Ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Մատաղիսի հրամանատարի գործով իր ցուցմունքում և հարցաքննության ժամանակ
168.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող՝ գնդապետ Սևակ Աբրահամյանի գործով հարցաքննվել է ՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, այլ հարցաքննվող ևս եղել է: Հոդվածում ներկայացրել էինք նաև 44-օրյա պատերազմից օրեր առաջ Օնիկ Գասպարյանի տված հրամանները:
Արդյոք Օնիկ Գասպարյանի հարցաքննության ժամանակ խոսք եղե՞լ է իր իսկ արձակած հրամանների մասին. օգոստոսին մեզ հետ զրույցում Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանը նշել էր, որ նիստերը դռնփակ են, չի կարող ասել՝ ինչ հանգամանքների է անդրադարձ կատարվել:
Իսկ «Դատալեքս» համակարգում հենց այս մասին կարելի է տեղեկություններ գտնել: Մասնավորապես, այնտեղ նշվում է, որ դատարանը հնարավորություն է ունեցել հարցաքննելու ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին և 10-րդ ԼՀԴ նախկին հրամանատար Կարեն Շաքարյանին (ինչպես մենք ավելի վաղ հայտնել էինք), իսկ նրանք հանդիսացել են Սևակ Աբրահամյանի վերադասները։
«Նշված վկաներն իրենց ցուցմունքներում հստակ տեղեկություններ են հայտնել հակառակորդի հաջողությունների վերաբերյալ և նշել, որ դրա միակ պատճառը հանդիսացել է հակառակորդի որակական և քանակական առավելությունը յուրային ուժերի նկատմամբ, որի հարաբերակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ կազմել է 1:10, բացի այդ, հակառակորդն օգտագործել է գերճշգրիտ զինատեսակներ, օդում ունեցել է բացարձակ գերակայություն։
Վկաների հարցաքննությամբ հիմնավորվել է, որ հակառակորդի հաջողությունների պատճառը չի հանդիսացել և չէր կարող հանդիսանալ Սևակ Աբրահամյանի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումը, չնայած նրան, որ նշված վկաների ցուցմունքներով հերքվել է վարույթն իրականացնող մարմնի այն պնդումը, որ Սևակ Աբրահամյանն առհասարակ թույլ է տվել նման խախտումներ։
Թեև Առաջին ատյանի դատարանը տվյալ փուլում չէր կարող անդրադառնալ հիմնավոր կասկածի կամ մեղադրանքի հիմնավորվածությանը, այնուամենայնիվ, նշված երկու վկաների դատարանում հետազոտված ցուցմունքները, ինչպես նաև մեղադրական եզրակացության մեջ շարադրված, դեռևս չհարցաքննված վկաների ցուցմունքները հստակ վկայում են այն մասին, որ եթե անգամ Սևակ Աբրահամյանը թույլ է տվել մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումներ, ապա դրանք չեն առաջացրել ծանր հետևանքներ և մեղադրանքում նրան մեղսագրված հետևանքները պատճառական կապի մեջ չեն գտնվում Սևակ Աբրահամյանին մեղսագրված մարտական հերթապահության կանոնների խախտման հետ»,- «Հատուկ վերանայման բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները» ենթավերնագրի ներքո նշվում է «Դատալեքսում» տեղադրված տեղեկատվության մեջ:
Հիշեցնենք, որ 2022թ. Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Աբրահամյանը պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք-հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։
Բայց, ըստ ՔԿ-ի, ի պաշտոնե պարտավոր լինելով որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով՝ ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում մեկ այլ առիթով Աբրահամյանի փաստաբանն ասել էր, որ 2020թ. սեպտեմբերի 26-ին կազմակերպված խնջույքի մասին Ջալալ Հարությունյանը տեղեկացված և հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել:
2024 թվականի օգոստոսի դրությամբ Ջալալ Հարությունյանը որպես վկա դեռ չէր հարցաքննվել: Այս և գործին առնչվող այլ հարցերի շուրջ պարզաբանումներ փորձենք դարձյալ ստանալ Սևակ Աբրահամյանի փաստաբանից:
Հավելենք, որ դատաքննության ընթացքում Սևակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։