Բաքվի դատարանում քննարկվել է Սամվել Բաբայանի՝ Սղնախի օպերացիան. խորհրդակցության տեսագրությունը պատերազմից հետո էր հանրայնացվել

168.amգրել է, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հունիսին 5-ին տեղի ունեցած «դատական» նիստի ժամանակ հիմնական հարցաքննվողը եղել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, իսկ հարցերը վերաբերել են արցախյան զորահանդեսներին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմին:

Մասնավորապես, նշված նիստին ՊԲ նախկին հրամանատարը հայտարարել էր, թե ՊԲ-ն ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դերում է եղել, և, որ ինքը՝ որպես ՊԲ հրամանատար, կատարվողի մասին տեղեկացրել է այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին, որից հետո իբր ԳՇ ղեկավարությունը ռեզերվային ուժերը կենտրոնացման գոտիներ դուրս բերելու հրաման է տվել:

Հունիսի 12-ին և 13-ին Բաքվի «դատավարություններին» դարձյալ հիմնական հարցաքննվողը եղել է Լևոն Մնացականյանը, օրակարգում՝ 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունները և 2020 թվականի 44-օրյա պատերազմը:

Եվ հունիսի 12-ի «դատական» նիստին, ադրբեջանական քարոզչամեքենայի փոխանցմամբ, ՊԲ նախկին հրամանատարը հայտարարել է՝ Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է 18 դիրք:

Կարդացեք նաև

Լևոն Մնացականյանը նաև շեշտել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական հրետանին չի թիրախավորել խաղաղ բնակչությունն ու բնակավայրերը, թեպետ դրանց մերձակա եղել են զորամասեր, ռազմական տեխնիկա և զինծառայողներ:

Այսինքն, գեներալը հասկացրել է այն, որ Ադրբեջանն իր հրետանին 2016-ին, դրանից առաջ էլ տեղակայել էր սեփական բնակավայրերին մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին: 

Այնուհետև դատարանում քննության առարկա են դարձվել Լևոն Մնացականյանի տարբեր ժամանակներում տրված հարցազրույցների որոշ դրվագներ, որոնք վերաբերում են ադրբեջանական «Յաշմա» ջոկատի մասնակցությանն Ապրիլյան պատերազմին, ՊԲ կարողություններին և այլն:

Այս համատեքստում չեն անտեսվել նաև ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ պնդումները, որ 2016-ին ոչ թե պատերազմ է եղել, այլ՝ դիվերսիոն գործողություններ:

Ավելի ուշ Բաքվի դատարանում ցուցադրվել են տեսագրություններ՝ ՀՀ նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության Արցախ կատարած այցերի վերաբերյալ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների անցկացրած խորհրդակցությունների և ստուգումների՝ Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան:

Իսկ հունիսի 13-ին շարունակված «դատավարության» ժամանակ նախ անդրադարձ է եղել Ապրիլյան պատերազմին, և Լևոն Մնացականյանն այս անգամ էլ իբր հայտարարել է, որ իր հրամանով են ռեզերվային ուժերը տեղակայվել Աղդամի ուղղությամբ, և, որ Ապրիլյան պատերազմի օրերին հյուսիսային և հարավային ուղղություններում հրետանու համար պատասխանատու են եղել Գրիգորի Սահակյանը և Գենադի Բաղդասարյանը՝ «բրիգադի հրամանատարը եղել է Գրիգորի Սահակյանը, հրետանու պետը՝ Գենադի Բաղդասարյանը»:

Ավելի ուշ ադրբեջանական մեղադրողները ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ստիպել են ևս մեկ անգամ հիշել, թե երբվանից և որքան ժամանակ է զբաղեցրել Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը, երբ ու ինչի պատճառով է հեռացվել այդ պաշտոնից, և դրանից հետո Արցախում ինչ պաշտոններ է զբաղեցրել:

