Ցորի զորամասին խփել են ժամը 7։00-ին. մինչև սեպտեմբերի 27-ը դուրս եկած չեն եղել մշտական տեղակայման վայրից. Պատերազմին ՊԲ-ի լիովին պատրաստ չլինելու նոր փաստեր

168.am-ը շարունակում է  բաց աղբյուրներից փաստերի ներկայացումը, որ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին, որի օրը, ավելին, սցենարը, ըստ էության, պարզ է եղել։ Այսինքն, պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել:

Նշենք, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Նույն օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո՛, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»:

Վերադառնանք փաստերին.

Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանի մայրը Blog News-ին պատմել է.

«Մի տարի էր, որ մնում էի Ղարաբաղում, ամսի 27-ին սկսվեց ռմբակոծությունը: 1992-ից հետո «սալյուտներ» շատ էր լինում: Այդ օրը առավոտյան ժամը 7-ը չկար և «սալյուտ» էր, ասեցի՝ Դավիթ, սա «սալյուտի» բան չի, սա ինչ է: Գլուխը բաղնիքից հանեց և ասեց՝ թուրքերն են: Բաղնիքից դուրս եկավ առանց սրբվելու, հագնվեց և դուրս եկավ»:

2020-ի հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահա­տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ:

Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրա­վորվե­լուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը:

2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:

Նրան հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար:

– 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը` Ջիվան Միքայելյանը, «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում նշել է, որ Ցորի զորամասին խփել են սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7:00-ին. մինչև սեպտեմբերի 27-ը դուրս եկած չեն եղել մշտական տեղակայման վայրից:

«Իմ տղան ծառայել է Ցորի զորամասում: Բանակի հիմնական ռեզերվն է, մինչև ամսի 27-ը դուրս եկած չեն եղել մշտական տեղակայման վայրից: Առավոտյան ժամը 7-ին խփել են Ցորին, առավոտյան ժամը 7-:30-ին են դուրս եկել: Մեր ծնողներից մեկն այնտեղ է եղել, երեխան նույնիսկ չի ասել, որ իրանք պատրաստ են»,- շարունակել է Միքայելյանը:

– «Հրապարակը»  սեպտեմբերի 27-ից բացառիկ կադրեր էր հրապարակել, որտեղ զինվորներն ասում էին, թե պատրաստվում էին ճաշարան գնալ, բայց թշնամին «հարամեց»:

Հավելենք, որ պատերազմի առաջին օրերին ընկել է Թալիշը, Մատաղիսը, հակառակորդին հաջողվել է գրավել Արեգասարի բարձունքը՝ ունենալով որոշակի առաջխաղացում «Եղնիկների» պաշտպանության տեղամասում:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել էր. «Եթե մեզ չհաջողվեր առաջին օրը ճեղքել հակառակորդի պաշտպանական գիծը, հետագայում մեզ շատ դժվար էր լինելու»:

Իսկ 168.am-ը շարունակելու է ՊԲ-ի լիովին պատրաստ չլինելու փաստերի հավաքագրումը:

Տեսանյութեր

Լրահոս