Էներգառեսուրսների արտահանում և տարանցում. Միջերկրական ծովը մարտահրավեր է նետում Պարսից ծոցին

Մերձավորարևելյան ճգնաժամը փոխում է միջազգային առևտրային երթուղիները

Թվում է, թե մերձավորարևելյան ճգնաժամի խորապատկերին արևելյան Միջերկրական ծովն օպերատիվորեն վերածվում է Պարսից ծոցի նավթատրանզիտային և նավթաարտահանման անալոգի։

Առնվազն իրաքյան և մասամբ քուվեյթյան նավթն ավելի ակտիվ և ավելի մեծ ծավալով խողովակաշարերով փոխադրվում են Թուրքիայի և Սիրիայի նավահանգիստներ՝ հետագայում Հարավային և Կենտրոնական Եվրոպայի շուկաներ տեղափոխելու համար։

Բացի այդ, քննարկվում է ՀնդկաստանԱՄԷՍաուդյան ԱրաբիաՀորդանանՀայֆա (Իսրայելի հյուսիս) տարանցիկ միջանցքի նախագիծը, որը ենթադրում է նաև էներգառեսուրսների արտահանում:

Մասնավորապես, մոտ ժամանակներս Բաղդադի իշխանությունները ծրագրում են Քիրքուքի հանքավայրերից նավթի ծավալը խողովակաշարով մինչև Միջերկրական ծովի թուրքական Ջեյհան նավահանգիստ հասցնել օրական մինչև 500 000 բարել, ինչի մասին ապրիլի վերջին հայտարարել էր Իրաքի էներգետիկ գերատեսչությունը: Մարտի կեսերին Քիրքուքից Ջեյհան փոխադրվող նավթի օրական ծավալներն արդեն աճել են ավելի քան 15 տոկոսով՝ հասնելով օրական 250 հազար բարելի:

Ապրիլի 6-ին Իրաքը սկսել է հարավային Բասրա նահանգից (հիմնականում՝ Ռումեյիլա նավթագազային շրջան) և համանուն նավահանգստից երկրի հյուսիս՝ Քրդական ինքնավար շրջան, ավելի քան 650 կմ երկարությամբ գծով օրական մոտ 90,000 բարել նավթի տեղափոխումը՝ Ջեյհան նավթամուղով հետագա փոխադրման համար, որը շուտով այս երթուղով մատակարարումը կհասցնի օրական 340000 բարելի։

«Basra Oil Company»-ի ղեկավարը նշել է, որ Իրաքի նավթաարտահանման աշխարհագրության հարկադրված փոփոխությունը և հյուսիսային երթուղու նշանակության բարձրացումը պայմանավորված են երկրի հարավում իրացման ուղիների աշխատանքի խափանումներով՝ անվտանգության և օպերացիոն խնդիրների պատճառով։ Այս հայտարարությունը հնչել է՝ չնայած Թեհրանի՝ ապրիլին տված համաձայնությանը՝ թույլատրել իրաքյան նավթով տանկերների անցումն ու բեռնումը։

Ըստ որոշ տվյալների, այդ մատակարարումների մեջ դե Ֆակտո ներգրավվում է նաև հարևան Քուվեյթի հանքավայրերից եկող նավթը, քանի որ ԱՄՆ-ի հետ փոքր էմիրության սերտ կապերի պատճառով Իրանը փաստացի փակել է նրա համար Հորմուզի նեղուցը: Քուվեյթի նավթը մասամբ մղվում է նաև տրանսարաբական խողովակաշարով դեպի Կարմիր ծովի Յանբո տերմինալ, որտեղ մարտի երկրորդ կեսից ավելանում է նաև բուն սաուդյան նավթի պոմպացումը։

Մարտի վերջից Բանիյաս նավահանգիստները (Սիրիա և Տրիպոլի, Լիբանանի հյուսիս) ավելի ու ավելի են ներգրավվում Իրաքի հյուսիսային հանքավայրերից (Քիրքուք/Մոսուլ) նավթ մատակարարելու համար։ Այդ նավահանգիստներով տարանցումը վերսկսվել է 13 տարվա դադարից հետո։ Մուտքային նավթի մի մասը (ինչպես նախկինում) մշակվում է Բանիյասի վերամշակման գործարանում՝ որպես նավթամթերք հետագա արտահանման համար: Սիրիական պետական նավթային ընկերությունը մայիսի սկզբին հայտարարել է, որ Բանիյասի միջոցով իրաքյան նավթի մատակարարումների ծավալը շուտով կկազմի ամսական մինչև 500 հազար տոննա՝ հետագայում նախատեսվող աճով մինչև ամսական 620-640 հազար տոննա։

Պրոֆիլային պորտալի տեղեկատվության համաձայն՝ «վերջին տարիներին սիրիական կողմը պարբերաբար հայտարարել է իրաքյան էներգակիրների տարանցման համար խողովակաշարային ենթակառուցվածքի վերականգնման հարցում շահագրգռվածության մասին։  2026 թվականի ապրիլի սկզբին Իրաքի իշխանությունները հայտարարել էին Սիրիայի տարածքով նավթամթերքի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Սիրիական ուղղության օգտագործումն Իրաքին թույլ է տալիս մուտք գործել Միջերկրական ծովի նավահանգիստներ և մասամբ փոխհատուցել Պարսից ծոցով արտահանման ավանդական երթուղիների սահմանափակումները»:

Դեպի Բանիյաս տանող նավթամուղը՝ հարևան Տարտուս նավահանգիստ ու (Արևմտյան Սիրիայի տարածքով) դեպի լիբանանյան Տրիպոլի ճյուղավորումներով, կառուցվել է բրիտանական և ֆրանսիական ընկերությունների կողմից 1940-ական թվականների վերջին, 1950-ական թվականների կեսերին։ Հետագայում այն պատկանել է անգլո-ամերիկյան նավթային կարտելին, ժամանակ առ ժամանակ օգտագործվում էր, և միայն 1970-ական թվականների սկզբին Իրաքի ու Սիրիայի «բաասիստական» իշխանությունների կողմից ազգայնացվեց։

Ոչ միայն Իրաքի, այլև Իրանի համար «Միջերկրական ծովի ավազան տանող ցամաքային ածխաջրածնային միջանցքի հարցը վաղուց ի վեր ունի գերակա նշանակություն», նշում է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դասախոս, «Նավթ և խաղաղություն» հետաքրքիր աշխարհաքաղաքական հետաքննության հեղինակ Լեոնիդ Կրուտակովը։ 2010-ական թվականների երկրորդ կեսին եռակողմ բանակցություններ էին վարվում Քիրքուկ-Բանիյաս/Տրիպոլի «խողովակի» վերականգնման և Իրանի արևմուտքում Քիրքուկ-Քերմանշահ նախագծի (330 կմ երկարությամբ) շուրջ։

Սակայն 2011 թվականին Սիրիայում զանգվածային անկարգությունների մեկնարկից և 2014-2015 թվականներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման էքսպանսիայից հետո այդ բանակցություններն ընդհատվեցին։ Ամեն դեպքում, Քիրքուկ-Բանիյաս գիծը «Եվրասիայի խողովակաշարային ինտեգրման կարևոր տարրերից մեկն է, որը կհանգեցնի ԱՄՆ-ից անկախ՝ դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման համակարգի ստեղծմանը»։

Միաժամանակ, վերակենդանանում է Հնդկաստանի և Իսրայելի միջև մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի նախագիծը։ Financial Times-ը գրում է... «Հորմուզի նեղուցի արգելափակումը Մերձավոր Արևելքի պետություններում նոր հետաքրքրություն է առաջացրել գազատարների և նավթամուղերի նախագծերի նկատմամբ, որոնք թույլ կտային էներգառեսուրսներ արտահանել՝ անկախ նեղուցում տիրող իրավիճակից: Պարսից ծոցի երկրի պաշտոնյայի խոսքով՝ տարբերակներից մեկը Հնդկաստան-Մերձավոր Արևելք (ԱՄԷ)-Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել-Եվրոպա (IMCE) տնտեսական միջանցքի ենթակառուցվածքային նախագծի ակտիվացումն է: Այն ներառում էր, այդ թվում՝ խողովակաշարի անցկացումը Հայֆայում»։

Նշենք՝ սա վերաբերում է նաև նախկինում «բրիտանական» Քիրքուկ-Հադիթա (Սիրիա)-Հայֆա նավթամուղի վերակառուցմանը, որը կանոնավոր կերպով գործել է 1935-1948 թվականներին: Մղված նավթի մի մասը վերամշակվել է Հայֆայի նավթավերամշակման գործարանում, որտեղից նաև արտահանվել են նավթամթերքներ:

Հետագայում, արաբա-իսրայելական հակամարտության պատճառով, խողովակաշարը գործել է ընդհատումներով, ազգայնացվել, իսկ 1950-ականների վերջին դրա գործունեությունը դադարեցվել է: Այնուամենայնիվ, 1970-ականների վերջին, 1980-ականների երկրորդ կեսին և 2000-ականների սկզբին, իսկ ավելի ուշ՝ անհերքելի տեղեկություններ են հայտնվել ԱՄԷ-ից Հայֆայով նավթի և նավթամթերքի մասնակի արտահանման մասին, որտեղ դրանք մատակարարվում են Իսրայելից Էյլաթ (Կարմիր ծովի նավահանգիստ)-Բեեր Շեբա-Աշդոդ-Հայֆա խողովակաշարով:

Ավելի վաղ գրել էինք՝ Իսրայել-Հունաստան-Կիպրոսի Հանրապետություն «եռանկյունում» փոխգործակցության ամրապնդմանն ուշադիր հետևում են Թուրքիայում՝ լի վճռականությամբ՝ պահպանելու Մերձավոր Արևելքի, Կովկաս-Կասպյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսների արտահանման ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Այսպիսով, Արևելյան Միջերկրական ծովն ակտիվորեն վերափոխվում է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակություն ունեցող տարանցիկ անալոգի, ինչը կանխորոշում է ոչ միայն առևտրային օգուտներ, այլև ռազմաքաղաքական լարվածության նկատելի աճ։

Հ.Գ. Արաբական Միացյալ Էմիրությունները գրեթե կիսով չափ նոր նավթամուղ են կառուցել, որը կոչված է Հորմուզի նեղուցը շրջանցող նավթային արտահանման մի մասը դուրս բերել Ֆուջեյրա նավահանգիստ, որն Էմիրություններին ուղիղ ելք է տալիս դեպի Հնդկական օվկիանոս: Սկզբնապես գործարկումը նախատեսված էր 2027 թվականին, սակայն Աբու Դաբին ապահովագրում է մատակարարումները Պարսից ծոցում ձգձգվող ռազմական ճգնաժամի դեպքում:

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մասնակից պետությունները պատրաստվում են անկայունության երկար ժամանակահատվածի և ներդրումներ են կատարում ենթակառուցվածքներում, որոնք, ենթադրվում է, պետք է աշխատեն նույնիսկ Հորմուզի արգելափակման դեպքում:

Դմիտրի Նեֆյոդով

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031