ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է՝ Ո՞Վ Է ԿՏՐԵԼՈՒ TRIPP-Ի ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆԸ, Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ԶԻՆՎԱԾ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ.  ԹՈՒՐԳՈՒՏ ՕԶԱԼԸ ԲՈՒՇ ԱՎԱԳԻՆ ԱՅՍ ՍՑԵՆԱՐԸ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԱՌԱՋԱՐԿԵԼ. ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ըստ էության փոխել է իր արտաքին քաղաքականության շեշտադրումները, և եվրոպացիները հասկացել են, որ Ռուսաստանին հակազդելու գործում միայնակ են մնացել։ Դրա համար են ակտիվացել, որովհետև Թրամփը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով։ Տրամաբանական է, որ այս պարագայում եվրոպացիներն ակտիվացել են, որ ամեն ձևով թուլացնեն Ռուսաստանի դերն ու նշանակությունը։ Նույն կերպ Ռուսաստանն է վարվում։ Այսինքն՝ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտությունը ոչ մի տեղ չի կորել։ Հիմա մրցակցությունը շատ ավելի է մեծացել, որովհետև դրան միացել է նաև Չինաստանը։
  • Այն դժբախտությունները, որ վերջին տարիներին տեղի ունեցան մեզ հետ, դեռ չեն ավարտվել, որովհետև աշխարհաքաղաքական քարտեզը նոր է ձևավորվում։ Այնպես որ, այստեղ էլ է մեծացել աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Վրաստանն է նաև ակտիվացել։
  • Եվրամիությունում մտածում են՝ Հայաստանն ավելի հեշտ է տանել դեպի իրենց ազդեցության գոտի, որովհետև Ռուսաստանի հետ ուղիղ սահման չունի, մի բան, որն, ըստ իրենց, ավելի բարդ է անել Վրաստանի և Ուկրաինայի պարագայում, ովքեր ունեն ՌԴ-ի հետ ընդհանուր սահման։ Մյուս կողմից՝ վստա՞հ եք, որ Թուրքիան և Ադրբեջանը մեզ թողնելու են ԵՄ գնալ։ Տեսանք՝ երեկ ինչպես արձագանքեց Ադրբեջանը Հայաստանի՝ Եվրոպայի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց հետո։ Ըստ էության ասացին՝ առանց մեզ հարցնելու՝ էս ինչե՞ր եք անում։ Մեզ Ադրբեջանի ԱԳՆ-ից մեղադրեցին խաղաղության գործընթացին խոչընդոտելու մեջ, քանի որ փաստաթղթի մեջ հանդգնել էինք ներառել «Լեռնային Ղարաբաղից փախստականներ» եզրույթը։ Ադրբեջանի մեսիջը նաև ԵՄ-ին էր ուղղված, որով հասկացնում էին՝ ինչ դուք անում եք, մեզ դուր չի գալիս։ Սպասենք, տեսնենք՝ սրան ինչ պատասխան է լինում։ Մի բան ակնհայտ է․ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանը նման բնույթի հայտարարություն չէր արել։

Կարդացեք նաև

  • Հայաստանը վերջին երկիրն էր մեր տարածաշրջանում, որը Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրեց։ Ամբողջ աշխարհն է ցանկանում հարաբերությունները զարգացնել Չինաստանի հետ, իսկ մենք 100 հնարավորից համագործակցում ենք 5-ի շրջանակում։ Բոլորը հասկանում ու գիտակցում են՝ ինչ պետություն է դառնալու Չինաստանը 10 տարի անց, և ուզում են սերտ հարաբերություններ ունենալ նրա հետ։ Ես կարծում եմ՝ այս ուղղությունը մենք տապալել ենք։
  • Թրամփի մոտ ընկալում կա, որ Սյունիքով անցնող ճանապարհը հենց Միջանցք է, որովհետև երբ 3 անգամ ասաց՝ Միջանցք, կողքին նստած Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց, և միայն վերադառնալուց հետո սկսեցին ՀՀ պաշտոնյաներն ասել՝ դա Միջանցք չէ։ Տեղում ասեիք, հարցը պարզվեր, գնար։ Հիմա որ ասում եք՝ դա ադրբեջանա-թուրքական օրակարգ է, Թրամփին ասեիք, վերջանար։
  • Պատմության ընթացքում առաջին անգամ է, որ ԱՄՆ-ը էս տարածաշրջանում այս ծավալի բիզնես ներկայություն է ապահովում։ Սա հետագայում կարող է վերածվել ռազմավարական նշանակության նախագծի։ TRIPP նախագծով Ամերիկան ազդեցություն է ունենում երկու երկրների վրա, և առաջիկայում մենք ակտիվացում ենք տեսնելու այս ուղղությամբ։ Վերջը այդ ճանապարհը բացվելու է, և շատ կարևոր է՝ ով է գալու՝ էդ կարմիր ժապավենը կտրի։
  • Դեռևս 90-ականների սկզբին՝ մինչև Խորհրդային Միության փլուզումը, կար հայտնի Գոբլի պլանը: Այդ պլանի նպատակը ո՞րն էր: Կա մի փաստաթուղթ, խոսակցության սղագրություն Ամերիկայի Միացյալ Նահագների և Թուրքիայի նախագահների միջև: Այդտեղ Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը Ջորջ Բուշ ավագին ասում է՝ եկե՛ք փոխանակենք Արցախը Մեղրիի հետ, բնակչությունները տեղահանենք, Մեղրին տանք Ադրբեջանին, Արցախը տանք հայերին: Երբ Բուշը հարցնում է՝ իսկ դա մեզ ի՞նչ է տալու, Օզալն ասում է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր էներգետիկ ռեսուրսները՝ նավթը, գազը և այլն, կշրջանցեն Ռուսաստանը և այդ տարածքով կգնան դեպի Եվրոպա, որպեսզի Եվրոպան կախվածություն չունենա Ռուսաստանից, այլ կախվածություն ունենա Թուրքիայից: Ասում է՝ մենք էլ ձեր ռազմավարական դաշնակիցն ենք: Այսինքն՝ շատ հետաքրքիր իրավիճակ է նկարագրված, որն ըստ էության այսօրվա դրությամբ կյանքի է կոչվում: Սա շատ հետաքրքիր պրոցես է, որը կյանքի է կոչվում՝ սկսած ԽՍՀՄ գոյության վերջին շրջանից: Այս փաստաթուղթն ամբողջությամբ նկարագրում է այն քաղաքական պրոցեսները, որոնք այն ժամանակվանից մինչ օրս կյանքի են կոչվել: Եվ մի մոռացե՛ք, որ գերտերությունների համար ժամանակի ու չափման միավորն ուրիշ է: 25-30 տարում ինչ-որ արդյունքի հասնելը նորմալ է: Նրանք ավելի հեռահար պլաներ են մշակում և կյանքի կոչում:

