Փոխել են նաև արյան գին ունեցած և հաղթանակների խորհրդանիշ ՀՀ ԶՈւ մարտական դրոշը
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսից պարզ դարձավ, որ գործող իշխանությունները որոշել են փոխել ոչ միայն ՀՀ ԶՈւ զինանշանը, այլև՝ ԶՈւ մարտական դրոշը, որը, ինչպես կարելի էր նկատել կադրերից, կապույտ գույնի է, քանի որ բոլոր դետալները հեռվից կամ ուղիղ եթերից հնարավոր չէր մանրամասն դիտարկել, և փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, բայց ապարդյուն, մեր զանգերն ու նամակներն անպատասխան մնացին:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ փոփոխության ենթարկված Մարտական դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից, ձողից և ծոպափնջերով քուղերից:
Դրոշի պաստառն ուղղանկյունաձև էր, երկարությունը` 1450 մմ, լայնությունը` 1150 մմ: Այն կարված է երկտակ մետաքսե բալերանգ կարմիր կտորից` երեք կողմից երիզված 85 մմ երկարությամբ ոսկեգույն ծոպերով:
Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության մետաքսակար Զինանշանը` 310 մմ տրամագծով, որի վերին կիսաշրջանում ոսկեգույն մետաքսաթելով գործված է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» մակագրությունը` 75 մմ բարձրությամբ տառերով:
Պաստառի հակառակ կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մետաքսակար Զինանշանը` 180 մմ բարձրությամբ և լայնությամբ:
Զինանշանի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով գործված են զինվորական մասի թիվն ու անվանումը. թվանշանների բարձրությունը 100 մմ է, տառերինը` 75 մմ: Զինվորական մասի անվանագրության տառերի քանակից կախված` թվանշանների և տառերի չափերը կարող են փոքրացվել մինչև 60 մմ և 45 մմ:
Դրոշի ձողը փայտից է. երկարությունը` 2500 մմ, տրամագիծը` 40 մմ: Ձողի վերին ծայրին ամրացված է Հայաստանի Հանրապետության մետաղաձույլ Զինանշանը` 150 մմ տրամագծով:
Ձողի վերին ծայրից կախված է 1350 մմ և 1425 մմ երկարությամբ մեկական քուղ, յուրաքանչյուրի ծայրից` 150 մմ երկարությամբ հանգուցակալով ծոպափունջ:
ՀՀ զինված ուժերի Մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է համարվել: Այն, ըստ ժամանակին ընդունված ՀՀ նախագահի հրամանագրի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը»:
Ընդ որում, մարտի ժամանակ զինվորական մասի ողջ անձնակազմը պարտավոր է անձնազոհ և քաջաբար պաշտպանել Մարտական դրոշը և թույլ չտալ հակառակորդին տիրանալ նրան: Իսկ մարտական դրոշի կորստի դեպքում զինվորական մասի հրամանատարը և այդ անպատվության համար անմիջականորեն մեղավոր զինծառայողները ենթակա են զինվորական տրիբունալի դատին, իսկ զինվորական մասը` կազմալուծման:
Վերադառնանք մարտական նոր դրոշին և հավելենք, որ զորահանդեսի ժամանակ հաղորդավարը նշեց. «Զինված ուժերի մարտական նոր դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է: Այն Հայաստանի Հանրապետության բանակի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` հայրենիքին, ՀՀ-ին անձնվիրաբար ծառայելու, այն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր հատվածն անձնվիրաբար պահպանելու մասին»:
Այսինքն, ՀՀ ԶՈւ մարտական դրոշը փոփոխության են ենթարկել, հիմնական գաղափարը նույնն են թողել, սակայն գնացել են փոքր մեղմացումների: Եվ եթե անգամ հաստատված տրամաբանությունն էլ գործի՝ հայրենի հողի յուրաքանչյուր հատվածն անձնվիրաբար պահպանել, էլի լավ է, խնդիրն այն է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ, սահմանազատման և սահմանագծման գործընթացն էլ դեռ առջևում է: Ասել կուզենք՝ այն հատվածը, որն այսօր ՀՀ ԶՈւ հսկողության տակ է, վաղը կարող է չլինել:
Քանի որ Մարտական դրոշից խոսք գնաց, հավելենք, որ ամիսներ առաջ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո ՊԲ մարտական դրոշն այրելու հրաման է տրվել, և նման որոշում կայացնողները պատասխանատվության չեն ենթարկվել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ զրոյից բանակ ենք ստեղծում, նկատի ունի բանակի հաղթական պատմության խորհրդանիշները վերացնե՞լը, այդ դեպքում՝ ինչո՞ւ բանակից չի հեռացնում նախկինների բանակից ժառանգության ստացած զինվորականներին, մյուս կողմից՝ դրա կարիքը չկա, քանի որ նրանք լավ կերպափոխվում են գործող իշխանության տրամաբանությանը համահունչ, չնայած, երբ ասում է՝ զրոյից բանակ եմ ստեղծում, ջնջում է նաև նրանց զինվորական կենսագրությունները:
Հա՞շտ են դրա հետ, չկա՞ համարձակություն հասկացնելու, որ երկրի քաղաքական ղեկավարությունը բանակին առնչվող հայտարարություններում բառերը զգույշ ընտրի, գուցե Պաշտպանության նախարարը, ամեն դեպքում, ընդունի, որ նման հայտարարություններ անել չի կարելի, որ բանակը կենդանի օրգանիզմ է, որն ամեն օր պիտի զարգանա, որ այսօրվա գնածը վաղը կարող է դառնալ ոչ այնքան պիտանի, իսկ ժամանակակից պատերազմների դարում սպառազինությունն առավել շուտ է հնանում:



