Մեզ ցուցադրում են «սինգապուրյան առողջապահություն», բայց իրականում այդպես չէ․ Անուշ Պողոսյան
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Առողջության իրավունք» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն է։
Անուշ Պողոսյանն անդրադարձավ Առողջապահական ոլորտի խնդիրներին և վերջերս իրարամերժ քննարկումների առիթ դարձած առողջության համապարփակ ապահովագրության համակարգին։
«Այսօր ամենագլոբալ խնդիրը, որ կա, ապահովագրության ներդրումն է, որը կատարվել է հախուռն՝ առանց ռիսկերի գնահատման։ Ինձ համար շատ ահազանգող է և ցավալի, որ այս կարևոր ռեֆորմն այսքան պրոբլեմներով ներդրվելուց հետո կարող է հիասթափություններ առաջացնել թե՛ շահառուների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բնակիչների, թե՛ բժիշկների, բուժքույրերի, մայրապետների և ընդհանրապես դեղատան աշխատակիցների մոտ, ու, ընդհանրապես, կարող է այս ռեֆորմը ձախողել։
Հաջորդը՝ Առողջապահության նախարարության կողմից իրավական այնպիսի դաշտի ստեղծումն է, որի հետևանքով կադրային քաղաքականությունը տուժում է, բժիշկները հիասթափվում են և արտագաղթում, ինչպես նաև՝ անհասկանալի օրենսդրական կարգավորումները, որը պահանջում են բժիշկներից՝ լիցենզիայի քննություններ, փաստաթղթեր, մինչև իսկ հոգեբուժական և նարկոլոգիական տեղեկանքների ներկայացում և այլն։
Եվ հաջորդ խնդիրն օպտիմալացումն է, ինչը կատարվում է անհասկանալի ձևով և կործանարար է լինելու հատկապես մարզային առողջապահության համար»,- մեզ հետ զրույցում նշեց Անուշ Պողոսյանը։

Ըստ նրա՝ այսօր մամուլում, սոցցանցերում, հեռուստատեսությամբ ներկայացվողը հեռու է իրականությունից․ «Մենք տեսնում ենք սինգապուրյան առողջապահություն, թե ամեն ինչ շատ լավ է, բայց իրականում այդպես չէ»։
Հարցին ի պատասխան, թե ինչպիսի՞ առողջապահական համակարգ է երազում՝ առողջապահության փորձագետը նշեց․ «Մարդակենտրոն․ եթե մարդը բարձրագույն արժեք չէ, ապա այդ առողջապահությունն ուղղակի սպառված է։
Վերջերս ինձ հարց տվեցին՝ ինչպե՞ս եք կարծում՝ նախարարը պե՞տք է լինի բժիշկ, թե՞ ոչ․ ես պատասխանեցի՝ ցանկացած դեպքում նախարարը բժշկություն չի անում, ինքը զբաղվում է ադմինիստրատիվ գործերով, բայց բժշկական համալսարանում հենց առաջին օրը, երբ ապագա բժիշկը ոտք է դնում, մի շատ կարևոր բան են սովորեցնում, որն ամբողջ կյանքում բժշկին ուղեկցում է՝ անկախ հանգամանքից՝ նա աշխատո՞ւմ է բժշկական ոլորտում, թե՞ ոչ, դա «մի՛ վնասիր»-ն է»։
Մանրամասները՝ տեսանյութում