  • Ակնհայտ է, որ Նախիջևան միլիտարիզացված ռեգիոնը չի օգտագործվելու Թուրքիայի կամ Իրանի դեմ․ պետք է հասկանալ՝ ում դեմ է ռազմականացվում այդ տարածաշրջանը։
  • Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ամենահզոր պետությունն է ու հետաքրքրված է թուրքական ծրագրերով, իսկ Թուրքական աշխարհին խանգարող հանգամանքը Հայաստանն է։ Բայց այստեղ մի հետաքրքիր պրոցես էլ կա՝ Աբրահամյան համաձայնագրերը, որին միացան Ադրբեջանն ու Ղազախստանը, և անգամ նշվում է դրանց՝ Հայաստանի միանալու մասին:
  • Արտաքին քաղաքական սկզբունքներ մենք չունենք, մենք մեր գործընկերների համար կանխատեսելի չենք, ու սա շատ վատ է։ Խնդիրները փորձում են լուծել, երբ դրանք վրա են հասնում։ Սա կարող է թվալ կոմպլեմենտար քաղաքականություն, լավ լինել բոլոր բևեռների հետ, բայց իրականում դա այդպես չէ։ 
  • Ադրբեջանից Նախիջևան էդ ի՞նչ ծավալի ապրանք պիտի գնա, որ մենք էլ դրանից փող աշխատենք։ Թրամփի ուղով փող աշխատել մենք կարող ենք, եթե չինական ապրանքներ տարվեն դրանով, սակայն արդյո՞ք Չինաստանը կցանկանա, որ իր ապրանքներն անցնեն ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ճանապարհով։
  • Եթե առաջ գլոբալ մրցակցության մեջ մեր տարածաշրջանում առաջատարը Ռուսաստանն էր, հիմա Հավաքական Արևմուտքն է։ Իհարկե, պետք է շատ լավ հասկանալ, որ Արևմուտքի ներկայացուցիչն այս տարածաշրջանում Թուրքիան է։ Իսկ Թուրքիան շատ գրագետ կերպով է օգտվում գլոբալ հակասություններից։

  • Իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թրամփը շատ հստակ ներկայացրել է իր մոտեցումները Եվրոպայի նկատմամբ։ Հիմա ԱՄՆ-ը Եվրոպային քննադատում է և ասում՝ քո վարած քաղաքականությունն ինձ համար հասկանալի և ընդունելի չէ։ ԱՄՆ-ը առնվազն Եվրոպային չի օգնում Ռուսաստանի հետ դիմակայության հարցում, և սա նորություն է, որովհետև սառը պատերազմից հետո չի եղել իրավիճակ, երբ Եվրոպան այս կերպ դիստանցավորվի իր ռազմավարական դաշնակցից։
  • Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահը գնաց Արաբական աշխարհներ ու հորդորեց փող ներդնել իր տնտեսության մեջ, որովհետև գլոբալ մրցակցության մեջ ԱՄՆ հեգեմոն դիրքը թուլանում էր, ու Թրամփը դա հասկանում է։
  • Ցանկացած փող տվող նպատակ ունի․ ուղղակի սիրուն աչքերի համար ոչ ոք ոչ ոքի օգնություն չի տալիս։ Մեզ տված փողի նպատակը Ռուսաստանի դեմ գլոբալ մրցակցությունն է։ Վճարողի համար կարևորն իր քաղաքական օրակարգն առաջ մղելն է։ Եվրոպան և ԱՄՆ-ը պրագմատիկ են։ Չկա ԱՄՆ նախագահ, որի համար «America first» չի եղել, բայց միայն Թրամփն է դա բարձրաձայնել։
  • Ես չեմ հասկանում՝ Ռուսաստանի քաղաքականությունն ինչպիսին է Հարավային Կովկասում։ Հասկանալի է՝ ողջ ռեսուրսները դրված են Ուկրաինայի վրա, բայց անհասկանալի է՝ ինչ են մտածում Ադրբեջանի, Ռուսաստանի և, որ մեզ համար ամենակարևորն է, Հայաստանի նկատմամբ։ Պատերազմն ավարտվեց, այստեղ ինչ-որ բան պետք է փոխվի։ Չեմ հասկանում՝ ո՞նց է Ռուսաստանը վերադարձնելու իր պատմական ազդեցության գոտիները, թե՞ չի վերադարձնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս