«Պատերազմի ավարտ չի նախանշվում․ Մոջթաբա Խամենեին կարող է ավելի ռադիկալ դիրքորոշում ունենալ»․ Աշոտ Բադալյան
Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի․ Փորձագետների խորհրդի կողմից Այաթոլլա Մոջթաբա Խամենեին ընտրվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ: Նա նահատակված առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի որդին է:
Իրանագետ Աշոտ Բադալյանի կարծիքով՝ պետք է ակնկալել, որ իրանական կողմը հնարավոր բոլոր միջոցներով կապահովի Մոջթաբա Խամենեիի անվտանգությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ից և Իսրայելից եկող սպառնալիքները։
«Իրանի ուղերձը հստակ է, որն արտահայտել է նաև անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որ իրենք նույնիսկ պատերազմական պայմաններում և Թրամփի սպառնալից հայտարարությունների ֆոնին, թե կռմբակոծեն այն շենքը, որտեղ լինելու է նիստը, հրավիրեցին նիստ և ընտրեցին գերագույն հոգևոր առաջնորդի։ Սա նաև մեկ այլ ուղերձ է պարունակում, որ Իրանում համակարգը կայուն է և կախված չէ անձից։
ԱՄՆ-ը և Իսրայելը սպասում էին, որ եթե սպանեն Ալի Խամենեիին, համակարգն արագ կփլուզվի, բայց մենք չտեսանք համակարգի փլուզում, այն դեռ կայուն է, Խամենեիի սպանությունից հետո ձևավորվեց անցումային առաջնորդության խորհուրդը, մինչև ընտրվեց երկրի նոր գերագույն հոգևոր առաջնորդը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Ըստ նրա՝ Իրանի և ԱՄՆ գործողությունները, հավանաբար, կսահմանափակվեն օդային հարվածներով այն վայրերին, որտեղ կգտնվի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը․ «Իրանական կողմն էլ, վստահաբար, բոլոր միջոցները կձեռնարկի նրան պաշտպանելու համար։ Չպետք է նաև թերագնահատել ԱՄՆ-ի և Իսրայելի ունակությունները, որովհետև նրանք ունեն զարգացած համակարգեր, նույնիսկ տիեզերքից սպուտնիկներով կարող են հետևել շարժերին։ Ալի Խամենեիի սպանությունից հետո բրիտանական Daily mail-ը հոդված էր հրապարակել, որ ըստ դրա՝ նրանք Խամենեիի տեղը կարողացել են բացահայտել:
Թեհրանի տեսախցիկների միջոցով կարողացել էին որոշել անվտանգության աշխատակիցների մեքենաների շարժը, որտեղ են նրանք մեքենաները կայանում, և այդպես կարողացել են բացահայտել Ալի Խամենեիի գտնվելու վայրը։ Պետք է շեշտել, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության այս 47 տարիների ընթացքում նման իրավիճակ դեռ չէր եղել և սա առաջին դեպքն է, որ նման պատերազմական իրավիճակ ստեղծվեց, սպանվեց գերագույն հոգևոր առաջնորդը և ընտրվեց նորը։
Պատերազմի ավարտի մասին դեռ վաղ է կանխատեսումներ անել, որովհետև ԱՄՆ-ը և Իսրայելն իրենց նպատակներին չեն հասել, և պայմանական, եթե այսօր ավարտվի պատերազմը, ապա ի՞նչ տվեց ԱՄՆ-ին և Իսրայելին այս ամենը։ Եթե խնդիրն Ալի Խամենեիի սպանությունն էր, ապա ընտրվեց Մոջթաբա Խամենեին, որը կարող է էլ ավելի ռադիկալ դիրքորոշում ունենալ, քան իր հայրը։
Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, ապա դեռ նախորդ տարի Թրամփը նշել էր, որ վերացրել են այն, և այլևս Իրանում միջուկային ծրագիր չկա, այսինքն՝ առաջանալու է հարց՝ ո՞րն էր Իսրայելի նպատակը։ Համակարգը կայուն է, գործում է, ընտրվել է նոր գերագույն հոգևոր առաջնորդ և երկրում չի ստեղծվել քաոտիկ իրավիճակ։ Այսինքն՝ այս պայմաններում պատերազմը կանգնեցնելը հարված կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի հեղինակությանը, ինչը նրանք գիտակցում են, և ռազմական գործողությունների դադար դժվար է կանխատեսել»։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը և Իսրայելը թե՛ այս, թե՛ նախորդ տարվա ռազմական գործողությունների ընթացքում ակնկալում էին, որ Իրանի ներսում կսկսվեն զանգվածային բողոքի ակցիաներ և կառաջանա քաոտիկ իրավիճակ, բայց ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի նման զարգացումներ չեղան․ «Հետաքրքրական է, որ այս տարվա հունվարին, երբ Իրանում բողոքի ակցիաներ էին ընթանում, և Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի ցուցարարներին, բայց ակնառու ոչ մի գործողություն չեղավ Թրամփի կողմից, իսկ արդեն ռազմական գործողությունները երբ մեկնարկեցին, մենք ավելի շատ տեսնում ենք իշխանության աջակիցների կողմից քայլերթեր, հանրահավաքներ և հակաամերիկյան ու հակաիսրայելական կոչեր։ Այսինքն՝ այս պահին այն ակնկալիքները, որ ունեին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողությունները սկսելիս, չեն արդարացել, և հասարակությունը գործեց միասնական»։
Ինչ վերաբերում է Հայաստանի վրա այս պատերազմի հնարավոր ազդեցություններին, նա նշեց, որ այս պահի դրությամբ հետևանքները հիմնականում տնտեսական կլինեն։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում




