«Երկրորդ վիրահատությունից հետո հայրս իրեն նորմալ է զգում. նոր իրականությանն ինտեգրվելու փուլում է». Վերա Խաչատրյան
Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը երկրորդ վիրահատությունից հետո լավ է։
Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի խոսքով՝ հայրը տանն է, բժիշկները նրա առողջական վիճակը բավարար են գնահատում։
«Հայրս երկրորդ վիրահատությունից հետո իրեն նորմալ է զգում, գնում է հիվանդանոց՝ ընթացիկ ստուգումների համար։
Գերությունից հետո, հիմա այս նոր իրականությանն ինտեգրվելու փուլում է»,- 168.am-ի հետ զրույցում հակիրճ ասաց Վերա Խաչատրյանը։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը գերությունից վերադառնալուց հետո՝ հունվարի 22-ին, ենթարկվել էր սրտի վիրահատության, երկրորդ անգամ վիրահատվեց փետրվարի կեսերին։
Հիշեցնենք, հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։
Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։
Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։




