«Ես չեմ տեսնում, որ Վաշինգտոնը կգործի Թուրքիայի դեմ»․ Փոլ Գոբլ
ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը անդրադառնալով Արցախյան գոտում արդեն չորրորդ շաբաթը շարունակվող պատերազմական գործողություններին, պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի ջանքերի տապալման պատճառներին և ԱՄՆ դիրքորոշմանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր և Թուրքիայի դաշնակից, և պատասխանելով մեր հարցին, թե հակամարտության գոտում տեղի ունեցողը բացառապես հայկական կողմերի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող պատերա՞զմ է, թե՞ ավելի լայն պայքար տարածաշրջանում, ուղղված ազդեցության գոտիների վերաձևմանը, ասաց, որ առաջին հերթին և ամենակարևորը՝ սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն մյուս տերությունները ևս ներգրավված են։
Նրա խոսքով՝ նրանք դեռ խորապես ներգրավված չեն, սակայն, եթե մարտերը շարունակվեն, նրանք կարող են ավելի ներգրավվել, և այդ դեպքում հակամարտությունը կարող է տարածաշրջանայինից վերածվել ավելի լայն պատերազմի: «Դա մեծ ռիսկ է և դրանով է բացատրվում այն, թե ինչու են արտաքին ուժերի մեծ մասը փորձում սահմանափակել հակամարտությունը»,- ասաց ամերիկացի վերլուծաբանը։
Նրա խոսքով, այսպես կոչված, հրադադարի համաձայնագիրը հեռու էր ամբողջական լինելուց, քանի որ դրանում հստակեցված էր, որ շատ մանրամասներ կհամաձայնեցվեն ավելի ուշ։ «Հետևաբար՝ դա առավել նման էր մտադրությունների վերաբերյալ հայտարարության, քան իրական համաձայնագրի»,- ասաց Գոբլը։
Նա նշեց, որ Ռուսաստանը, թերևս, կարող էր դադարեցնել պատերազմը՝ սկսելով միջամտություն հայկական կողմից, բայց դրանում ահռելի ռիսկ կա, որ, եթե դա անի, Թուրքիան օգնության կգա Ադրբեջանին: Այսպիսով, մի հակամարտությունը «լուծելու» ջանքերը կհանգեցնեին մեկ այլ և ավելի մեծ հակամարտության: «Ռուսաստանն ավելի քիչ լծակներ ունի, քան նախկինում էր»,- նման համոզմունք հայտնեց ԱՄՆ Պետդեպի նախկին աշխատակիցը։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ուղղությամբ ԱՄՆ դիրքավորման համարժեքությանը՝ Գոբլն ասաց, որ, ցավոք սրտի, ներկայումս ԱՄՆ-ը չի գործում՝ որպես լուրջ խաղացող։
Նրա խոսքով, Վաշինգտոնը, կարծես, ցանկանում է վերադառնալ ստատուս-քվոյին, առանց հասկանալու, որ մարտերի այս փուլից հետո դա պարզապես տեղի չի ունենա: «Ես զգալի փոփոխության հույս չեմ տեսնում մինչև ամենաշուտը հաջորդ տարվա սկիզբ»,- ասաց նա։
Հարցին, թե ԱՄՆ-ը չի՞ պատրաստվում արդյոք միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ դաշնակից Թուրքիայի դեմ, ով Հայաստանի դեմ ահաբեկիչներ, զինվորականներ և արևմտյան տեխնոլոգիաներով պատրաստված սպառազինություն է կիրառում Ադրբեջանի տարածքով, Գոբլը պատասխանեց, որ ահաբեկիչների օգտագործման խնդիրը լուրջ բանավեճերի առարկա է։
«Բայց ես չեմ տեսնում, որ Վաշինգտոնը կգործի Թուրքիայի դեմ։ Նա շատ պատճառներ ունի Անկարային վնասելուց խուսափելու համար՝ հաշվի առնելով իր այլ քաղաքական նպատակները ներկայումս Մերձավոր Արևելքում»,- ասաց Գոբլը։
Նա չմեկնաբանեց հարցը ՀՀ ԱԳ նախարարի ԱՄՆ կատարելիք այցի օրակարգի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության վերաբերյալ, որում Թրամփը նշել էր, թե ամերիկյան կողմն ինչ-որ բանի վրա աշխատում է։
Փոլ Գոբլը ստեղծված իրավիճակը հաղթահարելու շատ ճանապարհներ չի տեսնում և ցավով նշում է․ «Վախենամ, որ հակամարտությունը կշարունակվի, չնայած մարտերը աստիճանաբար կարող են թուլանալ երկու կողմերի ուժասպառության հետևանքով։ Ադրբեջանը գուցե որոշի, որ ժամանակ է հարկավոր իր վերագրավումները «կուլ տալու» համար, և Հայաստանը կարող է հույս ունենալ կառուցել նոր պաշտպանություն։ Չեմ տեսնում որևէ առաջընթաց բանակցությունների ուղղությամբ առաջիկայում Մինսկի ձևաչափի կամ ցանկացած այլ շրջանակում» ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 17-ին նշել էր, որ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ։ «Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- ասել էր դեսպանը, հստակ ժամկետներ չնշելով։ Ժամկետներ չի նշում դեռ նաև ՀՀ ԱԳ նախարարությունը։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ: «Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին նշել է Թրամփը: Նա նաև ընդգծել է, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, սակայն չի հստակեցրել ասելիքը:
Արցախյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում հայ համայնքների մասնակցությամբ, որոնց ընթացքում տվյալ երկրի հայերն իշխանություններից համարժեք քաղաքական արձագանք են ակնկալում այն ամենին, ինչ իրականացնում են թուրք-ադրբեջանական ուժերը Արցախի ժողովրդի դեմ։ ԱՄՆ-ում ակցիաների ժամանակ պահանջում են պատժամիջոցների ենթարկել Թուրքիային, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ դաշնակից ահաբեկիչներ, զինվորականներ և արևմտյան տեխնոլոգիաներով պատրաստված սպառազինությամբ է ապահովում Ադրբեջանին։ ԱՄՆ-ից պահանջում են նաև ուշադրություն դարձնել և համարժեք գնահատականի արժանացնել մարդու իրավունքների խախտումներին պատերազմի ընթացքում։