«Պատկերացնո՞ւմ եք, ծիրանի այգին ունեմ՝ ծիրան չունեմ, ծախս ենք արել, բայց եկամուտ չենք ստանալու, ցրտահարվել է». Արևշատում, 2 տարի է՝ զրկված են եկամտից

«Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ, սահմանափակվելու է Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Վարունգ, լոլիկ, ելակ, կանաչ պղպեղ և այլ պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌԴ կսահմանափակվի այնքան ժամանակ, մինչև ըստ  «Ռոսսելխոզնազորի»՝ չկարգավորվի այդ ապրանքատեսակների անվտանգությունն ապահովելու հարցը։

Չնայած այս տարի ծիրանի քիչ բերք է սպասվում, սակայն ծիրանի այգիներ ունեցող մեր հայրենակիցները մտավախություն ունեն, որ մինչև ծիրանի արտահանումը խնդիրը կարող է չկարգավորվել, և իրենք կանգնեն փաստի առաջ։

Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ Էդիկ Հայրապետյանն արդեն 2-րդ տարին  ծիրանի այգին մշակում է, սակայն բերք չի ստանում։ Անցած տարի մայիսին այգին կարկտահարվեց, այս տարի՝ ցրտահարվել է։

«Ես այս պահին արտահանման մասին չեմ մտածում, որովհետև բերք չունեմ, հուսանք՝ խնդիրը կկարգավորեն այն մարդկանց համար, ովքեր շատ թե քիչ բերք ունեն ու պետք է արտահանեն։

Կարդացեք նաև

Պատկերացնո՞ւմ եք, ծիրանի այգին ունեմ, բայց ծիրան չունեմ, մեկ հատիկ էլ չկա, բերք չունեմ, ցրտահարվել է։ Շատ ծախս եմ արել այգու վրա, թունաքիմիկատ եմ գնել, ոռոգման վճար տվել, սրսկել ենք, մարդիկ ենք բերել, որ ծառերը էտեն, վճարել ենք դրա համար։ Այսքան ծախս ենք արել, բայց եկամուտ չենք ստանալու։ Ամեն ինչ վարկով ենք արել, չգիտեմ՝ խոտի դաշտ ունեմ, խոտը հավաքեմ, վաճառեմ, երևի վարկի մի մասը դրանով փակեմ»,- 168.am հետ զրույցում ասաց Էդիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Արևշատ գյուղում ծիրանի բոլոր այգիները նույն վիճակում են՝ ցրտահարվել են ու բերք չկա։

«Մեր գյուղում ծիրան չկա։ Ես միայն դեղձ ունեմ, դե, դեղձի բերքն էլ աշնանն ենք ստանալու, պտղաթափ կլինի դեռ, բայց այս պահի դրությամբ նորմալ բերք եմ սպասում։ Գոնե դեղձից մարդիկ նորմալ բերք ստանան, կարողանան ապրել։

Անցած տարի ծիրանի մեծ բերք էր սպասվելու, բայց կարկուտը խփեց։ Դեղձն էլ վաճառեցինք, հանձնեցինք չրի գործարանին, վերջը մի փոքր եկամուտ կարողացանք ունենալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, որ նախորդ տարվա կարկտահարության համար փոխհատուցում է   ստացել, իհարկե, վնասն ամբողջությամբ չի փակել, քանի որ փոխհատուցման չափը փոքր է եղել, բայց այնուամենայնիվ տվել են։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ նաև սահմանափակումներ է սահմանվել Հայաստանից ՌԴ ծաղիկներ արտահանելու հետ կապված։ Այս պահին բազմաթիվ ծաղկագործներ կանգնած են փաստի առաջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930