ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ԴՐՍԻՑ ԴԱԲՐՈՅԻ ԿՍՊԱՍԻ, ԿԿՈՐԾԱՆՎԻ. ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ ԿԱՊԻԿԻ ՁԵՌՔՈՒՄ ՆՌՆԱԿ ՀԱՅՏՆՎԻ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Օրեր առաջ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում հերթական հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասվում էր.
«Ամոթ, է, խայտառակություն է։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ այստեղ ընտրություններ է լինելու, որովհետև վիճակը միջազգային, ընդհանրապես, մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակ է։ Խաղաղությունից են խոսում, բայց հիմա որևէ փաստաթուղթ չի գործում։ Հայաստանի իշխանությունները խոսում են մի թղթի կտորի մասին, սակայն դա անգամ հուշագիր չէ։ Մոտ ժամանակներս քարտեզը քաղաքական փոխվելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Հայաստանն Իրանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահի, ու մենք պիտի լինենք Միութենական կազմում։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միությունը»,- ասել է Բալասանյանը։
Իշխանությունները՝ ՔՊ-ականները, և նրանց քարոզիչներն անմիջապես սկսեցին նրա այդ խոսքերը ներկայացնել որպես ընդդիմության տեսակետ:
Ի՞նչ կապ ունի առհասարակ Վիտալի Բալասանյանն ընդդիմության հետ, ո՞ւմ տեսակետն է նա արտահայտում իրականում:
Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Երբեք Վիտալի Բալասանյանին մտավոր լուրջ ունակություններ ունեցող մարդ չեմ համարել ու լուրջ չեմ վերաբերվել նրա հայտարարություններին: Վիտալի Բալասանյանը կամա-ակամա հնչեցրել է միտք, որը նվեր է իշխանությանը, որովհետև իշխանության ամբողջ նարատիվը կառուցված է դրա վրա՝ իբր ողջ ընդդիմությունը ռուսահպատակ է: Եվ առավել կարևոր է, որ նա այս հայտարարությունն արել է Մայր Աթոռի բակից: Բա դու նույն հարցազրույցում բռնես ասես՝ մտերիմ հարաբերություններ ունես Կաթողիկոսի հետ, հետո ասես՝ Հայաստանը պիտի Միութենական պետության կազմում լինի՞, և սա այն դեպքում, երբ իշխանության հակաեկեղեցական արշավի մեխը Վեհափառի՝ իբր ռուսամետությունն է: Որպես քաղաքական ուժի ղեկավար՝ ասեմ, որ Վիտալի Բալասանյանը դատապարտելի հայտարարություն է արել: Որևէ հայտարարություն, որը կասկածի տակ կդնի Հայաստանի ինքնիշխանությունը, ինձ համար խորթ է: Վիտալի Բալասանյանի նման մարդիկ պսևդոարևմտամետների կոնտր-բևեռն են: Մարդ, որն աչքի չի ընկնում ակտիվ հրապարակային գործունեությամբ, հանկարծ նախընտրական փուլում հայտնվում ու նման բան է ասում լրատվամիջոցներին, կասկածի տեղիք է տալիս, որ, մեղմ ասած, նրա խաղն ազնիվ չէ:
Իշխանական պրոպագանդան Վիտալի Բալասանյան անունով նվեր է ստացել:
- Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի երկրների, մեր ինքնիշխանությունը նվաճել ենք 1988-ի շարժմամբ:

- Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում երբեք պաշտոնական մակարդակում Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու հարց երբեք չի քննարկվել:
- Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է մեր ինքնիշխանությունը, բայց դա չի նշանակում, որ դրա լուծումն ինչ-որ մեկի ֆորպոստ դառնալն է: 1988-ի շարժումն անկախական, հակակայսերական շարժում է եղել: Վիտալի Բալասանյանն իր հայտարարությունը նախ պիտի բացատրի և հետո ասի՝ դա անձամբ իր կարծիքն է ու ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունի: Ես Վիտալի Բալասանյանին 2023թ.-ից հետո ընդիմադիր որևէ լուրջ ֆորմատում չեմ տեսել և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում տեսնել:
- Դոնալդ Թրամփը դարձել է «Էփշտեյնի կոալիցիայի» պատանդը: Թրամփի գործողություններում ռազմավարության նշույլ անգամ չկա: Ռազմավարություն ունի Իսրայելը, որն իր լոբբիստական կառույցների միջոցով կարողացել է իր գրպանում տեղավորել Թրամփին: Իսրայելի մարտավարությունը պարզ է. նրանք գնում են Իրանը մասնատելու ճանապարհով: Նրանք Իրանի տեղում 6-7 պետություն են պատկերացնում: Արդեն իսկ ակնհայտ է, որ Թել-Ավիվի ու Վաշինգտոնի որոշ հույսեր չեն արդարացել: Իրանը ո՛չ Վենեսուելա է, ո՛չ Սիրիա: Հոգևոր առաջնորդի կորուստը չէր կարող քանդել Իրանը:
- Մոջթաբա Խամենեին՝ նոր հոգևոր առաջնորդը, դարձավ իրանական էլիտայի տարբեր խմբավորումների և հասարակության զգալի մասի կոնսենսուսը: Իրանի մեսիջն այն է, որ շարունակելու են պայքարել նույն կոշտությամբ: Այս պահին համենայնդեպս Իրանի քաղաքական համակարգը տեսանելի ճաքեր ցույց չի տալիս:
- Այնպես չէ, որ Ալիևը ցանկություն չունի միանալ հակաիրանական գործողություններին, բայց Ալիևն արկածախնդիր չէ: Նա նման կտրուկ քայլի կգնար մի պարագայում՝ եթե Իրանի համակարգը երերար: Եթե նա այսօր դիվանագիտական ճանապարհներ է որոնում Իրանի հետ հարցի լուծման, ուրեմն նա ինֆորմացիա ունի, որ Իրանի համակարգը դեռ կայուն է:
- Իրանական քաոս կամ մասնատում Թուրքիային պետք չէ: Նա Ադրբեջանին հետ կպահի նման արկածախնդրությունից:

- Այս պահին Փեզեշքիանը կամ Արաղչին ավելի շատ դեկորացիայի դեր են կատարում, որովհետև Իրանում այս պահին ողջ իշխանությունը կենտրոնացված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ձեռքում, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և մյուսների:
- Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հարցումների մասով կասկածներ ունեմ, որովհետև ինձ մինչև դրանց հրապարակվելն այլ արդյունքներ էին հայտնի: Բայց նույնիսկ դրանց արդյունքներով TRIPP-ի նկատմամբ հասարակության դրական տրամադրվածությունը 44% է՝ 48% բացասականի դիմաց: Նիկոլ Փաշինյանին նոր հաջողության պատմություն է պետք, որովհետև անգամ այսքան քարոզից հետո TRIPP-ի նկատմամբ հասարակության մոտ դրական կոնսենսուս չկա:
Բացի դրանից, ցանկացած պարագայում, Իրանը կհաղթի՞ այս պատերազմում, թե՞ կպարտվի, TRIPP-ն իր ակտուալությունը կորցնում է: Ավելին, եթե Ալիևը տեսնի, որ ճանապարհները չեն բացվում, Ալիևը չի կարողանալու զսպել այն վերցնելու գայթակղությունը: Դրա համար է հիմա Հայաստանի իշխանական պրոպագանդան անզուսպ կերպով լոբբինգ անում Ադրբեջանին հումանիտար միջանցք տալու մասին: Սա ադրբեջանական պահանջ է, որը ՔՊ-ական իշխանությունը փաթեթավորելու խնդիր ունի: Ճանապարհ են ուզում, թող Հայաստանի ինքնիշխանության սահմաններով գնան Նախիջևան՝ սահմանապահով, մաքսային կետով, ինչի՞ եք հատուկ պրոպագանդա անում: Կամ՝ ի՞նչ հումանիտար միջանցք եք տալիս: Ադրբեջանը շատ հումանիտա՞ր է վարվում, երբ մեր գերիներին պահում է: Իշխանությունը բոլոր հիմքերը ստեղծում է ոչ թե հումանիտար միջանցք, այլ Ադրբեջանին արտոնյալ ճանապարհ տալու համար, որովհետև ինքն էլ է հասկացել՝ TRIPP-ը չի իրագործվելու:
- Աստված չանի, Իրանը մասնատվի: Այդ դեպքում մեր պետականությունը լուրջ վտանգի առաջ է կանգնելու, Հայաստանը դառնալու է թուրքական անկլավ: Հայաստանի համար ամենասարսափելի սցենարն այս պատերազմում Իրանի մասնատման սցենարն է:
- Երբ կրկեսում լուրջ համարների մեջտեղում պաուզա էր մնում, մի սկսնակ ծաղրածուի ուղարկում էին, որ մարդկանց զբաղեցնի: Խոշոր խաղացողների համար Նիկոլ Փաշինյանն այն ծաղրածուն է, որին ուղարկել են, որ ժողովրդին զբաղեցնի, որ մարդիկ չգիտակցեն՝ ինչ է իրենց շուրջ կատարվում, չտեսնեն իրական վտանգները, չտեսնեն՝ Իրանի մասնատումը մեզ համար ինչ աղետներով է հղի, որ եթե կորցնեն հայ-իրանական սահմանը, ոչ մեկի պետք չես լինում, որ Իրանի հյուսիսում 10-20 միլիոն ադրբեջանցի կա, որ մի քանի կողմից շրջապատված ես թշնամիներով:
- Այո՛, պետք է այս պատերազմում չեզոքություն պահպանել. ոչ ոք չի ասում, որ որևէ մեկի կողմը պետք է բռնել, բայց չեզոքություն չի նշանակում՝ դեգրադացիա, չի նշանակում՝ հրդեհի մեջ ուրախ ավտոբուսի շնորհանդես, դիսկոտեկա, ուղղակի միակ նիշան, որի մեջ Նիկոլ Փաշինյանն իրեն արժևորված է զգացել, գիժ խաղալն է: Նիկոլ Փաշինյանի մոտ, անշուշտ, կա ադեկվատության կորուստ, բայց եկեք դա չգերագնահատենք, որովհետև իր իշխանությունը պահելու համար նա լավ էլ ադեկվատ է: Այս մարդը Հայրենիքի կեսը փուռն է տվել ու պատասխանատվության չի ենթարկվել: Հիմա ինքը մտածում է՝ եթե էսքան բանն արել է, չի պատժվել, ինչի՞ պիտի ընտրություն կեղծելու համար պատժվի: Սրա մեղավորը մենք ենք, որ թույլ տվեցինք պատերազմ պարտված մարդը վերընտրվի:

- Միայն հասարակական շատ ուժեղ կոնսոլիդացիան է Նիկոլ Փաշինյանին մերժման բերելու: Պետք է ընտրություններում շատ մեծ մասնակցություն ապահովվի: Հասաակությունը պետք է սուբյեկտ դառնա: Ժողովուրդ, հունիսի 7-ին այնպիսի ընտորություն չանեք, որ հետո ադրբեջանական սպեցնազը Հայաստանում ձերբակալություններ անելու իրավունք ստանա:
- Հունիսի 7-ին հրաշք չի լինելու, եթե մինչև հունիսի 7-ը դրա նախադրյալները չես դնում ու հունիսի 8-ին պլան չես ունենում, որովհետև գործ ունես կամիկաձեների իշխանության հետ, որն իրեն պայթեցնելով՝ պայթեցնելու է երկիրը: Այն հիմա էլ է 2018թ.-ի «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» տրամադրության մեջ: Հետընտրական զարգացումների սցենար պիտի ունենանք. ի՞նչ ենք անելու, եթե կապիկի ձեռքը հունիսի 7-ի գիշերը նռնակ հայտնվի, երբ ինքը հասկանա, որ պարտվել է ընտրություններում:
Գործ ունենք բացարձակ կոլաբորանտ իշխանությունների հետ, որը պատրաստ է ոչնչացնել պետությունը, միայն թե ինքը վերարտադրվի: Իշխանությունն այս ընտրություններում արտաքին աջակիցներ ունի՝ Արևմուտք, Թուրքիա, Ադրբեջան: Ընդդիմությունը, ցավոք, արտաքին աջակիցներ չունի: Ընդդիմության միակ աջակիցը ժողովուրդն է: Որ քաղաքական ուժը դրսից դաբրոյի կսպասի, կկործանվի: Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դաբրոյի է՞ր սպասում: Մի բան պետք է իմանան մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանին ձայն տալով՝ ձայն են տալու Ազգային ժողովում «Արևմտյան Ադրբեջանի» ֆրակցիային: Ես ոչ մեկի սատելիտը չեմ ուզում դառնալ, առավել ևս չեմ ուզում դառնալ Թուրքիայի ու Ադրբեջանի դռանը կապած շուն: Ժողովուրդը եթե գնաց գիտակցված ընտրության, Նիկոլ Փաշինյանն իր Կայա Կալասներից ու մյուսներից անգամ ապաստան չի կարող ստանալ:
Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը հուշում են, որ անգամ մարզերում է նա ապտակ ստանում: Ժողովրդի գիտակցված ընտրությունն իշխանության ուրախ ավտոբուսը կարող է դարձնել դժոխքի ավտոբուս:
Մանրամասները՝ տեսանյութում։