Գեներալը, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, պատասխանել է, որ ՊԲ հրամանատարի պաշտոնից ինքն ազատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «միջնորդությամբ» կամ «մասնակցությամբ» և ՀՀ նախագահի հրամանագրով՝ նշելով դրա «ներքաղաքական պատճառը»:

Նշենք, որ այդ օրերին հրապարակավ Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից Լևոն Մնացականյանն ազատվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, որում, իհարկե, Նիկոլ Փաշինյանի «մատը խառն է եղել»:

Լևոն Մնացականյանին Բաքվի պետական մեղադրողը հերթական անգամ հարցեր է տվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան նրա մասնակցության վերաբերյալ:

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ, ՊԲ նախկին հրամանատարը հայտարարել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքով տարբեր ուղղություններում է եղել՝ օգնելու տեղական իշխանություններին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության հարցերում, ինչպես նաև ստուգել հրետանու վիճակը: Այս մասին, ի դեպ, նա «դատական» նիստերից մեկում էլ էր նշել:

Այս պատասխանից հետո ադրբեջանական կողմը ներկայացրել է հայտնի տեսանյութը, որտեղ պատերազմի օրերին՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ, Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը քննարկում է Չանախչի-Սղնախ հատվածում նախատեսված օպերացիան և տալիս համապատասխան հանձնարարականներ, որ հակառակորդը չկարողանա Շուշի մտնել: Այս քննարկմանը ներկա է եղել նաև Լևոն Մնացականյանը և ոչ միայն:

Ի դեպ, այս տեսագրությունը պատերազմից հետո շրջանառության մեջ էր դրել Փայլակ Առաքելյան անունով օգտատերը, ով աշխատել է Արցախի ԱԽ-ում, եղել հրամանատարական կետում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո աշխատանքի անցել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Այսինքն, շատ լավ տեղյակ է նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում կատարվածից: Բայց սա այլ քննարկման թեմա է:

Իսկ Բաքվի դատավարությունը գալիս է ապացուցելու, որ չի կարելի ռազմական օպերացիաները հանրայնացնել անգամ պատերազմից հետո, մյուս կողմից՝ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին հրապարակել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական գործողությունների պլանը:

Իսկ հունիսի 13-ի «դատական» նիստին ադրբեջանական պետական մեղադրողը ձեռքի տակ ունենալով Լևոն Մնացականյանի և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «ցուցմունքները»՝ կապված «Իսկանդեր-Մ»-ի, «Տոչկա-Ու»-ի և «Սմերչ»-ի և «Էլբրուս»-ի կիրառման հետ, որ ՊԲ զինանոցում դրանք չեն եղել, ՊԲ նախկին հրամանատարին դարձյալ հարց է տվել՝ «ո՞վ է հրաման տվել այդ հրթիռներն արձակել Ադրբեջանի բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»։

Այս հարցադրմանն ի պատասխան, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, Լևոն Մնացականյանը պատասխանել է՝ «նշված զենքերը գտնվում են ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի զինանոցում, և նրանք են կառավարում դրանք»:

«Ես չգիտեմ, թե հիմա ինչ կանոններ են գործում։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ փաստաթղթերի փաթեթը հաստատում է ՀՀ անվտանգության խորհուրդը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շարունակել է Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ Արցախը չէր կարող որևէ երկրից սպառազինություն գնել:

Բնականաբար, Բաքվի դատարանում չի անտեսվել ականների և ականապատ տարածքների քարտեզների թեման:

Ըստ Բաքվի, Լևոն Մնացականյանը նշել է, որ այդ քարտեզներն ուղարկվել են ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանում, իսկ ֆորմուլյարներից ինքը տեղյակ չէ:

Այս ամենը հերթական անգամ հաստատում է, որ Բաքվի «դատավարությունը» Հայաստանի Հանրապետության դեմ է, անհրաժեշտ պահի ինչ-ինչ դեպքերով կարող է նաև Ռուսաստանի դեմ օգտագործվել:

Արդյո՞ք ՀՀ իշխանությունները գիտակցում են այս ամենի լրջությունը…

Տեսանյութեր

Լրահոս