմանը։
- Մի կարևորագույն նկատառում․Նիկոլ Փաշինյանի ստորագրած կարևորագույն փաստաթղթերից ոչ մեկը չի վավերացվել։ Միայն սահմանազատման հանձնաժողովի կանոնադրությունն է վավերացրել, դա էլ Մհեր Գրիգորյանն է ստորագրել։
- Մոլդովայի նախագահ Սանդուն ընտրվել է արևմտյան երկրներում ապրող մոլդովացիների ձայներով, կեղծիքների միջոցով։ Իր երկրում իր ժողովուրդն իրեն չի ընտրել, բայց Սանդուն ասում է՝ մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։
- Էդ որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինին Հայաստանում ձերբակալելու հարցի վերաբերյալ կանգնում, ասում է՝ Հայաստանն իրավական պետություն է, ես չեմ խառնվում իրավապահ մարմինների աշխատանքին, ո՞նց է պատկերացնում, որ օդանավակայանից գալիս մեր իրավապահները Պուտինին բերող մեքենան որ տեսնեն Թաիրովի ճամփին, ասելու են՝ «Aurus» ի վարորդ, աջ քաշիր, կանգնի՞ր։ Բա չի մտածո՞ւմ, որ իր ուղղաթիռն էլ հանկարծ կարող են մի կողմ քաշել, կանգնեցնել, ընդ որում՝ իր համար բարեբախտություն կլինի, եթե Բաքու չքշեն։ Արայիկ Հարությունյանն էլ էր Ալիևի բոլոր պահանջները կատարում, տեսանք՝ ինչ եղավ։

- ՔՊ-ն ընտրությունների ժամանակ էքսկլյուզիվ դիտորդներ կբերի նոր օրենքով, որոնք ոչ մի խախտում չեն արձանագրի, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ, ով Նիկոլ Փաշինյանի խմբագրության աշխատողն էր ու ԱԺ-ում օգնականը, ինքն էլ իրեն ընտրեց ԿԸՀ նախագահ, կվավերացնի դրանք, ու ՔՊ-ն կվերարտադրվի։ Ի դեպ, Վահագն Հովակիմյանը միակ մարդն է, ով դիպլոմ ունի, բայց կուրսեցի չունի։ Իսկ ԿԸՀ որոշումը միայն մի տեղ կարող ես բողոքարկել՝ Սահմանադրական դատարան… Նստած սպասում են։ Ծայրահեղ դեպքում, եթե Փաշինյանը տեսնի՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, կգնան ուկրաինական սցենարով՝ կհայտարարեն արտակարգ դրություն։ Ի դեպ, այստեղ էլ նման բան արեցին քովիդի ժամանակ, երբ չեղարկեցին սահմանադրական հանրաքվեն։
- ՔՊ-ն մտադիր է իր ծրագրում ընդգրկել սահմանադրական փոփոխությունների հարցը, և քանի որ իրենք գիտեն, որ սահմանադրական հանրաքվեով Սահմանադրություն չեն կարողանալու փոխեն, կասեն՝ քանի որ ժողովուրդը մեզ է ընտրել, ԱԺ-ով էլ Սահմանադրություն կփոխենք։
- Բոլոր այն տեղերում, որտեղ ժողովրդի առջև ընտրությունը եղել է ՔՊ-ի ու հայերի միջև, հաղթել են հայերը։ Օրինակները բազմաթիվ են՝ Կապան, Գորիս, Փարաքար, Մասիս… Եթե նպատակը 2 մանդատանոց տղա չլինելն է, այլ իշխանափոխությունը, ուժերը պետք է մեկտեղվեն։
- Նիկոլ Փաշինյանն, ինձ թվում է, տուն գնալիս պետք է վախենա։ Ամենամեծ վտանգը տանն է, եկել է Չինաստանից, ու հիմա ոնց որ վերև էլ չեն թողնում, պադվալում նվագում է…
Մանրամասները՝ տեսանյութում։
