Եթե Արցախի կորստից առաջ ալիբի ունեիք` չգիտեիք, թե ձեր հրամանատարն ինչերի է ընդունակ, ապա հիմա ձեր այդ ալիբին իսպառ կորսված է. Լիլիթ Բլեյան
Լիլիթ Բլեյանը գրում է. «ՖԲ ներկա և նախկին որոշ ընկերներ։
Որոշել եք մեղադրել զորահանդեսով չհիացողներին։
Թե բա` Երկիրը չե՜ք սիրում, էդ պատճառով չեք հիանում։
Պետությո՜ւնը ձեզ համար թանկ չի, ասում եք։
Վատն էն է, որ դուք, հենց դուք բոլորիցս լավ գիտեք, թե ո’վ իրականում չի սիրում էս երկիրը, ու ո’վ է իրականում էս պետությանն ամենաշատ վնասը հասցրել։ Ու շա՜տ լավ գիտեք, թե ինչքա’ն կարևոր ու թանկ է բանակը բոլորի, հատկապես` քննադատողների համար։ Ու որ «չհիացողները» բոլորովին այլ բան են ասում ու բոլորովին ա’յլ պատճառներով։
Լավ գիտեք, բայց տարբեր պատճառներով կանգնել եք մեր երկրին ու բանակին դժբախտություն բերածի կողքին։
Ու զորահանդեսն էլ ձեզ համար «հրաշալի է ու կարևոր», որովհետև հենց ձեր այդ գերագույն-գլխավորն է կազմակերպել` որպես նախընտրական շոու։ Ոչ թե` որովհետև դա մեր ընդհանուր, միակ բանակն է, որ սա մեր միակ պետությունն է (արդեն միակ), որ մեր բոլորի ընդհանուր շահն է և այլն։
Դուք ամեն ինչ ինքներդ շա՜տ լավ գիտեք։ Ու էդ պլաստիկ, միանման «մեղադրականների» իրական նպատակն էլ շատ լավ գիտեք։ «Ժողովրդի թշնամիներ» եք ձևավորում։
Թե բա` պետությո՜ւնը չեք սիրում։ Էդպես լավ չի, կամրադներ, ասեք` պա՜րտիան չեք սիրում։
Չպատմեմ էստեղ երկիրն իրականում սիրողների մասին։ Չէժանացնեմ էս օրը` պատմելով բոլորին հայտնի ու պարզ ճշմարտություններ։
Արագածն ընդդեմ Արարատի էժան թատրոնն արդեն մեզ լիուլի հերիք էր։
Սարդարապատի հերոսամարտի օրը Եկեղեցու դերը պետական մակարդակով անտեսելը արդեն լիուլի հերիք էր։
Հենց թեկուզ միայն դրանից բոլոր հասկացողները հասկացան ու զգացողները զգացին, թե ի’նչ աստիճանի խորքային է սուտը, որով մեզ կերակրում եք ձեր բոլոր «անաչառ», «պետականամետ» էջերից։
«Այսպիսի բան 30 տարում չէր եղել» ասողներն էլ շատ լավ գիտեն, որ շա’տ ավելի մեծ զորահանդեսներ են եղել այն «փիս տարիներին», երբ բանակը դեռ հաղթանակներ տոնելու համար էր դուրս գալիս հրապարակ։ Էն ժամանակ էլ կային մարդիկ, որ չէին հիանում ու քննադատում էին։ Քննադատելը կյանքի բնական մասն էր։ Ընդդիմադիր մամուլն էլ գրում էր – է՜՜՜՜, ինչեր էր գրում։ Կհիշեք, եթե ուզեք։
Հա, ձեզ ոչինչ ասել, բացատրել պետք չի, ամեն ինչ գիտեք ու դիտմամբ եք անում։
Բայց մի բան հաշվի առեք. եթե Արցախի կորստից առաջ ալիբի ունեիք` չգիտեիք, թե ձեր հրամանատարն ինչերի է ընդունակ, ապա հիմա ձեր այդ ալիբին իսպառ կորսված է։ Ու հիմա նրան սատարելն ուղիղ պատասխանատվություն է, որը դուք կրում եք` ձեր ընտրությամբ։
Շնորհավոր մեր հրաշալի, թանկ, միակ, անկրկնելի երկրի պետական տոնը»։



