«Ստում են՝ Արցախի իշխանություններն այդ առաջարկներից մեկին այնքան լուրջ էին վերաբերվել, որ պատվիրակության համար տոմսեր էին պատվիրել». Մետաքսե Հակոբյան

Այսօր խորհրդարանում հերթական նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը շատ լուրջ կերպարի մեջ մտած հարց էր բարձրացնում, թե պետք է սկսել այն հարցից, թե ինչո՞ւ են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հայտնվել Բաքվի բանտում։

Նա հիշեցրեց, թե «օրինակ, ժամանակին իշխանությունն իրեն Հայաստանում «մեջտեղից ճղում էր», հորդորելով, որպեսզի Արցախի իշխանությունը գնար Բաքվի հետ բանակցությունների», բայց իշխանությունը չգնաց։ Նա չթաքցրեց նաև, որ երբ իրենց իշխանությունը խոսում էր նշաձողի իջեցումից, ՀՀ ընդդիմությունը հակառակն էր պնդում։

ՔՊ-ական պատգամավորն իր ելույթն այնպես կառուցեց, որ իբր Ադրբեջանը արցախահայերի բռնի տեղահանության հետ որևէ առնչություն չունի, արցախահայերին Արցախից հանել է ընդդիմությունը։

Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսօր պատահմամբ է լսել Վահագն Ալեքսանյանի այս ելույթը, ասում է՝ այդ պատգամավորի նման ելույթներին ի սկզբանե չի ցանկացել պատասխանել կամ արձագանքել, սակայն չէր կարող նրան չասել, որ ինքն ու իր նմաններն են սովոր տեր կամ տերեր ունենալուն։

Կարդացեք նաև

«Ցավոք, այդ անձը ԱԺ բարձրագույն ամբիոնն օգտագործում է ժողովրդին խաբելու, մոլորեցնելու համար և ավելի խորացնելու այն ծանր վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը։

Ի տարբերություն իրեն ու իր խմբի, որոնք սովոր են տերեր ունենալուն, Արցախի ԱԺ-ն, որի պատգամավորը պատիվ ունեմ լինելու ես, երբևէ տեր չի ունեցել։ Մեր որոշումները մշտապես եղել են բացառապես մերը, դրանք եղել են ի շահ Արցախի ժողովրդի և երբեմն որոշումները կայացվել են ծայրահեղ իրավիճակում, որպեսզի զուտ պահպանեն Արցախի հայերի ֆիզիկական գոյությունը։

Մեկ բան կա, որը մշտապես պետք է ասեմ՝ Արցախը հանձնել է Նիկոլը, Ալենը և այդ շարքը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր մյուս հայրենակիցներին գերության են մատնել  Նիկոլն, Ալենը և իրենց ամբողջ շարքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Շարունակելով՝ Արցախի ԱԺ պատգամավորն ասաց՝ ՀՀ իշխանությունն այդ քայլին է գնացել ոչ թե չկարողանալու հետևանքով, այլ միտումնավոր է արել ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ իրենց ստորագրած փաստաթղթերի և բանավոր պայմանավորվածությունների արդյունքում։ Օրվա իշխանությունների կողմից Հայաստանում իշխանության զավթելու առաջնային նպատակը եղել է Արցախի ոչնչացումը և Արցախն առանց հայերի թողնելը։

«Սա իրենց խաղաղության օրակարգն է և այն խաղաղության օրակարգը, որն իրենք բերեցին Արցախի գլխին, նույն օրակարգն իրենք այսօր բերում են Հայաստան։ Այո այսօր Արցախում խաղաղություն է, այնտեղ չկա պատերազմ, կրակոցներ չկան, բայց առանց հայերի է։

Ինչ վերաբերում է իրենց նշաձողի իջեցմանը, ապա դա նշանակում էր ընդունել Արցախն Ադրբեջանի կազմում, և այդ ընդունումը պիտի լիներ արցախցիների ձեռքով, վերցնել ադրբեջանական անձնագրեր ու ապրել՝ որպես ադրբեջանցիներ։ Ես հասկանում եմ, որ այս օրակարգն իրենց համար լավագույնն ու ցանկալին է, բայց այն որևէ նորմալ հայ չէր կարող ընդունել։ Եթե մի կողմ դնենք դրա բոլոր քաղաքական հետևանքները, ապա այն զուտ ֆիզիկական առումով մեծ վտանգ էր Արցախում ապրող հայերի համար»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ ստիպված է ամեն անգամ ՀՀ իշխանությանը հիշեցնել, որ շարունակաբար, ուղիղ փաստերի դեմ ստում են։

«Իսկ փաստն այն է, որ մեզ երբևէ բանակցությունների առաջարկ չի արվել՝ Արցախի բանակցային գործընթացում մասնակցություն կամ երկխոսություն։ Այն բոլոր կեղծ ընթացքը, որը փաթեթավորվում էր՝ որպես բանակցային գործընթացի առաջարկ, որն իբրև թե առաջարկում են ՀՀ իշխանությունները՝ պայմանավորվածություն ունենալով Ադրբեջանի հետ, որն իբրև թե իրենց ասելով՝ մերժում էր Արցախը՝ սուտ է։ Ցանկացած առաջարկի, անկախ ներքին անհամաձայնություններից, Արցախի իշխանությունը պատրաստակամություն է  հայտնել հանդիպում ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Նախապես միայն խնդրել են ձևաչափը ճշտել, որը որևէ կերպ չի ճշտվել, չի ասվել։ Նույնիսկ մեկ անգամ Արցախի իշխանություններն այդ առաջարկներից մեկին այնքան լուրջ էին վերաբերվել, որ պատվիրակության համար տոմսեր էին պատվիրել, Ադրբեջանը վերջին պահին մեր երեսին ուղղակի ծիծաղեց՝ համարելով, որ մենք «մեծ-մեծ երազանքների մեջ ենք»»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, որ ստուգելը դժվար չէ, կարող են ստուգել, որ արցախյան կողմը պատվիրակության համար տոմսեր է գնել, որպեսզի գնան ադրբեջանական կողմի հետ բանակցելու, ինչն ադրբեջանական կողմից չեղարկվել է։

«Ինձ համար մեծագույն ցավ է, որ այսօր ստախոսների, անհայրենիքների մի խումբ զավթել է ԱԺ դահլիճը և օգտագործելով բարձրագույն ամբիոնը՝ շարունակում է խաբել, երկիրը հասցնելով մի կետի, որը գուցե անդառնալի կորուստ կլինի։ Հիշո՞ւմ եք, ժամանակին ասում էինք, որ մեղավորներ կարգելու են թե՛ Արցախի ժողովրդին, թե՛ Արցախի իշխանություններին, իրենք այսօր շարունակում են իրենց գործելաոճը։

Տարբեր հարթակներում, որտեղ մենք որպես առաջնային հարց՝ առաջ ենք քաշում Բաքվում գտնվող գերիների հարցը, բոլոր հարթակներից մեզ ասում են՝ ՀՀ իշխանությունը շահագրգռված չէ այդ հարցի դրական լուծմամբ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը,  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս