Իրանի և Թուրքիայի շուրջ օրվա կարևոր զարգացումները՝ մեկ դիպաշարով

Արևելագետ Կարինե Գևորգյանը Թելեգրամի իր ալիքում ներկայացրել է Իրանի և Թուրքիայի շուրջ օրվա կարևոր զարգացումները. «ԱՄՆ Պետդեպարտամենտը հրատապ նախազգուշացում է տարածել Թուրքիայի վերաբերյալ։ Ամերիկյան իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել երկրի հարավարևելյան շրջանները և ժամանակավորապես զերծ մնալ այնտեղ մեկնելուց։ Միաժամանակ որոշում է կայացվել տարհանել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին։

Նախազգուշացման պատճառը տարածաշրջանում ռազմական և ահաբեկչական վտանգների կտրուկ աճն է։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի սահմաններին զինված խմբավորումների ակտիվացման ֆոնին՝ Թուրքիայի հարավը հայտնվել է պոտենցիալ անկայունության գոտում։ ԱՄՆ իշխանությունները գտնում են, որ առաջիկայում այնտեղ պահպանվում է հարձակումների, ռազմական միջադեպերի և հրթիռային հարվածների բարձր հավանականություն։ Այդ իսկ պատճառով ամերիկյան դիվանագիտական կառույցները սկսել են անձնակազմի կանխարգելիչ տարհանումը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը ոչնչացվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական ուժերի կողմից։ Հրթիռի բեկորների մի մասն ընկել է Գազիանթեպի ամայի տարածքներում։

Հարավկորեական «TV Chosun» հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն «Patriot» զենիթահրթիռային համակարգերի մարտկոցներ է տեղափոխել Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք։

Ալիևն ու Փաշինյանը շնորհավորել են Իրանի նոր առաջնորդին։

Հաղորդվում է նաև Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայից ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների տարհանման մասին։ Ըստ առկա տվյալների՝ օդային տանկերները տեղափոխվել են Եվրոպա։ Սա տեղի է ունեցել թագավորության տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա իրանական հարձակումների մասին լուրերի ֆոնին։

Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Իրանի դեմ կոալիցիայի պատերազմի հետ կապված իրավիճակը»։

Տեսանյութեր

Լրահոս