«Համոզված եմ՝ ոչ միայն ՀՀ-ից Արցախ ծառայության մեկնելու հարց է բարձրացվելու, որն արդեն բարձրացված է, այլ Արցախի տարածքից ՊԲ դուրսբերման». Սեյրան Օհանյան
168.am-ի հարցազրույցը ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:
– ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շուշիի և այնտեղ իր լինելու պատճառների մասին խոսելիս նշել է, որ Շուշիում ձևավորվել էր աշխարհազոր, որը ղեկավարում էիք Դուք, և, որ ինքը որոշել է դրա կազմում մասնակցել այնտեղ ընթացող գործողություններին՝ սկզբնական շրջանում՝ խրամատավորմանը: Ւսկ հետո ավելի ուշ Շուշիից դուրս է եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, որոնց թվում եղել եք նաև Դուք, ավելին, Ձեզ հետ նույն մեքենայով է դուրս եկել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես բազմիցս ասել և այսօր նորից պնդում եմ, որ սխալ եմ համարում և դեմ եմ հրապարակային, լրատվամիջոցներով բանակի, մարտական գործողությունների, օպերացիաների վարման մասին քննարկումներ կազմակերպելուն: Այդ խնդիրը, գործառույթը Պաշտպանության նախարարությանն է, և եթե ՊՆ կազմում լինի համապատասխան հանձնաժողով, ես պատրաստ եմ այդ հանձնաժողովին համապատասխան տվյալներ տալ: Բայց քանի որ այդ հարցազրույցում նշվեց նաև իմ անունը, ուզում եմ որոշակի մեկնաբանություններ անել:
Առաջինը, ես՝ լինելով Արցախում, աջակցել եմ ԱՀ-ին, ՊԲ-ին աշխարհազորի ձևավորման ընթացքում՝ հատկապես օրենսդրական դաշտի և իրավապայմանագրային հարաբերությունների հիմքի ստեղծման համար: Եղել եմ բոլոր շրջաններում, նաև՝ Շուշիում, և տեղում աջակցել եմ կազմակերպչական խնդիրներում՝ ինչպես են կազմավորվում ստորաբաժանումները, նրանց կառուցվածքը, հրամանատարական կազմի գործառույթները, թե հրամանատարները և իրենց ենթակաները ռազմական առումով ինչ պետք է իմանան պաշտպանության մեջ, ինժեներական ինչպիսի աշխատանքներ պետք է կատարեն, և այլն: Օրենսդրական դաշտում նշված է եղել, որ աշխարհազորը պետք է ենթարկվի ՊԲ-ին, և ՊԲ շտաբում պետք է ձևավորվեր աշխարհազորի շտաբ, որը, ցավոք սրտի, չձևավորվեց:
Դրա համար աշխարհազորը որքան կարողացել է՝ գործել է տարբեր շրջաններում, տարբեր ուղղություններում ինքնուրույն: Եթե ստորաբաժանումը բանակի ընդհանուր և մարտական գործողությունների իրադրությանը համահունչ չի գործում, ապա նրա արդյունավետությունը շատ ցածր է լինում: Նույն աջակցությունը ես կատարել եմ Շուշիում:
Այսինքն, Շուշիում Արցախի Շուշիի վարչակազմի ղեկավարությունից նշանակված է եղել աշխարհազորի հրամանատար, ես պարզապես նրան կազմակերպչական հարցերով աջակցել եմ: Ասում ենք՝ աշխարհազոր, և թվում է, թե ամբողջ աշխարհն այնտեղ է եղել, մոտ 100 հոգի մարդ է եղել այնտեղ: Ես նկատի ունեմ Շուշիի աշխարհազորը:
Այնպես որ՝ ես կազմակերպչական հարցերով աջակցել եմ Շուշիի շրջանի աշխարհազորի հրամանատարին, այնպես, ինչպես փորձել եմ օգնել Շուշիի ուղղության հրամանատարին՝ ՊԲ կողմից նշանակված:
Երկրորդը, տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, ես տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել եմ Արգիշտի Քարամյանի հետ, միասին ենք եղել: Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է: Եվ նրա խնդրանքով, իմ խնդրանքով տարբեր դրվագներում Արգիշտի Քարամյանը հանդերձավորվել է՝ հագել սաղավարտը, իր զրահաբաճկոնը, վերցրել զենքն ու կապի միջոցները, և պարտաճանաչ կերպով մեկնել այս կամ այն ուղղություն, նկատի ունեմ Շուշիի հատվածում՝ տարբեր ստորաբաժանումներ տեղակայելու, խնդիրները տեղում պարզաբանելու, բացատրական, ինժեներական աշխատանքներում աջակցելու: Մենք, իրոք, վերջին օրերին իր հետ ենք եղել: Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քարամյանը:
Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչու եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը:
Եվ քանի որ ես այնտեղ հրամանատարական գործառույթ չեմ ունեցել, մնացած խնդիրները, թե ով ում է ենթարկվել, կամ ստորաբաժանումներն ինչ խնդիրներ են կատարել, կատարել են, թե չեն կատարել, երբ են դուրս եկել, դա իմ իրավասության շրջանակներում չի: Դա Արցախի ՊԲ հրամանատարի իրավասության շրջանակներում է:
– Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ Ձեր կարծիքն իմանալ ՀՀ-ից Արցախ զինվորական ծառայության չմեկնելու հետ կապված՝ որպես Արցախի և ՀՀ պաշտպանության նախկին նախարարի: Տեղյակ եք երևի, որ ժամկետայինների ծնողները բողոքի ակցիաներ են անում տևական ժամանակ: Այսինքն, այս պահին, այսպես ասած, արձակուրդից հետո ըստ ցանկության են վերադառնում Արցախ: Ի՞նչ կասեք ՀՀ ԶՈՒ-ՊԲ խզման մասին առհասարակ:
– Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը շատ վատ է մեզ համար: Այս ձախողումները, նաև այն ձախողումների շարանը, որ անընդհատ կրկնվում են՝ սկզբից՝ դիվանագիտական, միջազգային դաշտում, հետո՝ մարտական գործողությունների ընթացքում, և այսօր՝ նորից դիվանագիտական դաշտում, շատ վատ են անդրադառնալու մեր անվտանգության վրա, սոցիալ-տնտեսական գործունեության, հոգեբանական բոլոր ոլորտներում:
Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ ոչ միայն ՀՀ-ից Արցախ ծառայության մեկնելու հարց է բարձրացվելու, որն արդեն բարձրացված է, այլ Արցախի տարածքից ՊԲ դուրսբերման: Կգա ժամանակ, որ, ընդհանուր առմամբ, ենթակառույցները, էներգետիկ մնացած ռեսուրսների օգտագործումն իրականացվելու է Ադրբեջանի միջոցով, ոչ՝ ՀՀ-ի: Դա տեղի բնակչության վրա շատ վատ է անդրադառնալու: Կարծում եմ, որ գոնե այս պահին այդ բողոքները՝ Արցախ չմեկնելու համար, տեղին չեն, որովհետև լարված իրավիճակը շարունակվում է: Չնայած մենք պետք է շնորհակալ լինենք ՌԴ-ին՝ իր խաղաղապահ առաքելությամբ արագ արձագանքման և Արցախի բնակչության անվտանգության նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու համար: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածի համար ՊԲ կարողությունները պետք է պահպանել, որովհետև ճնշումները ՀՀ-ի և Արցախի վրա շարունակվելու են: Պարտվողի կարգավիճակի պայմանում ճնշումները, պարտադրումները շարունակվելու են բոլոր ուղղություններում՝ դիվանագիտական, տնտեսական: Դրա վառ ապացույցն է նաև այդ ապաշրջափակման, իբր թե ՀՀ-ի և Ադրբեջանի միացման կետերում տնտեսական ակտիվության քայլը: Յուրաքանչյուր այդպիսի ակտիվություն մեր հակառակորդի կողմից բերելու է այն շարունակությանը, որ մենք ունեցել ենք պատերազմի դաշտում մարտական գործողությունների ժամանակ: Այսինքն, տնտեսական և ժողովրդագրական ճնշումներն ավելի են խստացնելու, և ավելի են սեղմելու այդ շրջափակումը ՀՀ-ի նկատմամբ:
– Այսինքն՝ այն հատվածներից, որոնք Արցախի վերահսկողության տակ են այսօր, հետագայում կարող է այդտեղից նաև ՊԲ ուժերի դուրսբերման խնդիր դրվե՞լ:
– Ինչ է՝ նորությո՞ւն է, Ադրբեջանի ղեկավարությունը միշտ էլ ասում է՝ ՊԲ զորքերը, ստորաբաժանումները պետք է դուրս գան: Միջազգային փորձից ելնելով՝ մենք պետք է այնպես անենք, որ նախ՝ Արցախի կարգավիճակը հստակեցվի, երկրորդ՝ այդ կարգավիճակի շրջանակում գոնե այն գործառույթները՝ պաշտպանական, կազմակերպչական և այլն, տեղում պահպանվեն:
– Արցախում Ադրբեջանի կողմից երեկվա սադրանքը, որի հետևանքով ՊԲ զինծառայող էր վիրավորվել, նաև նախորդ օրերի սադրանքները, կրակոցները կարո՞ղ են վերածվել ավելի մեծ գործողությունների:
– Ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե սադրանք է, նշանակում է՝ ինչ-որ մի նպատակ ունեն: Սադրանքը երկու նպատակ կարող է ունենալ. առաջին՝ անընդհատ լարված իրավիճակում պահել և նաև ազդել խաղաղապահների վրա՝ որոշակի դիվիդենտներ քաղելու համար, երկրորդ՝ որպեսզի այդ սադրանքը այնուհետ վերածվի լայնամասշտաբ ինչ-որ գործողության:
– ՀՀ սահմանային հատվածներում ի՞նչ սպասել՝ նախիջևանյան թև, Տավուշ: Ի դեպ, այսօր շատ են մեղադրանքներ հնչում ՀՀ ԶՈՒ ԳՇ հասցեին, ի՞նչ պիտի անի այսօրվա անվտանգային իրավիճակում, ի՞նչ հետևություն:
– Նախևառաջ՝ Արցախի և ՀՀ սահմաններում միանման պետք է բարձրացնել զգոնությունը և ուժեղացնել, ամրապնդել պաշտպանական խնդիրները, բոլոր հատվածներում լուրջ ուշադրություն դարձնել դրանց, հատկապես վերջին զարգացումների շրջանակում Ադրբեջանի՝ ճնշումների, պարտադրումների միջոցով որոշ տարածքներում առաջխաղացման փաստը հաշվի առնելով՝ առանց դելիմիտացիայի, դեմարկացիայի: Դա մեզ համար շատ վատ է: Նախևառաջ՝ դելիմիտացիան, դեմարկացիան իրականացնում են, երբ հստակեցված են հարաբերությունները, կնքված է խաղաղության պայմանագիր, երկրորդ՝ ի՞նչ սահմանների, քարտեզների շրջանակում է այն իրականացվել: Այսօր խորհրդային տարբեր տարիների կամ մինչխորհրդային ժամանակահատվածի այնպիսի քարտեզներ են հանում, որ ոչ ոք վերջնական չի կարող ասել, թե ո՞ր քարտեզով պիտի կարգավորենք մեր սահմանները: Այս դեպքում ճիշտ է կանգնել այն նույն տեղում, որտեղ կանգնել էինք: Ե՛վ այսօր, և՛ հետագայում երկու խնդիր կա. չկան այն պայմանները, որ մենք ստեղծենք համատեղ խառը հանձնաժողով և սահմանագծում ու սահմանաճշտում իրականացնենք, երկրորդ՝ եթե դա մենք անենք հետագայում՝ 1-2 տարի հետո, այնուհետ որտեղ զինվորի ոտքը դրված է, շատ դժվար է լինելու հետ կամ առաջ տանել: Դրա համար պետք է կանգնեինք այնտեղ, որտեղ կանգնած էինք:
– ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի թիրախավորմանը վերադառնանք:
– Ելնելով պայմաններից, որ մենք ունեցել ենք լուրջ անհաջողություններ, կորուստներ, մեր զոհվածների, անհետ կորածների, գերիների, վիրավորների ծնողների պահանջներն իրավացի են: Այդ պարագայում ԳՇ-ն, ՊՆ-ն մի քիչ ավելի ակտիվ պիտի լինեն տուժած զինծառայողների հարազատների հետ, աշխատեն միջազգային կառույցների հետ: Այսօր լուրջ հետևություններ պետք է արվի այս պատերազմական գործողություններից և զինված ուժերի զարգացման պլանում փոփոխություններ մտցվի: Արագ կազմակերպվել է պետք, գոնե հետևանքների վերացում է պետք, արագ կազմավորվող ստորաբաժանումներ, որ կարող են այս կամ այն հատվածում, որտեղ դեռևս ջոկատների կամ աշխարհազորի միջոցով է պաշտպանություն իրականացվում, որ դրանք արագ մտնեն բանակային ստորաբաժանումների մեջ:
– Ձեր նախարար եղած ժամանակ գերիների վերադարձը, փոխանակումն ավելի կարճ ժամկետում էր լինում, ավելի հաճախ: Իհարկե, այսօր այլ իրավիճակ է:
– Համակարգ էր ձևավորված, համապատասխան աշխատանք էր տարվում միջազգային կառույցների հետ: Հիմա էլ նույնը պիտի շարունակվի, պիտի աշխատել բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, Կարմիր խաչի հետ: Ավելին, այսօր սա ավելի հեշտ պիտի լինի, քանի որ ուղիղ կապ գոյություն ունի Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարության միջև: Եվ այդ ուղիղ կապով պետք է խելացի բանակցություններ վարվի մեր երկրի իշխանությունների կողմից, որ կարողանան գերիներին վերադարձնել:
– Այդ հարցը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուծել, թեպետ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն էր:
– Շատ հեշտ է կողքից խոսել, բայց չափազանց դժվար է դեմ առ դեմ նստել և բանակցել: Բանակցելու լեզվի ազատ տիրապետման խնդիրներ գոյություն ունեն, բանակցելու ունակություններ պետք է ունենալ: Երկրորդ՝ դժվար է, քանի որ պարտված, ձախողված կողմը միշտ հարվածի տակ է լինում: Դրա համար ենք ասում՝ ձախողված իշխանությունն իր հետևից բերելու է հետագայում ձախողումների մի շարք: Դրա համար միջազգային փորձը չպետք է անտեսել. պարտված իշխանությունները հեռանում են, որպեսզի նոր իշխանությունները գոնե շահերն ավելի լիարժեք պաշտպանողի դիրքից ներկայանան: