Ինչո՞ւ է Թրամփը «հիշել» Փաշինյանին ու Ալիևին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, զբաղված լինելով միջազգային օրակարգի առանցքային հարցերով, ինչպիսին է իրավիճակն Ուկրաինայի ու Եվրոպայի, մասնավորապես՝ Լեհաստանի շուրջ, շարունակում է անդրադառնալ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններին ու ձեռք բերված պայմանավորվածություններին՝ շեշտելով դրանցում իր բացառիկ դերակատարությունն ու պայմանավորվածությունների պատմական լինելը։

Սոցիալական ցանցի իր էջում նա հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի լուսանկարը՝ կից գրելով. «Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։ Դոնալդ Թրամփը պնդել է. «Դա ինձ համար, բայց, որ ավելի կարևոր է, նաև Միացյալ Նահանգների համար, հավերժական ընկերություն կլինի»։

Թրամփի  գրառմանը հաջորդել են Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի պատասխան գրառումներն ու շնորհակալությունները։ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ «պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել»:

Փաշինյանը նման կերպ արձագանքել է Թրամփի գրառմանը: «Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,- գրել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Թրամփին արձագանքել է նաև Ալիևը. «Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի անցկացման գործում»:

Ալիևը շեշտել է, որ Թրամփը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն է»:

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո իր մի քանի հանրային անդրադարձերում Թրամփը Հայաստանի փոխարեն կիրառել էր Ալբանիա անվանումը, մեծ աղմուկ բարձրացնելով այս գործարքի, ինչպես նաև Հայաստանի հեղինակության շուրջ։ Իսկ այս գրառման մեջ Թրամփը ճիշտ է օգտագործել երկրի անվանումը, որի հետ Վաշինգտոնում փաստաթուղթ էր ստորագրել մեկ ամիս առաջ։

Պայմանավորվածություններից ավելի քան մեկ ամիս անց շարունակում է փոփոխվել միջազգային իրավիճակը, շարունակվում են գլոբալ բանակցությունները և այդ ֆոնին՝ որքանո՞վ են կայուն, կարևոր ու բացառիկ վաշինգտոնյան պայմանավորվածությունները։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Թրամփի նախաձեռնությունը Հարավային Կովկասում իր բնույթով բացառիկ էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահները երբեք անձամբ նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել այդ ռեգիոնում։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ Բայդենն իր պաշտոնավարման ավարտին ծրագրում էր նման մի բան անել, ուստի չի բացառվում նաև այն հանգամանքը, որ սա շարունակաբար՝ մի աշխատակազմից մյուսին փոխանցված նախաձեռնություն է, որը տեղավորվել է Թրամփի արտաքին  քաղաքական շահերի շրջանակի մեջ։

Սիմոնովի կարծիքով, ժամանակի ընթացքում պարզ է դառնում նաև այն, որ սա ուղիղ կամ  անուղղակի համաձայնեցված է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ, քանի որ, ինչպես տեսանք, Ռուսաստանը խուսափեց քննադատել այս նախաձեռնությունը։

«Սա մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ տեղի ունեցածը կա՛մ համաձայնեցված էր, կա՛մ ՌԴ-ԱՄՆ բանակցություններն Ուկրաինայի ու այլ հարցերի շուրջ ավելի կարևոր են»,- ասաց նա։ Սիմոնովի կարծիքով՝ պայմանավորվածությունների հեռանկարայնությունն ու ամրությունը կախված է շատ հանգամանքներից։

«Սակայն մինչ դա, պետք է ընդունել, որ այս ամենի շուրջ մեծ աղմուկն ավելի շատ էր, քան նոր պայմանավորվածությունն ու բովանդակությունը։ Այս ամենից կարելի է առանձնացնել պայմանավորվածությունը՝ այս տարիներին քննարկվող երթուղին անվանել Թրամփի անունով, ներգրավելով ամերիկյան մասնակցություն վերահսկողական գործառույթներում։ Սակայն սրանք ընդհանուր պայմանավորվածություններ են, որոնք պահանջում են տևական աշխատանք՝ համաձայնեցնումներ երկկողմ և եռակողմ ձևաչափերում, ինչն, ըստ իս, հեշտ գործընթաց չի լինելու՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը, ինչպես նաև երբեմն-երբեմն բռնկվող տարաձայնություններն անվանման և ճանապարհի ձևաչափի շուրջ, որը պայմանավորված է հանգամանքով, որ Ադրբեջանը ձգտում է առավելության»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Բացի այդ, Սիմոնովի որակմամբ, համաձայնեցման փուլում արդեն ավելի ակտիվ է իրեն դրսևորելու Իրանի Իսլամական Հանրապետությունը, ձգտելով ստանալ երաշխիքներ, հավաստիացումներ, որ ճանապարհը չի հակասելու ԻԻՀ շահերին։

Նա նաև գտնում է, որ ԱՄՆ նախագահը հաճախ է անդրադառնում Հարավային Կովկասին, քանի որ չկան արտաքին քաղաքական այլ հաջողություններ։

«Ավելին, Իսրայելի գործողությունները Գազայում, մինչ այդ՝ Քաթարում, խնդիր են ԱՄՆ-ի համար, ուստի սա այն թեման է, որը կարելի է շրջանառել, որպես հաջող արտաքին քաղաքական ձեռքբերում, թեև իրականում արդեն խոսեցինք բովանդակության մասին»,- նկատեց նա։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին էլ գտնում է, որ պայմանավորվածությունները կան, սակայն դրանք խոցելի են, երբ դրանցում ամենակարևոր տեղեկությունները միջնորդի անձն է, նրա անունն ու դիրքը և ոչ բուն պայմանավորվածությունները։

Նա շեշտում է՝ ղեկավարներն անցողիկ են, պաշտոնը հավերժ չէ, ուստի կարևորը և մնայունը պայմանավորվածություններն են։

«Այսինքն՝ կարևոր է, որ սա իսկապես խաղաղության հստակ երաշխիքի վերածվի, ամրապնդվի որոշումներով, որոնք բխում են թե կողմերի, թե ռեգիոնալ ուժերի շահերից։ Այս ֆոնին Իրանի ու Ռուսաստանի համար կարևոր է, որ ռեգիոնում իր գործունեությունը վերսկսի «3+3» ձևաչափը։ Պատահական չէր, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարարը Երևանին ու Բաքվին կոչ արեց ակտիվացնել հաջորդ հանդիպման պայմանավորվածությունը, որը պետք է տեղի ունենա կամ Երևանում, կամ Բաքվում։ Բացառված չէ, որ այս փուլում ռեգիոնալ մյուս երկրները չցուցաբերեն հետաքրքրություն այս հարթակի նկատմամբ, քանի որ այս հարթակը թույլ կտա Իրանին ու Ռուսաստանին առնչվել ռեգիոնալ որոշումներին, իսկ կողմերը որոշումները կայացնում են այլ միջնորդի մասնակցությամբ, նաև Թուրքիայի ազդեցությամբ, պայմանավորված թուրք-ադրբեջանական հարաբերություններով։ Ուստի, չնայած Ռուսաստանի ու Իրանի հետաքրքրվածությանը՝ հարթակն ակտիվ գործունեություն չի սկսում, հետևաբար՝ ազդեցություն չի ձևավորում»,- նման կարծիք հայտնեց Ալի Սալամին։

Տեսանյութեր

Լրահոս