
Ինչո՞ւ են հիշել Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, պրոռուսական Սադիկովին. արդյո՞ք Բաքվի «դատավարությունը» կարող է նաև Ռուսաստանի դեմ օգտագործվել

2020 թվականի պատերազմից հետո մանրամասն անդրադարձել ենք 44-օրյային Թուրքիայի ուղիղ մասնակցությանը։ Առանձին-առանձին անդրադարձել ենք Թուրքիայի ռազմական ղեկավարությունից, բարձրաստիճան զինվորականությունից, Ազգային հետախուզությունից կոնկրետ անձանց դերակատարմանը՝ Բախտիար Էրսայ, Հուլուսի Աքար, Հաքան Ֆիդան և այլն:
Երեկ՝ օգոստոսի 13-ին, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Middle East Eye-ին, գրել են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ դե յուրե Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եղած Նաջմեդդին Սադիկովը չեզոքացվել է, տարվել Թուրքիա և հարցաքննվել թուրքական հատուկ ծառայությունների կողմից:
Աղբյուրը նշում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Անկարան Ադրբեջանին ոչ միայն մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, ՌԷՊ համակարգեր, հետախուզական միջոցներ, այլև թուրք պաշտոնյաները զբաղվել են Ադրբեջանի զինված ուժերից պրոռուսական անձանց և «էլեմենտների» չեզոքացմամբ, որից մեկն էլ համարվել է Նաջմեդդին Սադիկովը:
Եվ հենց այս նպատակով նաև 44-օրյայի ժամանակ Թուրքիայի իշխանությունները կազմակերպել են այդ ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի չեզոքացումը և դեպորտացիան, և ազատ են արձակել Թուրքիայում հարցաքննություններից հետո, և նա վերադառնա ոչ թե Ադրբեջան, այլ Ռուսաստան:
Փաստացի հաստատվում է այն, ինչի մասին գրել ենք պատերազմի օրերին և պատերազմից հետո:
Մենք հայտնել ենք՝ 44-օրյա պատերազմից մի քանի օր էր անցել, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Նաջմեդդին Սադիկովին, և որ նա փախուստի մեջ է:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Սադիկովը պատերազմի օրերին վեճ էր ունեցել Ադրբեջան ժամանած թուրք զինվորականների հետ, խորհրդակցություններից մեկի ժամանակ նույնիսկ կտրուկ հայտարարել էր. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, միգուցե մեր կանանց նույնպե՞ս տանք»:
Այսինքն, պատերազմի սկզբում նա հեռացվել է՝ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման օղակում թուրք զինվորականների մշտական ներկայության առնչությամբ ունեցած դժգոհության պատճառով: Արդեն պատերազմից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր Սադիկովին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին տեղեկությունը:
Նշենք, որ Սադիկովին պատժելու հարցում իր դերակատարումն է ունեցել թուրք գեներալ Բախտիար Էրսայը, որն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ «ղեկավարել» է Ադրբեջանի ԳՇ-ն:
Իր հերթին՝ ռուսական «Վզգլյադ» հրատարակչությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ում սեփական աղբյուրներին՝ հայտնել էր․
«Էրսայը գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի հեռացումից հետո Ղարաբաղի դեմ օպերացիայի հարցերով նա անձամբ է ղեկավարում գլխավոր շտաբը։ Ավելին, օպերացիայի ընթացքի մասին հաշվետու է Թուրքիայի գերագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը»։
Այս մասին Թվիթերի իր էջում գրել էր նաև կանադացի պատմաբան և հրապարակախոս Մայքլ Միխայլովիչը՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ-ն ղեկավարել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ Բախտիար Էրսայը»:
Իսկ պատերազմից հետո Ադրբեջանի բանակի «ղեկավարումը» Թուրքիայի կողմից, ըստ էության, շարունակվել է: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին աջակցել և աջակցում է ունենալ թուրքական մոդելի հզոր բանակ, ու սրանում դարձյալ իր մասնակցությունն է ունեցել թուրք գեներալ Էրսայը: Այսինքն, հենց նա է «ներսից» օգնել, որ Ադրբեջանի բանակը վերածվի թուրքական մոդելի բանակի:
Նախ 2021 թվականին Ադրբեջանում ստեղծվում է թուրքական բանակի ներկայացուցչություն, որի կազմում ընդգրկվում է 4 թուրք գեներալ, խմբի ղեկավարումը վստահվում է Էրսային, իսկ 2022 թվականին նա նշանակվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:
2025 թվականի օգոստոսի 5-ին Ադրբեջանի ՊՆ խորհրդական Բախտիար Էրսայի զինվորական կոչումը բարձրացվում է և նրան շնորհվում է Բանակի գեներալի կոչում:
Իսկ այսօր՝ օգոստոսի 14-ին, արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ՊՆ խորհրդական եղած, գեներալ Բախտիար Էրսայը նշանակվել է Թուրքիայի բանակի Ցամաքային ուժերի 1-ին բանակի հրամանատար։
Նշենք, որ օրերս Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են կատարվել:
Մասնավորապես, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակը պաշտոնանկ է արվել։
Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Թուրքիայի բանակի Ցամաքային ուժերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուն։
Իսկ Ցամաքային ուժերի հրամանատար է նշանակվել Թուրքիայի Ցամաքային ուժերի 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելը։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի ստորագրած հրամանով այս օրերին 119 գեներալի և ադմիրալի նշանակում եղել է Ցամաքային զորքերի հրամանատարությունում, 35-ը` Ռազմածովային ուժերի, 31-ն էլ Ռազմաօդային ուժերի հրամանատարությունում։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի բանակում «թուրքական բարեփոխումներն» ավարտված կարելի է համարել, հաշվի առնելով Էրսայի տեղափոխությունը, ապա 2024 թվականի մայիսին գրել ենք, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և թուրքական բանակի նրբություններից տեղյակներին:
«Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում, ո՞վ է կանգնած կադրային փոփոխությունների հետևում, ո՞վ կարող է լինել Ադրբեջանի հաջորդ պաշտպանության նախարարը» վերտառությամբ հոդվածում գրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերում կադրային փոփոխություններում որոշիչ դեր ունի Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը:
Նա 44-օրյայի ժամանակ եղել է Ադրբեջանի բանակի Հատուկ նշանակության ուժերի հրամանատարը, և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար դառնալուց հետո նրա «թեթև ձեռքով» պաշտոններին հրաժեշտ են տվել մի շարք հնաբնակ, գուցե՝ ՆԱՏՕ-ական չափանիշներին չհամապատասխանող գեներալներ, թեև իրենց ներդրումն են ունեցել 2020 թվականի ադրբեջանական հաղթանակում:
Վերադառնալով Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Սադիկովին, հիշեցնենք, որ 2022 թվականին Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են պատժել Ադրբեջանի ԳՇ նախկին պետ Նաջմեդդին Սադիկովին: Մասնավորապես, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, որ իրավապահ մարմինները պետք է հրապարակավ և բացահայտ դատեն Սադիկովին:
«Մենք պարտավոր ենք արժանին մատուցել մեր զոհված անմեղ սպաներին և զինվորներին: Այս տեսանկյունից պետք է առավել պատասխանատու մոտենանք այս գործընթացներին»,- շեշտել էր Մուստաֆան:
Գուցե Ադրբեջան-Ռուսաստան սրված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանում այս համատեքստում հիշեն Սադիկովին, եթե համարենք, որ Middle East Eye-ի հրապարակումը պատահականություն էր…
Մի առիթով գրել ենք՝ չի բացառվում, որ քաղաքական հարմար պահի Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» համատեքստում ինչ-ինչ դրվագներ օգտագործվեն նաև Ռուսաստանի դեմ: