Բաքուն չի նահանջի Զանգեզուրի միջանցքի  գաղափարից, և որ Զանգեզուրը պետք է լինի Ադրբեջանի մաս․ Փոլ Գոբլի աղմկահարույց մեկնաբանությունները

«Ղարաբաղյան հարցը դեռևս ավարտված չէ, այն դեռ երկար կմնա մեզ հետ»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է  ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան գործընթացին բացառապես Ադրբեջանի իշխանական թեզերի կոնտեքստում։

Նա նշել է, որ Ադրբեջանը մշտապես ունեցել է հնարավորություն լուծելու Ղարաբաղյան հարցը, հաշվի առնելով այն ուժային անհավասարակշռությունը, որը կար Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Ըստ վերլուծաբանի, դա ավելի հնարավոր դարձավ, երբ միջազգային հանրությունը, կարծես, հանգել էր նրան, որ ուժի կիրառումն ընդունելի է, ինչպես Ռուսաստանի և Ուկրաինայի, այնպես էլ Մերձավոր Արևելքի իրավիճակի դեպքում։ Հետևաբար, Գոբլի կարծիքով, ակնհայտ է, որ Ադրբեջանի համար դժվար կլիներ նախաձեռնել քայլեր՝ ավելի քիչ քննադատության ենթարկվելով, եթե ՌԴ-ն չներխուժեր Ուկրաինա, և, եթե Մերձավոքր Արևելքում պատերազմ չբռնկվեր։ Գոբլը նշել է, որ իր համար կանխատեսելի էր, որ Ադրբեջանը փորձելու է ուժի դիմել, սակայն, թե երբ, դժվար էր ասել։  Նրա գնահատմամբ՝ այն փաստը, որ ՀՀ-ն կորցրել էր աջակցությունը միջազգային  մակարդակում, Բաքվի համար հնարավորություններ ստեղծեց, և Ալիևը դրանից օգտվեց։

Գոբլը չի կարծում, որ Ղարաբաղյան հիմնահարցը լուծվել է։ «Հաշվի առնելով այն փաստը, որ 100 հազար հայ մեկնել է Հայաստան կամ այլ երկրներ, իսկ ավելի վաղ մոտավորապես 700 հազար ադրբեջանցի ստիպված է եղել փախչել այնտեղից և ներկայումս  ցանկանում է վերադառնալ։ Սա նպատակ է ապագայի համար։ Այստեղ խոսքը հակամարտության միայն մեկ փուլի ավարտի մասին է։ Այս բոլոր դժվարությունները մեզ հետ կմնան դեռ երկար ժամանակ։ Մարդիկ, ովքեր կորուստներ են կրել, նրանց հարազատները երկու կողմերից էլ չեն պատրաստվում հեշտությամբ համակերպվել»,- ասել է Գոբլը՝ շարունակելով, թե  չի կարծում,  որ գործ ենք ունենալու ռազմական նոր առճակատման հետ, սակայն, եթե որևէ մեկն ասի, որ ԼՂ հակամարտության բոլոր հարցերը լուծվել են, ապա դա սխալ կլինի։

Կարդացեք նաև

«Ես շատ անգամներ եմ ասել, որ Ղարաբաղյան հարցն  ավելի մեծ խնդրի մի մասն էր, և դա Հարավային Կովկասում ժողովուրդների ու տարածքների բաշխման գործընթացն էր»,- ասել է Գոբլը՝ հավելելով, որ նմանատիպ խնդիրներից մեկն էլ «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։

1991 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարությանը ներկայացրած իր ծրագրին մասին Փոլ Գոբլն ասել է, որ դա 30 տարի առաջ էր գրվել նախկին պետքարտուղարի համար, որ պատրաստվում էր  մեկնել Ղարաբաղ։

«Ամերիկացիները սիրում են ամեն բան լուծել։ Ես փորձում էի լուծումներ ներկայացնել, թեև գիտեի, որ  շատ բարդ է լինելու։ 1992 թվականին չէր կարող գտնվել ավելի լավ մոտեցում, քան Զանգեզուրն Արցախի փոխարեն տալ Ադրբեջանին։ Այն պատճառով, որ 90-ական թթ. այդ փոխանակումը տեղի չունեցավ, ներկայում մենք մի իրավիճակում ենք, երբ  Ադրբեջանը կարող է ստանալ ամեն ինչ, իսկ Հայաստանն ամեն ինչ կորցնելու վտանգի առջև է»:

Ամերիկացի հայտնի վերլուծաբանը հարցազրույցում  հարկ է համարել հիշեցնել նաև, որ ինքն առաջիններից է ողջունել Ալիևին, որ 44 օր պատերազմից հետո  կանգնեց ու չգրավեց Ստեփանակերտը։

Իսկ հիմա, Փոլ Գոբլի մեկնաբանությամբ, Ստեփանակերտից հետո, հաջորդ հարցն է՝ ինչպես դրսևորվել «Զանգեզուրի միջանցքի» դեպքում, ինչ երթուղիներ կան։

«Եթե հիմա Հայաստանը չգնա լուրջ զիջումների, կդառնա ավելի մեկուսացված, և Սյունիքով ճանապարհի փոխարեն՝ Իրանի ճանապարհը լինի դեպի Նախիջևան, Հայաստանին կդնեն ավելի ոչ շահավետ իրավիճակի մեջ»։

Գոբլի կարծիքով՝  Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի ձևավորելու  վերաբերյալ  Ադրբեջանի ու Իրանի միջև պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարությունները յուրօրինակ տակտիկա է, որի նպատակը Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելն է հանուն գլխավոր՝ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի։

«Դա առավելապես տակտիկա է, ես չեմ կարծում, թե շատ ադրբեջանցիներ համարում են, որ Զանգեզուրի միջանցքը պետք է մնա Հայաստանի մաս, ես կարծում եմ՝ նրանք համարում են, որ Ադրբեջանը պետք է այն ընդգրկի իր կազմի մեջ: Նույնիսկ Ադրբեջանի կառավարությունում կան մարդիկ, որոնք պնդում են, թե Հայաստանը ոչ վաղ անցյալում եղել է թյուրք-մուսուլմանական քաղաքակրթության մաս, և նրանք ժամանակին բարձրացնում էին ՀՀ գոյության հարցը։ Դրանք մարգինալ ձայներ էին, բայց դա գաղափար է այն մասին, որ Ադրբեջանը պետք է լինի միատարր երկիր,  այն չպետք է բաժանվի և պետք է տիրապետի Բաքվից ՝ Նախիջևանով դեպի Թուրքիա ուղիղ երթուղուն:

Դա ադրբեջանական մտածողության համար ծայրաստիճան կարևոր է, և ես կարծում եմ, որ երբ խոսում եմ Արազ (Արքաս) գետով այլընտրանքային երթուղու մասին, դա ևս տակտիկական քայլ է։ Չեմ կարծում, որ մարդիկ կնահանջեն՝  Զանգեզուրն Ադրբեջանի մաս լինելու գաղափարից»,- ասել է Գոբլը։

Ամերիկացի դիվանագետ-վերլուծաբանը տեսակետ հայտնեց նաև՝ եթե  այդ երթուղին իր տարածքով անցնի, Իրանը ցանկացած պահի այդ հանգամանքը կօգտագործի Բաքվի և Անկարայի դեմ, իսկ դա նշանակում է՝ խնդիրը չի լուծվի։

«Կարծում եմ՝ Ադրբեջանում դա լավ են հասկանում, ուստի այն, ինչ նրանք ասում են այդ երթուղու մասին, դա տակտիկական քայլ  է, որը չի արտահայտում Բաքվի երկարաժամկետ նպատակները»,- հստակեցրեց Գոբլը։

Ըստ էության կարելի է ասել, որ ամերիկացի վերլուծաբան, երկարամյա դիվանագետ Փոլ Գոբլի՝ իր հարցազրույցում հրապարակած թեզերի և համառոտ վերլուծությամբ  բացահայտեց այն Ադրբեջանի դիվանագիտական խորամանկ տակտիկան, թե ինչ է թաքնված Իրանի տարածքով Նախիջևանին կապվելու նախաձեռնության հիմքում:

Այսինքն՝ Ադրբեջանը չի հրաժարվելու  Սյունիքի նկատմամբ նկրտումներից։

Պատրաստեց՝ Արաքս Մարտիրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս